ՕՐԵՆՔԸ
«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում՝
1) «շուկայի կանոններ» հասկացության մեկնաբանությունում «էլեկտրաէներգետիկական համակարգում» բառերը փոխարինել «էներգետիկայի բնագավառում» բառերով, իսկ «համակարգի» բառը՝ «բնագավալ» բառով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«վթարային կամ անհաղթահարելի ուժի հետեւանքով առաջացած իրավիճակ՝ էլեկտրաէներգետիկական համակարգում առաջացած իրավիճակ, երբ պատվիրված պահուստային հզորություններով հնարավոր չէ իրականացնել տնտեսական կարգավարում.
տարանցիկ փոխադրում՝ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով էլեկտրական էներգիայի (հզորության) տարանցիկ փոխադրում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք` մուտքի մաքսային մարմնից մինչեւ ելքի մաքսային մարմին.
հավասարակշռում՝ էլեկտրական էներգիայի (հզորության) ներկրման, արտահանման կամ տարանցիկ փոխադրման ընթացքում էլեկտրական էներգիայի (հզորության) պակասուրդի կամ ավելցուկի տնտեսական կարգավարում:»:
Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածում՝
1) «ժ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ժ) լիցենզիայի պայմանների կատարման, վերահսկման, հանձնաժողով ներկայացված հաշվետվությունների ու տեղեկությունների հավաստիության ուսումնասիրության նպատակով իրականացնում կամ կազմակերպում է լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգ (մշտադիտարկում) Հանձնաժողովի ընդունած կարգով.».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժզ» եւ «ժէ» կետերով.
«ժզ) սահմանում է էլեկտրաէներգետիկական համակարգում Հայաստանի Հանրապետության տարածքով էլեկտրական էներգիայի (հզորության) տարանցիկ փոխադրման եւ հավասարակշռման կարգը.
ժէ) սահմանում է էլեկտրաէներգետիկական համակարգում վթարային կամ անհաղթահարելի ուժի հետեւանքով առաջացած իրավիճակների ժամանակ էլեկտրական էներգիայի (հզորության) ներկրման եւ արտահանման կարգը:»:
Հոդված 3. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Էլեկտրական էներգիայի (հզորության) արտահանման լիցենզիա ունեցող անձին տրվում է էլեկտրական էներգիա (հզորություն) գնելու եւ (կամ) իր արտադրած էլեկտրական էներգիան (հզորությունը) շուկայի կանոններին եւ լիցենզիայի պայմաններին համապատասխան արտահանելու իրավունք:»:
Հոդված 4. Օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձի համար Հանձնաժողովի կողմից էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումն ուժի մեջ մտնելու պահից տասնհինգ տարվա ընթացքում փոքր հիդրոէլեկտրակայանների կողմից եւ էներգիայի վերականգնվող այլ ռեսուրսների (հողմային, արեգակնային, երկրաջերմային եւ կենսազանգվածի) կիրառմամբ էլեկտրակայանների կողմից քսան տարվա ընթացքում արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիան (հզորությունը) ենթակա է գնման` շուկայի կանոններով սահմանված կարգով:
Սույն կետով սահմանված ժամկետի ավարտից հետո փոքր հիդրոէլեկտրակայաններից եւ էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիան (հզորությունը) ենթակա է գնման մինչեւ 2016 թվականի հուլիսի 1-ը:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
17.07.2014
ՀՕ-98