Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Դատական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 10.06.2014

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 11-րդ հոդվածի 4-րդ մասում «Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի (այսուհետ` Դատարանների նախագահների խորհուրդ) էթիկայի հանձնաժողովին» բառերը փոխարինել «Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին» բառերով:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11.1-ին հոդվածով.

«Հոդված 11.1. Գործերի պատահական բաշխման սկզբունքը

1. Դատավորների միջեւ գործերը բաշխվում են պատահական ընտրության սկզբունքի հիման վրա` սույն օրենսգրքի 2.1-ին գլխով սահմանված կարգով:»:

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21.1-ին հոդվածով.

«Հոդված 21.1. Դատական վիճակագրության վարումը եւ հրապարակայնության ապահովումը

1. Դատարանների գործունեության արդյունավետությունը, թափանցիկությունը եւ հանրության առջեւ հաշվետվողականությունն ապահովելու նպատակով դատարանները վարում են դատական վիճակագրություն:

2. Դատական վիճակագրությանը ներկայացվող պահանջներն են`

1) վիճակագրության օբյեկտիվությունը, հիմնավորվածությունը, անաչառությունը.

2) վիճակագրական տվյալների արժանահավատությունը, ճշտությունը, համադրելիությունը ժամանակի եւ տարածության մեջ.

3) վիճակագրական տեղեկատվության արդիականությունը, կայունությունը եւ ամբողջականությունը.

4) վիճակագրական ամփոփ տվյալների պարբերական հրապարակումը.

5) վիճակագրական տեղեկատվության մատչելիությունը, հրապարակայնությունը:

3. Կառավարությունը սահմանում է ըստ դատական գործի տեսակի դատական գործի վիճակագրական քարտի ձեւն ու բովանդակությունը, պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների (տեղեկությունների) ցանկը եւ հրապարակման կարգը, վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը: Պարտադիր հրապարակվող վիճակագրական տվյալները (տեղեկությունները) պետք է ներառեն առնվազն սույն հոդվածի 9-12-րդ մասերով նախատեսված տվյալները (տեղեկությունները):

4. Դատարանների նախագահների խորհուրդը սահմանում է դատական գործի վիճակագրական քարտի լրացման կարգը, դատական վիճակագրության վարման կարգը, ինչպես նաեւ, դատական իշխանության գործառույթների արդյունավետ իրականացման կարիքներից ելնելով, կարող է սահմանել դատական վիճակագրության վարման լրացուցիչ վիճակագրական դասակարգիչներ:

5. Վիճակագրական դասակարգիչներում փոփոխություններ կատարվելու դեպքում դրանք կիրառում են միայն փոփոխություններ կատարելուն հաջորդող տարվանից:

6. Դատական վիճակագրության հավաքումն ու վարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտը (այսուհետ` Դատական դեպարտամենտ):

7. Դատական դեպարտամենտը Դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ սահմանված կարգով եւ ժամկետներում Դատարանների նախագահների խորհրդի հաստատմանն է ներկայացնում դատարանների գործունեության կիսամյակային եւ տարեկան վիճակագրական տվյալների վերաբերյալ հաշվետվությունները:

8. Դատական դեպարտամենտն ապահովում է դատական գործի վիճակագրական քարտի հիման վրա հավաքված վիճակագրական տվյալների մատչելիությունը հանրության համար, բացառությամբ օրենքով նախատեսված հրապարակման ոչ ենթակա տեղեկատվության: Վիճակագրական տվյալները Դատական դեպարտամենտը հրապարակում է դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում՝ վիճակագրական տվյալների հրապարակման համար առանձնացված հատուկ բաժնում:

9. Առաջին ատյանի յուրաքանչյուր դատարանի եւ դատավորի վերաբերյալ՝ ըստ քրեական, քաղաքացիական եւ վարչական գործերի, հրապարակվում են մասնավորապես հետեւյալ տվյալները (տեղեկությունները).

1) դատավորների քանակը.

2) հաշվետու ժամանակահատվածի սկզբում նախորդ հաշվետու ժամանակահատվածից փոխանցված գործերի ընդհանուր քանակը.

3) հաշվետու ժամանակահատվածում ստացված գործերի ընդհանուր քանակը.

4) հաշվետու ժամանակահատվածում ավարտված գործերի ընդհանուր քանակը (այդ թվում՝ գործն ըստ էության լուծելու, գործի վարույթը կարճելու եւ այլ հիմքերով ավարտված).

5) հաշվետու ժամանակահատվածում կասեցված վարույթներով գործերի ընդհանուր քանակը.

6) գործի քննության միջին տեւողությունը՝ ըստ նիստերի քանակի.

7) գործի քննության միջին տեւողությունը՝ ըստ ժամանակի (հաշվարկի միավոր` ժամ) (այդ թվում՝ ըստ դատաքննության նախապատրաստության, դատաքննության եւ դատական ակտի կայացման փուլերի միջին տեւողության).

8) մինչդատական վարույթի գործերը՝ ըստ տեսակների.

9) հաշվետու ժամանակահատվածում անավարտ գործերի ընդհանուր քանակը.

10) բողոքարկված դատական ակտերի քանակը՝ ըստ տեսակների.

11) բեկանված դատական ակտերի քանակը՝ ըստ տեսակների:

10. Վերաքննիչ յուրաքանչյուր դատարանի, դատական կազմի եւ դատավորի վերաբերյալ հրապարակվում են մասնավորապես հետեւյալ տվյալները (տեղեկությունները).

1) սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-7-րդ, 9-11-րդ կետերով նախատեսված տվյալները (տեղեկությունները).

2) հաշվետու ժամանակահատվածում ստացված բողոքների ընդհանուր քանակը.

3) հաշվետու ժամանակահատվածում վերադարձված բողոքների ընդհանուր քանակը.

4) միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերը՝ ըստ ակտերի տեսակների եւ ըստ բողոքարկվող ակտը կայացրած դատարանների:

11. Վճռաբեկ դատարանի վերաբերյալ՝ յուրաքանչյուր պալատի մասով, հրապարակվում են սույն հոդվածի 9-րդ մասով, բացառությամբ 9-րդ մասի 4-6-րդ, 8-րդ, 9-րդ կետերով նախատեսված տեղեկությունների, ինչպես նաեւ սույն հոդվածի 10-րդ մասի 2-4-րդ կետերով նախատեսված տեղեկությունները: Սույն հոդվածի 9-րդ մասի 7-րդ կետով նախատեսված տեղեկությունները հաշվարկվում են ըստ օրերի:

12. Դատական դեպարտամենտի կողմից տարեկան՝ ոչ ուշ, քան մինչեւ հաջորդ տարվա հունվարի 31-ը, հրապարակվում են նաեւ հետեւյալ տվյալները (տեղեկությունները).

1) դատարանների բյուջեն, այդ թվում՝ ֆինանսական ծախսերի համեմատականը նախորդ հաշվետու ժամանակահատվածի հետ՝ ըստ դատարանների, դատավորների միջին աշխատավարձը եւ դրա համեմատականը նախորդ հաշվետու ժամանակահատվածի հետ.

2) վճարված պետական տուրքի ընդհանուր չափը.

3) դատավորների կարգապահական պատասխանատվության մասով՝ հարուցված կարգապահական վարույթների քանակը՝ ըստ վարույթ հարուցած սուբյեկտների եւ վարույթի հարուցման հիմքերի, Արդարադատության խորհրդի կողմից կարճված վարույթներով գործերի քանակը՝ ըստ վարույթ հարուցած սուբյեկտների, նշանակված կարգապահական տույժերի տեսակները, կարգապահական պատասխանատվության կրկնակիության դեպքերի ընդհանուր քանակը.

4) սույն հոդվածի 9-12-րդ մասերով նախատեսված տվյալների համեմատականը նախորդ տարվա տվյալների հետ:»:

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին գլխով.

«ԳԼՈՒԽ 2.1. ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

Հոդված 21.2. Առաջին ատյանի դատարանում գործերի բաշխման կարգը

1. Դատարան մուտքագրված քրեական, քաղաքացիական եւ վարչական գործերն անհապաղ մուտք են արվում համակարգչային ծրագիր եւ նույն օրը` ժամը 20:00-ին, հավասարաչափ բաշխվում են տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորների միջեւ՝ պատահական ընտրությամբ, եւ հաշվի չառնելով գործերի մուտքագրման հերթականությունը:

2. Եթե գործերը հավասարաչափ բաշխել հնարավոր չէ, ապա գործերը բաշխվում են այն հաշվով, որ համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորներից յուրաքանչյուրին հանձնված գործերի միջեւ տարբերությունը չգերազանցի մեկը: Տվյալ դեպքում հաջորդ օրը գործեր բաշխելիս առաջին հերթին մեկական գործ պատահական ընտրությամբ հանձնվում է այն դատավորներին, որոնք նախորդ օրվա բաշխման արդյունքում ստացել են ավելի պակաս թվով գործեր, իսկ մնացած գործերը բաշխվում են ընդհանուր կարգով՝ բոլոր դատավորների միջեւ:

3. Գործերի հանձնումը դատարանների նախագահներին, Արդարադատության խորհրդի կամ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի կամ ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամ հանդիսացող դատավորներին կատարվում է ընդհանուր կարգով, սակայն յուրաքանչյուր ամիս նրանց հանձնված գործերի քանակը պետք է մինչեւ քսանհինգ տոկոսով պակաս լինի տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացումն ունեցող մեկ դատավորին նախորդ 6 ամսվա ընթացքում հանձնված գործերի ամսական միջին քանակից:

4. Դատարանների նախագահների խորհուրդը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված տոկոսային միջակայքի շրջանակներում որոշում է դատարանների նախագահներին՝ ըստ դատարանների, Արդարադատության խորհրդի կամ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի կամ ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամ հանդիսացող դատավորներին հանձնվող գործերի կոնկրետ տոկոսաչափերը:

5. Դատարանների նախագահների խորհուրդը բացառիկ դեպքերում, հաշվի առնելով որեւէ դատարանում դատարանի նախագահի, Արդարադատության խորհրդի կամ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի կամ ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամ հանդիսացող դատավորի ծանրաբեռնվածությունը, կարող է սահմանել սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված առավելագույն տոկոսաչափը (քսանհինգ տոկոսը) գերազանցող տոկոսաչափեր:

6. Դատավորի վարույթում առանձնակի բարդության գործի (գործերի) առկայության դեպքում դատավորը կարող է դիմել Դատարանների նախագահների խորհրդին՝ առաջարկելով իր անուն-ազգանունը ժամանակավորապես հանել բաշխման ցանկից կամ սահմանել իրեն բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ: Այդ դեպքում Դատարանների նախագահների խորհուրդը կարող է որոշում կայացնել դատավորի անուն-ազգանունը ժամանակավորապես հանել բաշխման ցանկից կամ նախատեսել նրան բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ՝ դրա համար սահմանելով որոշակի ժամանակահատված, որը չի կարող գերազանցել 6 ամիսը, իսկ բացառիկ դեպքերում` 1 տարին:

7. Եթե դատավորը արձակուրդի մեջ է (ներառյալ՝ արձակուրդին նախորդող 20-օրյա ժամանակահատվածը) կամ գործուղվել է (ներառյալ՝ գործուղմանը նախորդող 20-օրյա ժամանակահատվածը եւ գործուղման ժամկետի ավարտին նախորդող 30-օրյա ժամանակահատվածը) կամ բացակայում է ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով, կամ նրա լիազորությունները կասեցվել են, կամ նրա պաշտոնավարման տարիքի ավարտին մնացել է 3 ամիս, ապա այդ դատավորի անուն-ազգանունը համապատասխան ժամկետով պետք է հանվի բաշխման ցանկից` նշելով իրավական հիմքը եւ ժամկետը:

8. Նոր դատավոր նշանակվելու դեպքում այդ դատավորին գործերի բաշխումը կատարվում է ընդհանուր կարգով:

