ՕՐԵՆՔԸ
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի 58-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 58. Քաղաքապետի լիազորությունները անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառներում
1. Քաղաքապետն անասնաբուժության եւ բուսասանիտարիայի բնագավառներում իրականացնում է պետության պատվիրակած հետեւյալ լիազորությունները՝
1) աջակցում է անասնահակահամաճարակային տարեկան միջոցառումների պետական ծրագրի իրականացման աշխատանքներին.
2) աջակցում է անասնաբուժական ծառայության աշխատանքներին, կենդանիների հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, բուժման եւ վերացման միջոցառումներին, կենդանիների դիակների, խոտանման ենթակա կենդանական ծագման մթերքի եւ հումքի մեկուսացման, վնասազերծման եւ ոչնչացման, տարածքների ախտահանման, օրգանական ծագման կենդանական թափոնների տեղադրման, պահման եւ այդ տարածքներ կենդանիների մուտքի արգելման, անասնաբուժական հսկողությամբ կենդանիների կենտրոնացված սպանդի, կենդանական ծագման հումքի եւ մթերքի հավաքման, պահեստավորման աշխատանքներին.
3) աջակցում է համայնքի տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների, վնասատուների եւ մոլախոտերի դեմ պայքարի աշխատանքներին.
4) աջակցում է գյուղատնտեսական կենդանիների համարակալման, հաշվառման եւ գրանցման, ինչպես նաեւ սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված՝ կենդանիների անձնագրերի, կենդանիների հաշվառման եւ անասնաբուժական միջոցառումների գրանցամատյանների վարման աշխատանքներին:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
22.07.2014
ՀՕ-139