Armenian      
Նույնականացման քարտերի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.12.2013

Հոդված 1. «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-286-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Քաղաքացին նույնականացման քարտ ստանում է կամավոր` 16 տարին լրանալու օրվանից:»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը «հանրային ծառայությունների համարանիշը» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքերի)» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Այն դեպքում, երբ քաղաքացին հրաժարվել է ձեռք բերել հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) կամ հրաժարվել է սոցիալական ապահովության քարտից կամ տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշից, ապա նույնականացման քարտը տրամադրվում է առանց հանրային ծառայությունների համարանիշը նույնականացման քարտում ամրագրելու:»:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. 2014 թվականի հունվարի 1-ից հետո դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրումը (փոխանակումը), բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

3. Մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը եւ օրենքով նախատեսված դեպքերում 2014 թվականի հունվարի 1-ից հետո տրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերը համարվում են վավերական Հայաստանի Հանրապետության տարածքում եւ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մինչեւ դրանց վավերականության ժամկետը լրանալը: Մինչեւ անձնագրի վավերականության ժամկետը լրանալը քաղաքացին սույն օրենքով սահմանված կարգով կարող է ստանալ նաեւ նույնականացման քարտ, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ նշված օրենքով նախատեսված անձնագիր, եւ իր ցանկությամբ նրան վերադարձվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված վավերական անձնագիրը: Մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը եւ օրենքով նախատեսված դեպքերում 2014 թվականի հունվարի 1-ից հետո տրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի վավերականության ժամկետը լրանալու դեպքում քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիր չի տրամադրվում (փոխանակվում), բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Անձնագրի վավերականության ժամկետը լրանալու դեպքում քաղաքացին օրենքով սահմանված կարգով կարող է ստանալ նույնականացման քարտ եւ (կամ) «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված անձնագիր, եւ իր ցանկությամբ նրան վերադարձվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիրը՝ դակելուց հետո:»:

Հոդված 4. Եզրափակիչ մաս

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

28.12.2013
ՀՕ-136