9. Եթե ընդհանուր իրավասության դատարանն ունի նստավայրեր, որոնցում գործում է նույն մասնագիտացումն ունեցող առնվազն երկու դատավոր, ապա այդ դատարանի նախագահը, համաձայն օրենքով սահմանված ընդդատության կանոնների, որոշում է այն նստավայրը, որտեղ պետք է քննվի տվյալ գործը, իսկ գործերի բաշխումը այդ նստավայրում գործող դատավորների միջեւ կատարվում է սույն հոդվածով սահմանված ընդհանուր կարգով:

10. Եթե դատարանի նստավայրում առկա է միայն մեկ դատավոր, եւ օրենքով սահմանված ընդդատության կանոնների համաձայն` դատարանի նախագահը որոշել է, որ գործը պետք է քննվի տվյալ նստավայրում, ապա սույն հոդվածով նախատեսված գործերի բաշխման կարգը տվյալ նստավայրում չի կիրառվում, իսկ գործը հանձնվում է այդ դատավորին:

11. Այն դեպքում, երբ մուտքագրված գործը, համաձայն օրենքի, ենթակա է քննության դատավորների կոլեգիալ կազմով, ապա տվյալ գործը սույն հոդվածով սահմանված կարգով հանձնվում է դատական կազմը նախագահող դատավորին, իսկ դատական կազմի մյուս դատավորները որոշվում են սույն հոդվածով սահմանված կարգով:

12. Առանձին տեսակի գործերի բաշխման առանձնահատկությունները սահմանում է Դատարանների նախագահների խորհուրդը` հիմք ընդունելով սույն հոդվածով ամրագրված պատահական բաշխման սկզբունքը՝ այնքանով, որքանով այն իր էությամբ (mutatis mutandis) կիրառելի է այդ առանձնահատկությունների սահմանման նկատմամբ:

13. Գործն ըստ էության լուծող որոշումներ չպահանջող գործերի բաշխման կարգը սահմանում է Դատարանների նախագահների խորհուրդը:

Հոդված 21.3. Վերաքննիչ դատարանում գործերի բաշխման կարգը

1. Վերաքննիչ դատարան մուտքագրված գործերը դատավորներին (գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված բողոքների դեպքում՝ նախագահող դատավորներին) հանձնվում են սույն օրենսգրքի 21.2-րդ հոդվածի 1-8-րդ եւ 12-րդ մասերով սահմանված կարգով:

2. Գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերը եւ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերը համակարգչային ծրագիր են մուտքագրվում եւ բաշխվում միմյանցից առանձին:

3. Գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործերը կոլեգիալ կազմով քննելու համար վերաքննիչ դատարանում ձեւավորվում են երեքական դատավորից բաղկացած դատական կազմեր:

4. Վերաքննիչ դատարանների նախագահները սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ձեւավորվող դատական կազմերի մեջ չեն ընդգրկվում, նրանց հանձնվում են միայն գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված բողոքներով գործեր` սույն օրենսգրքի 21.2-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 6-րդ մասերով սահմանված կարգով, իսկ գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված բողոքների դեպքում նրանք փոխարինում են դատական կազմի բացակայող դատավորներին՝ Դատարանների նախագահների խորհրդի սահմանած դեպքերում եւ կարգով:

5. Դատական կազմը նախագահում է տվյալ կազմի այն անդամը, որին սույն հոդվածով սահմանված կարգով հանձնվել է կոնկրետ գործը:

6. Յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ին սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ձեւավորված դատական կազմերից մեկական անդամ հաջորդաբար՝ պատահական ընտրությամբ, մեկ դատական կազմից տեղափոխվում է մեկ այլ դատական կազմ:

Հոդված 21.4. Վճռաբեկ դատարանում գործերի բաշխման կարգը

1. Վճռաբեկ դատարանի պալատի կողմից բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում այդ գործը նույն օրը մուտքագրվում է համակարգիչ եւ տվյալ պալատի դատավորների միջեւ բաշխվում սույն օրենսգրքի 21.2-րդ հոդվածի 1-8-րդ եւ 12-րդ մասերով սահմանված կարգով: Բաշխման արդյունքում որոշվում է տվյալ գործով զեկուցող դատավորը:

2. Վճռաբեկ դատարանի նախագահին եւ պալատների նախագահներին գործ չի հանձնվում, եւ նրանց անուն-ազգանունը չի ներառվում բաշխման ցանկում, բացառությամբ այն դեպքերի, երբ վճռաբեկ դատարանի կամ վճռաբեկ դատարանի պալատի նախագահն այդ մասին գրավոր դիմում է Դատարանների նախագահների խորհրդին: Այդ դեպքում Դատարանների նախագահների խորհուրդը որոշում է կայացնում վճռաբեկ դատարանի կամ վճռաբեկ դատարանի պալատի նախագահի անուն-ազգանունը բաշխման ցանկում ներառելու մասին` սահմանելով նաեւ սույն օրենսգրքի 21.2-րդ հոդվածի 4-րդ կամ 5-րդ մասով նախատեսված տոկոսաչափը:

Հոդված 21.5. Գործերի վերաբաշխման կարգը

1. Եթե դատավորը գործուղվել է, կամ նրա գործուղման ժամկետն ավարտվել է, կամ եթե նա տեղափոխվել է այլ դատարան կամ տվյալ գործով հայտնել է ինքնաբացարկ կամ նախկինում մասնակցել է տվյալ գործի քննությանը, կամ նրա լիազորությունները կասեցվել, դադարել կամ դադարեցվել են, ապա տվյալ դատավորին հանձնված գործերը համակարգչային ծրագրի միջոցով պատահական ընտրությամբ հնարավորինս հավասարաչափ վերաբաշխվում են տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող այլ դատավորների միջեւ:

2. Դատավորի ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով բացակայելու դեպքում նրան հանձնված գործերի վերաբաշխման կարգը սահմանում է Դատարանների նախագահների խորհուրդը:

Հոդված 21.6. Դատարաններում գործերի բաշխման համակարգչային ապահովումը

1. Դատավորների միջեւ գործերի բաշխումը եւ սույն օրենսգրքի 21.3-րդ հոդվածով սահմանված դեպքերում կոլեգիալ դատական կազմերի ձեւավորումը կատարվում են հատուկ համակարգչային ծրագրի միջոցով:

2. Համակարգչային ծրագիրը գործարկելիս ապահովվում է տվյալների գաղտնիությունը` բացառելով հնարավոր արտաքին միջամտությունը:

3. Եթե անհաղթահարելի ուժի հետեւանքով գործերի բաշխումը հնարավոր չէ իրականացնել համակարգչային եղանակով, ապա գործերը՝ ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության, դատավորների միջեւ հավասարաչափ բաշխում է դատարանի նախագահը՝ դրանք մուտքագրվելուց հետո՝ անհապաղ: Այդ դեպքում դատարանի նախագահն անհապաղ այդ մասին գրավոր տեղեկացնում է վճռաբեկ դատարանի նախագահին եւ Դատարանների նախագահների խորհրդին:

4. Դատավորների միջեւ համակարգչային ծրագրի միջոցով իրականացվող գործերի բաշխման գործընթացին ապօրինի միջամտելն առաջացնում է քրեական պատասխանատվություն:»:

Հոդված 5. Օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենսգրքի 50-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 50. Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակը եւ իրավասությունը

1. Վճռաբեկ դատարանի գործունեության նպատակն է ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը։ Իր այդ առաքելությունն իրականացնելիս վճռաբեկ դատարանը պետք է ձգտի նպաստել իրավունքի զարգացմանը։

2. Վճռաբեկ դատարանն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով վճռաբեկ բողոքի հիման վրա վերանայում է վերաքննիչ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերանայման արդյունքում կայացված դատական ակտերը, ինչպես նաեւ վերաքննիչ դատարանի` օրենքով նախատեսված դեպքերում բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերը։

3. Վճռաբեկ դատարանը դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի եւ հիմնավորումների սահմաններում։

4. Վճռաբեկ դատարանի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է:»։

Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 50.1-ին հոդվածով.

«Հոդված 50.1. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը

1. Վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը հանգում է այն հետեւության, որ`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ oրենքի միատեսակ կիրառության համար, կամ

2) առերեւույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, կամ

3) առկա է նոր կամ նոր երեւան եկած հանգամանք։

2. Սույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ oրենքի միատեսակ կիրառության համար, մասնավորապես, եթե`

1) տարբեր գործերով ստորադաս դատարանների առնվազն երկու դատական ակտում միեւնույն նորմը կիրառվել է հակասական մեկնաբանությամբ.

2) բողոքարկվող դատական ակտում որեւէ նորմի մեկնաբանությունը հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասում բացահայտված` տվյալ նորմի սահմանադրաիրավական բովանդակությանը.

3) բողոքարկվող դատական ակտում որեւէ նորմի մեկնաբանությունը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.

4) բողոքարկվող դատական ակտում որեւէ նորմի մեկնաբանությունը հակասում է վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.

5) վճռաբեկ դատարանը համարում է, որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իմաստով դատական սխալը յուրաքանչյուր դատավարության համար սահմանվում է համապատասխան դատավարական օրենսգրքով։

4. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված։ Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման մեջ վճռաբեկ դատարանը պետք է հիմնավորի վճռաբեկ բողոքում վկայակոչված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` սույն հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով նախատեսված յուրաքանչյուր հիմքի բացակայությունը։

5. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունվելու դեպքում վճռաբեկ դատարանի վերջնական դատական ակտի պատճառաբանական մասը պետք է պարունակի տվյալ գործով սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից առնվազն մեկի առկայության հիմնավորումը։»։

Հոդված 8. Օրենսգրքի 64-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի (այսուհետ` Դատական դեպարտամենտ)» բառերը փոխարինել «Դատական դեպարտամենտի» բառերով:

Հոդված 9. Օրենսգրքի 68-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու դեպքում վճռաբեկ բողոքը (գրավոր ներկայացված տարբերակը) պարտադիր հրապարակվում է Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում, բացառությամբ այն դեպքերի, երբ վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել գործի քննությունը դռնփակ անցկացնելու մասին:»։

Հոդված 10. Օրենսգրքի 72-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 72. Դատարանների նախագահների խորհուրդը

1. Դատարանների նախագահների խորհուրդը դատական իշխանության մշտապես գործող ինքնակառավարման մարմին է:

2. Դատարանների նախագահների խորհրդի անդամներն են առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների նախագահները, վճռաբեկ դատարանի եւ նրա պալատների նախագահները: Խորհրդի անդամի բացակայության դեպքում նրա լիազորություններն իրականացնում է նրան դատարանի կամ պալատի նախագահի պաշտոնում փոխարինող անձը:

3. Դատարանների նախագահների խորհուրդը՝

1) մշակում է դատարանների գործունեության բարելավմանն ուղղված միջոցառումներ եւ առաջարկություններ, նման առաջարկություններ է ներկայացնում իրավասու պետական մարմիններին.

2) քննարկում է դատարանների եւ դատավորի անկախության հետ կապված կամ այն վտանգող յուրաքանչյուր հարց եւ առաջարկություններ է ներկայացնում իրավասու մարմիններին դրանց լուծման վերաբերյալ.

3) իրավասու պետական մարմիններին առաջարկություններ է ներկայացնում օրենքների եւ այլ իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ.

4) հաստատում է դատարանների գործավարության կանոնները.

5) կայացնում է Դատական դեպարտամենտի համար պարտադիր կատարման ենթակա որոշումներ.

6) հաստատում է դատավորի պատմուճանի նկարագրությունը, դատավորի աշխատասենյակի տիպային կահավորման ցանկը.

7) հաստատում է դատավորների վերապատրաստման կարգը.

8) մշակում եւ հաստատում է զանգվածային լրատվության միջոցների հետ դատարանների համագործակցության կանոնները.

9) սահմանում է դատարանների` օրենքով չսահմանված նստավայրերը եւ հաստատում է դատավորների` ըստ նստավայրերի բաշխման կարգը.

10) մշակում եւ հաստատում է դատավորների եւ դատարանների նախագահների գործուղման, արձակուրդի կամ հիվանդության դեպքերում նրանց փոխարինելու կարգը.

11) Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կամ որեւէ դատավորի դիմումի հիման վրա կարող է տալ դատական պրակտիկայում առաջացող իրավական հարցերի վերաբերյալ խորհրդատվական բնույթի պարզաբանումներ.

12) հաստատում է դատական ծառայության պաշտոնների անձնագրերը.

13) հաստատում է դատական ծառայության պաշտոնների անվանացանկը եւ հաստիքների քանակը` ըստ կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների.

14) սահմանում է դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար փակ մրցույթի անցկացման կարգը, ինչպես նաեւ բաց մրցույթում թեստավորման, հարցազրույցի անցկացման եւ թեկնածուների հատկանիշների գնահատման կարգը, մրցութային հանձնաժողովների ձեւավորման կարգը եւ դրանց աշխատակարգը.

15) սահմանում է դատական ծառայողի գործունեության գնահատման կարգը, չափանիշները եւ բնութագրի ձեւը.

16) հաստատում է դատական ծառայողների վերապատրաստում անցկացնելու կարգը.

17) հաստատում է Դատական դեպարտամենտի նախապատրաստած բյուջետային հայտը.

18) դատարանների ներկայացրած հայտերի հիման վրա մշակում է միջնաժամկետ ծախսերի ծրագիրը.

19) բաշխում է դատարանների պահուստային ֆոնդի միջոցները.

20) վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացմամբ նշանակում եւ հետ է կանչում Դատական դեպարտամենտի ղեկավարին.

21) Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ հաստատում եւ փոփոխում է դատական կարգադրիչների ծառայության կառուցվածքը եւ առանձնացված ստորաբաժանումների ցանկը.

22) Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ՝ պետական բյուջեի հատկացումների սահմաններում հաստատում է դատական կարգադրիչների հաստիքների թիվը` ըստ առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաեւ դատական կարգադրիչների ծառայության պաշտոնների անվանացանկը.

23) Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է դատական կարգադրիչներին որպես խրախուսանք շնորհվող կրծքանշանների տեսակները եւ ձեւերը.

24) Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է դատական կարգադրիչներին համազգեստ հատկացնելու եւ կրելու կարգը.

25) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

4. Դատարանների նախագահների խորհրդի հերթական նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան եռամսյակը մեկ: Դատարանների նախագահների խորհրդի արտահերթ նիստ գումարվում է խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի պահանջով` նրանց սահմանած օրակարգով:

5. Դատարանների նախագահների խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Խորհրդի անդամն իրավունք չունի ձեռնպահ մնալու որեւէ հարցի վերաբերյալ քվեարկելուց:

6. Դատարանների նախագահների խորհրդի նիստերին կարող են հրավիրվել խորհրդի անդամ չհանդիսացող դատավորներ, ինչպես նաեւ այլ անձինք:

7. Դատարանների նախագահների խորհուրդն ապահովում է նիստերի ողջ ընթացքի տեսաձայնագրությունը, իսկ ըստ անհրաժեշտության՝ նաեւ ուղիղ հեռարձակումը նիստերի դահլիճից դուրս` հանրության համար մատչելի տարածքում:

8. Դատարանների նախագահների խորհուրդը գործում է իր հաստատած կանոնակարգին համապատասխան:

9. Դատարանների նախագահների խորհուրդն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով եւ «Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդ» գրառմամբ կնիք:»:

Հոդված 11. Օրենսգրքի 74-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 74. Դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովները

1. Դատավորների ընդհանուր ժողովն իր կազմից ձեւավորում է էթիկայի եւ կարգապահական հարցերի, ինչպես նաեւ ուսումնական հարցերի հանձնաժողովները:

2. Հանձնաժողովներն իրականացնում են սույն օրենսգրքով իրենց վերապահված լիազորությունները:

3. Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում ընդգրկվում է 7 անդամ, որոնցից երկուսը՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների դատավորներից, երկուսը՝ Հայաստանի Հանրապետության մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների դատավորներից, իսկ երեքը՝ վերաքննիչ դատարանների դատավորներից: Դատարանների նախագահները եւ Արդարադատության խորհրդի անդամները չեն կարող ընդգրկվել էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում:

4. Ուսումնական հարցերի հանձնաժողովի կազմում ընդգրկվում է 5 անդամ, որոնցից մեկը՝ վճռաբեկ դատարանից, մեկը՝ վերաքննիչ դատարաններից, երեքը՝ առաջին ատյանի դատարաններից:

5. Դատավորների ընդհանուր ժողովի անդամը կարող է առաջադրվել որպես հանձնաժողովի անդամ ինքնաառաջադրման կամ Դատավորների ընդհանուր ժողովի որեւէ այլ անդամի կողմից առաջադրվելու եղանակով:

6. Հանձնաժողովների անդամներն ընտրվում են Դատավորների ընդհանուր ժողովի անդամների կողմից` գաղտնի քվեարկությամբ` 4 տարի ժամկետով:

7. Քվեարկությունն անցկացվում է առանձին քվեաթերթիկներով՝ ըստ սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված՝ դատարանների բաժանման: Քվեաթերթիկում ներառվում են համապատասխան դատարանի (դատարանների) բոլոր այն դատավորների անունները, որոնք առաջադրվել են սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով: Քվեաթերթիկում յուրաքանչյուր թեկնածուի անուն-ազգանունից հետո գրվում են «կողմ եմ» բառերը` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունում: Քվեարկելիս դատավորն ունի մեկ ձայնի իրավունք: Ընտրված են համարվում առավել շատ ձայներ ստացած թեկնածուները: Ձայների հավասարության դեպքում ընտրված է համարվում այն թեկնածուն, որն ունի դատավորի պաշտոնում պաշտոնավարման ավելի երկար ստաժ, իսկ ստաժի հավասարության դեպքում` այն թեկնածուն, որն ունի ավելի երկար մասնագիտական աշխատանքային ստաժ:

8. Դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովների անդամների թեկնածուներին գրանցելու, ինչպես նաեւ քվեարկությունը կազմակերպելու, քվեարկողների ձայները հաշվելու եւ քվեարկությունների արդյունքներն ամփոփելու նպատակով Դատավորների ընդհանուր ժողովը կազմավորում է հաշվիչ հանձնաժողով՝ կազմված 5 անդամից, որոնց ընտրում է Դատավորների ընդհանուր ժողովը՝ բաց քվեարկությամբ: Դատավորները կարող են առաջադրվել որպես հաշվիչ հանձնաժողովի անդամ ինքնաառաջադրման կամ Դատավորների ընդհանուր ժողովի որեւէ այլ մասնակցի կողմից առաջադրվելու եղանակով: Հաշվիչ հանձնաժողովի գործունեության կարգը սահմանվում է Դատավորների ընդհանուր ժողովի կանոնակարգով:

9. Յուրաքանչյուր հանձնաժողով իր կազմից` հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ ընտրում է հանձնաժողովի նախագահ, որը ղեկավարում է հանձնաժողովի ընթացիկ գործունեությունը:»:

Հոդված 12. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում «Դատարանների նախագահների խորհրդի ուսումնական հարցերով հանձնաժողովին» եւ «Դատարանների նախագահների խորհրդի ուսումնական հարցերով հանձնաժողովի» բառերը համապատասխանաբար փոխարինել «Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերով հանձնաժողովին» եւ «Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերով հանձնաժողովի» բառերով:

Հոդված 13. Օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերում, 73-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում, 76-րդ հոդվածի 5-րդ մասում, 78-րդ հոդվածի 2-րդ մասում, 92-րդ հոդվածի 6-րդ մասում, 95-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում «Դատարանների նախագահների խորհրդի էթիկայի» բառերը համապատասխանաբար փոխարինել «Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի» բառերով:

Հոդված 14. Օրենսգրքի 96-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Դատավորը պարտավոր է օրենքով սահմանված կարգով ներկայացվող հայտարարագրի պատճենը ուղարկել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին:»:

Հոդված 15. Օրենսգրքի 98-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1 Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել կամ նշանակվել Արդարադատության խորհրդի անդամ:».

2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական անդամ կարող է նշանակվել այն անձը, որն ունի գիտաուսումնական կազմակերպություններում վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն 3 տարվա աշխատանքի փորձ:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական անդամներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանված համապատասխան միջոցների հաշվին Դատական դեպարտամենտը վճարում է ամսական հատուցում` նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:»:

Հոդված 16. Օրենսգրքի 99-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «երկու անդամ» բառերից հետո լրացնել «՝ համապատասխանաբար քրեական եւ քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորներից» բառերով:

Հոդված 17. Օրենսգրքի 104-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 106-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 18. Օրենսգրքի 107-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Արդարադատության խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը:»:

Հոդված 19. Օրենսգրքի 111-րդ հոդվածի 5-րդ մասում`

1) առաջին նախադասությունը «համաձայնություն տալու վերաբերյալ» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ դատավորների թեկնածությունների եւ դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները կազմելու հետ կապված» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Արդարադատության խորհրդի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք Արդարադատության խորհրդում ընդունված ցանկացած որոշման վերաբերյալ: Եթե Արդարադատության խորհրդի անդամը որոշման վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա այդ մասին նշում է արվում Արդարադատության խորհրդի որոշման մեջ, եւ հատուկ կարծիքը կցվում է որոշմանը:»:

Հոդված 20. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Դատական դեպարտամենտին հանձնարարություններ տալու իրավունք ունեն Արդարադատության խորհուրդը՝ աշխատակարգային որոշումներ ընդունելու միջոցով, խորհրդի այն անդամը, որին խորհրդի որոշմամբ տրվել են հանձնարարություններ, Դատարանների նախագահների խորհրդի կանոնակարգով սահմանված կարգով` Դատարանների նախագահների խորհուրդը, իսկ Դատավորների ընդհանուր ժողովի կանոնակարգով սահմանված կարգով՝ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը, Դատավորների ընդհանուր ժողովի ուսումնական հարցերի հանձնաժողովը:»:

Հոդված 21. Օրենսգրքի 115-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «2-ով» բառը փոխարինել «4-ով» բառով, իսկ «1-ով» բառը՝ «2-ով» բառով.

2) 3-րդ մասը «անցողիկ միավորը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ Արդարադատության խորհուրդ ներկայացված հավակնորդների վերաբերյալ սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ հարցումների իրականացման կարգը, հարցման շրջանակում ընդգրկված մարմինների ցանկը եւ հարցման նպատակով կիրառվող գրավոր հարցաթերթիկների ձեւը» բառերով.

3) 3.1-ին մասի առաջին նախադասությունը «Քննական հարցերի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 115.2-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված հոգեբանական թեստի» բառերով.

4) 4-րդ մասի «22» թիվը փոխարինել «28» թվով, իսկ նույն մասը «իրավունքից,» բառից հետո լրացնել «ունեն առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ,» բառերով:

Հոդված 22. Օրենսգրքի 115.1-ին հոդվածի 4-րդ մասում «115.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով» բառերը փոխարինել «115.2-րդ հոդվածով» բառերով:

Հոդված 23. Օրենսգրքի 115.2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 115.2. Որակավորման գրավոր քննությունը

1. Որակավորման գրավոր քննությունն անցկացվում է համապատասխանաբար քրեական, քաղաքացիական կամ վարչական մասնագիտացման ոլորտում թեստերի միջոցով, որոնք պարունակում են իրավական խնդիրներ՝ առաջադրված փաստական հանգամանքների նկատմամբ իրավունքի նորմերը վերլուծելու եւ կիրառելու պահանջով:

2. Իրավական խնդրում ներկայացված յուրաքանչյուր հանգամանք վեր հանելու, վերլուծելու եւ իրավական որակում տալու համար տրվում է համապատասխան միավոր՝ կախված հանգամանքների բարդությունից:

3. Սույն հոդվածով նախատեսված գրավոր քննության ժամանակ հավակնորդին կարող են տրամադրվել հանձնարարվող խնդիրների փաստական հանգամանքների վերաբերյալ նյութեր, ինչպես նաեւ խնդրի լուծման համար անհրաժեշտ տեսական գրականություն եւ իրավական ակտեր, որոնց շրջանակը որոշում է (են) սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված կարգով ընտրված համապատասխան մասնագետը (մասնագետները) կամ մասնագիտացված կազմակերպությունը:

4. Թեստերը կարող են պարունակել նաեւ բազմակի ընտրության հարցեր:

5. Սույն հոդվածով նախատեսված թեստն ուղղված է, բացի ակադեմիական գիտելիքներից, նաեւ հավակնորդի վերլուծական կարողությունների, բարդ տեքստերի համակարգված, արագ ըմբռնման կարողությունների ստուգմանը:

6. Թեստի ժամանակ հարցերն ընտրվում են պատահականության սկզբունքով: Թեստի անցկացման համար նախատեսված հարցերի ընդհանուր քանակը, որից կատարվում է հարցերի ընտրությունը, պետք է առնվազն կրկնակի գերազանցի մեկ թեստի համար նախատեսված հարցերի քանակը:

7. Արդարադատության խորհուրդը սահմանում է սույն հոդվածով նախատեսված թեստի անցկացման համար մշակման ենթակա տարբերակների նվազագույն քանակը:

8. Որակավորման գրավոր քննության օրվանից առնվազն 10 օր առաջ Արդարադատության խորհրդի աշխատակազմը հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում եւ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է սույն հոդվածով նախատեսված որակավորման գրավոր քննության առաջադրանքների առնվազն մեկ նմուշօրինակ:

9. Սույն հոդվածով նախատեսված որակավորման գրավոր քննության արդյունքներով անցողիկ միավորներ հավաքած հավակնորդները անցնում են հոգեբանական թեստ` ուղղված պատասխանատվության զգացման, ունկնդրելու կարողության, ինքնատիրապետման, հեղինակության (ազդեցության) չափավոր կիրառման եւ դատավորի աշխատանքի համար անհրաժեշտ ոչ մասնագիտական այլ հատկանիշների ստուգմանը:

10. Հոգեբանական թեստի արդյունքներն ունեն միայն խորհրդատվական նշանակություն, ենթակա չեն հրապարակման եւ տրամադրվում են միայն Արդարադատության խորհրդի անդամներին՝ խորհրդում հարցազրույցի անցկացումից հետո մինչեւ ամփոփիչ քննարկումը: Հոգեբանական թեստի արդյունքները դատավորների թեկնածությունների ցուցակը Հանրապետության Նախագահի կողմից հաստատվելուց հետո ենթակա են ոչնչացման:»:

Հոդված 24. Օրենսգրքի 115.3-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «115.2-րդ հոդվածի 1-ին մասով» բառերը փոխարինել «115.2-րդ հոդվածով» բառերով, իսկ «յուրաքանչյուր փուլի» եւ «համապատասխան փուլի» բառերը հանել.

2) 4-րդ մասի առաջին նախադասությունը «գիտնականի թեկնածություն» բառերից հետո լրացնել «՝ վերջիններիս համաձայնությամբ» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.

«6.1. Գնահատման եւ բողոքարկման հանձնաժողովների անդամներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանված համապատասխան միջոցների հաշվին Դատական դեպարտամենտը վճարում է հատուցում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով:».

4) 12-րդ մասի «հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով» բառերը փոխարինել «հոդվածով» բառով.

5) 15-րդ մասից հանել «հնարավորինս» բառը.

6) 16-րդ մասի «հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով» բառերը փոխարինել «հոդվածով» բառով.

7) 21-րդ մասը «պատճենը» բառից հետո լրացնել «՝ սույն հոդվածի 17-րդ մասով նախատեսված նշումներով» բառերով.

8) 29-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«29. Բողոքարկման հանձնաժողովը բողոքները քննում է բողոքի հիմքերի եւ հիմնավորումների սահմաններում: Բողոքարկման արդյունքներով կայացված որոշումները պատճառաբանվում են: Դրանք անհապաղ հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում՝ նշելով սկզբնական եւ բողոքարկման արդյունքում ստացված միավորները».

9) 31-րդ մասի «նոյեմբերի 25-ը» բառերը փոխարինել «նոյեմբերի 15-ը» բառերով.

10) 32-րդ մասի «115.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված գրավոր քննության երկրորդ փուլի» բառերը փոխարինել «115.2-րդ հոդվածով նախատեսված գրավոր քննության» բառերով:

Հոդված 25. Օրենսգրքի 116-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «115.2-րդ հոդվածի 1-ին մասով» բառերը փոխարինել «115.2-րդ հոդվածով» բառերով.

2) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությունով. «Պետական մարմինները եւ պաշտոնատար անձինք նշված տեղեկությունները պարտավոր են տրամադրել նաեւ Արդարադատության խորհրդի պահանջով:».

3) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Արդարադատության խորհրդի աշխատակազմը Արդարադատության խորհրդի սահմանած կարգով գրավոր եւ բանավոր հարցումներ է կատարում հավակնորդի աշխատավայր, բարձրագույն ուսումնական հաստատություններ եւ հավակնորդի հետ առնչվող այլ հաստատություններ՝ հավակնորդի մասնագիտական որակների եւ անձնական հատկանիշների վերաբերյալ, ինչպես նաեւ հարկային եւ Արդարադատության խորհրդի սահմանած այլ վարչական մարմիններից օրենքով սահմանված կարգով ստանում է հավակնորդին վերաբերող անհատական տվյալներ։ Արդարադատության խորհրդի աշխատակազմը Արդարադատության խորհրդի սահմանած կարգով իրականացնում է նաեւ հավակնորդի ներկայացրած փաստաթղթերի հավաստիության ստուգում:».

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Արդարադատության խորհրդում հարցազրույցին մասնակցող անձինք իրավունք ունեն դիմելու եւ դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան Արդարադատության խորհրդում հարցազրույցին նախորդող օրը ծանոթանալու սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված իրենց անձնական գործին:»:

Հոդված 26. Օրենսգրքի 117-րդ հոդվածում`

1) 4-րդ մասի «հարցաթերթերի եւ ամփոփիչ քննարկման ժամանակ արտահայտված կարծիքների հիման վրա» բառերը փոխարինել «հարցաթերթերի, ամփոփիչ քննարկման ժամանակ արտահայտված կարծիքների եւ Արդարադատության խորհրդի անդամների կողմից ներկայացված հատուկ կարծիքների հիման վրա» բառերով.

2) 7-րդ մասը «զեկույցները» բառից հետո լրացնել «` Արդարադատության խորհրդի անդամների ներկայացրած հատուկ կարծիքների հետ» բառերով.

3) 8-րդ մասի «` իր համար ընդունելի թեկնածություններով» բառերը փոխարինել «կամ այն վերադարձնում է Արդարադատության խորհուրդ՝ պահանջելով նոր քննարկում» բառերով.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-11-րդ մասերով.

«9. Արդարադատության խորհուրդը Հանրապետության Նախագահի վերադարձրած թեկնածությունների ցուցակը ստանալու օրվան հաջորդող տասնհինգօրյա ժամկետում Հանրապետության Նախագահին է ուղարկում փոփոխված ցուցակ կամ կարող է Հանրապետության Նախագահին ներկայացնել անփոփոխ ցուցակ, եթե դրա օգտին է քվեարկում խորհրդի անդամների երկու երրորդը:

10. Հանրապետության Նախագահի կողմից թեկնածությունների ցուցակը վերադարձվելու դեպքում Արդարադատության խորհուրդն իրավունք ունի ըստ անհրաժեշտության կրկին հրավիրելու եւ լսելու սույն օրենսգրքի 116.1-ին հոդվածով սահմանված կարգով խորհրդում հարցազրույցի ներկայացած հավակնորդներին:

11. Հանրապետության Նախագահի կողմից թեկնածությունների ցուցակը վերադարձվելու դեպքում Արդարադատության խորհրդում հարցազրույցի, թեկնածությունների ցուցակը կազմելու ու հաստատելու վրա տարածվում են սույն օրենսգրքի 116-րդ եւ 117-րդ հոդվածների դրույթները:»:

Հոդված 27. Օրենսգրքի 115-117-րդ հոդվածներում «քննությունների» բառը եւ դրա համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «քննության» բառով եւ դրա համապատասխան հոլովաձեւերով, իսկ 118-րդ հոդվածը «սահմանված հիմքով» բառերից հետո լրացնել «, կամ որոնց լիազորությունները դադարել են սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված հիմքով» բառերով:

Հոդված 28. Օրենսգրքի 154-րդ հոդվածում՝

1) վերնագրի եւ տեքստի «էթիկայի» բառը փոխարինել «Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի» բառերով.

2) 1-ին մասի երրորդ նախադասության «կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ դիմում է Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին» բառերը փոխարինել «հարուցում է կարգապահական վարույթ սույն օրենսգրքի 155-րդ հոդվածով սահմանված կարգով» բառերով:

Հոդված 29. Օրենսգրքի 155-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ կետի եւ 4-րդ մասի «Արդարադատության խորհրդի կարգապահական» բառերը փոխարինել «Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի» բառերով.

2) 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) վճռաբեկ դատարանի նախագահը` էթիկայի եւ կարգապահական կանոնների խախտման հիմքերով.

2) Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը՝ միայն էթիկայի կանոնների խախտման հիմքով:».

3) 3-րդ մասի «Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը՝ Դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի միջնորդությամբ» բառերը փոխարինել «Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը» բառերով.

4) 4-րդ մասը «տեղեկացնում է արդարադատության նախարարին, իսկ» բառերից հետո լրացնել «էթիկայի կանոնների խախտման հիմքով՝» բառերով.

5) 5-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 30. Օրենսգրքի 156-րդ հոդվածի 5-րդ մասում, 159-րդ հոդվածի 1-ին մասում եւ 166.1-ին հոդվածի 2-րդ մասում «Արդարադատության խորհրդի կարգապահական» բառերը փոխարինել «Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի» բառերով:

Հոդված 31. Օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի «Եթե կարգապահական վարույթը հարուցվել է Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից, ապա վարույթ հարուցած կարգապահական հանձնաժողովի անդամները խորհրդակցական սենյակում ներկա չեն գտնվում:» նախադասությունը հանել:

Հոդված 32. Օրենսգրքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությունում, 78-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում, 166.1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում «էթիկայի» բառը փոխարինել «էթիկայի եւ կարգապահական հարցերի» բառերով, իսկ 159-րդ հոդվածի 1-ին մասում «կարգապահական հանձնաժողովի հանձնարարությամբ» բառերը փոխարինել «էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի հանձնարարությամբ» բառերով:

Հոդված 33. Օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ եւ երրորդ նախադասությունները հանել:

Հոդված 34. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովն առանց կարգապահական վարույթ հարուցելու լիազորության շարունակում է իրականացնել իր լիազորությունները մինչեւ իր հարուցած կարգապահական վարույթներն ավարտելը, բայց ոչ ավելի, քան երեք ամիս ժամկետով: Նշված ժամկետն ավարտվելուց հետո չավարտված կարգապահական վարույթները փոխանցվում են Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին:

3. Մինչեւ դատարաններում գործերի թվայնացման եւ թվայնացված փաստաթղթերի շրջանառությունն ապահովող համակարգի ներդրումը դատական գործի նյութերը դատավորներին տրամադրվում են թղթային կրիչով, իսկ թվայնացված փաստաթղթերի շրջանառությունն ապահովող համակարգի ներդրումից հետո՝ էլեկտրոնային եղանակով եւ թղթային կրիչով:

4. Սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 21.3-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դատական կազմերն առաջին անգամ ձեւավորվում են պատահական ընտրությամբ՝ համակարգչային ծրագրի միջոցով:

5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է դատական վիճակագրության վարման համար պարտադիր վիճակագրական դասակարգիչները, պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների (տեղեկությունների) ցանկը եւ հրապարակման կարգը, վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը:

6. Սույն օրենքի 6-րդ եւ 8-րդ հոդվածների գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջին ատյանի դատարանների կողմից կայացվող դատական ակտերի, դրանց դեմ բերվող վերաքննիչ բողոքների եւ այդ բողոքների քննարկման արդյունքում կայացվող դատական ակտերի, վերաքննիչ դատարանի դատական ակտերի դեմ բերվող վճռաբեկ բողոքների եւ այդ բողոքների քննարկման արդյունքում կայացվող դատական ակտերի վրա։



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

21.06.2014
ՀՕ-47