Armenian      
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպություններում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.06.2014

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը եւ 3-րդ մասը «հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման» բառերից հետո լրացնել «, առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների կողմից ապրանքներ ձեռք բերելու գործարքների փաստաթղթավորման, ինչպես նաեւ շրջանառության հարկ վճարողներին ապրանքներ մատակարարած ու օրենքով սահմանված համապատասխան փաստաթուղթ չտրամադրած հարկ վճարողների ու ձեռք բերված ապրանքների վերաբերյալ հայտարարագրի կամ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ մուտքագրված տվյալների ճշտման» բառերով:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների կողմից ապրանքներ ձեռք բերելու գործարքների փաստաթղթավորման, ինչպես նաեւ շրջանառության հարկ վճարողներին ապրանքներ մատակարարած ու օրենքով սահմանված համապատասխան փաստաթուղթ չտրամադրած հարկ վճարողների ու ձեռք բերված ապրանքների վերաբերյալ հայտարարագրերի կամ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ մուտքագրված տվյալների ճշտման ստուգումների ժամկետը չի կարող գերազանցել մեկ աշխատանքային օրը:».

2) 3.1-ին մասի 5-րդ կետը լրացնել «, առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների մոտ սույն օրենքի 5-րդ հավելվածով սահմանված կարգով ապրանքներ ձեռք բերելու գործարքների փաստաթղթավորման, ինչպես նաեւ շրջանառության հարկ վճարողներին ապրանքներ մատակարարած ու օրենքով սահմանված համապատասխան փաստաթուղթ չտրամադրած հարկ վճարողների ու ձեռք բերված ապրանքների վերաբերյալ հայտարարագրի կամ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ մուտքագրված տվյալների ճշտման ստուգումներ» բառերով:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների կողմից ապրանքներ ձեռք բերելու գործարքների փաստաթղթավորման, ինչպես նաեւ շրջանառության հարկ վճարողներին ապրանքներ մատակարարած ու օրենքով սահմանված համապատասխան փաստաթուղթ չտրամադրած հարկ վճարողների ու ձեռք բերված ապրանքների վերաբերյալ հայտարարագրի կամ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ մուտքագրված տվյալների ճշտման ստուգման արդյունքների ամփոփման առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքի 5-րդ հավելվածով:»:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասը «30 օրացուցային օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հավելվածով սահմանված կարգով իրականացված ստուգման արդյունքում ապրանքներ ձեռք բերելու գործարքների փաստաթղթավորման պահանջը խախտված լինելու մասին կազմված ակտերը կամ շրջանառության հարկ վճարողներին ապրանքներ մատակարարած ու օրենքով սահմանված համապատասխան փաստաթուղթ չտրամադրած հարկ վճարողների ու ձեռք բերված ապրանքների վերաբերյալ հայտարարագրի կամ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ մուտքագրված տվյալների ճշտման արձանագրությունները կամ ստուգում իրականացնող անձանց գործողությունները բողոքարկվելու դեպքերի, որոնք հարկային մարմինը քննության է առնում, եւ դրանց վերաբերյալ որոշումներ են ընդունվում 10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

Հոդված 5. Օրենքը լրացնել 5-րդ հավելվածով ( կցվում է ):

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հոկտեմբերի 1-ից:


«Հավելված 5
«Հայաստանի Հանրապետությունում
ստուգումների կազմակերպման
եւ անցկացման մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի

ԱՌԵՎՏՐԱԿԱՆ (ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՄՈՏ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐ ՄԱՏԱԿԱՐԱՐԱԾ ՈՒ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉՏՐԱՄԱԴՐԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՈՒ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԿԱՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՄՈՒՏՔԱԳՐՎԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՃՇՏՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Սույն կարգով սահմանվում է «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների մոտ ապրանքներ ձեռք բերելու գործարքների փաստաթղթավորման, ինչպես նաեւ շրջանառության հարկ վճարողներին ապրանքներ մատակարարած ու օրենքով սահմանված համապատասխան փաստաթուղթ չտրամադրած հարկ վճարողների ու ձեռք բերված ապրանքների վերաբերյալ հայտարարագրի կամ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ մուտքագրված տվյալների ճշտման ստուգումների իրականացման կարգը:

2. Ապրանքներ ձեռք բերելու գործարքների փաստաթղթավորման ստուգումը սույն հավելվածին համապատասխան իրականացվող ընթացակարգ է, որով պարզվում է առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների մոտ ապրանքներ ձեռք բերելու փաստաթղթավորման համապատասխանությունն օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջներին:

3. Շրջանառության հարկ վճարողներին ապրանքներ մատակարարած ու օրենքով սահմանված համապատասխան փաստաթուղթ չտրամադրած հարկ վճարողների ու ձեռք բերված ապրանքների վերաբերյալ հայտարարագրի կամ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ մուտքագրված տվյալների ճշտման ստուգումը սույն հավելվածին համապատասխան իրականացվող ընթացակարգ է, որով պարզվում է առեւտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողի կողմից իրեն ապրանքներ մատակարարած ու օրենքով սահմանված համապատասխան փաստաթուղթ չտրամադրած հարկ վճարողների ու ձեռք բերված ապրանքների վերաբերյալ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ներկայացված հայտարարագրի կամ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ մուտքագրված տվյալների հիման վրա ձեռք բերված համապատասխան ապրանքների առկայությունը:

4. Տնտեսավարող սուբյեկտների մոտ սույն կարգին համապատասխան ստուգումներն իրականացվում են սույն օրենքին համապատասխան հրապարակված հանձնարարագրի հիման վրա, որտեղ նշվում են ստուգման հիմքերը, նպատակը, ստուգման հարցերը, ստուգմամբ ընդգրկվող ժամանակահատվածը, տնտեսավարող սուբյեկտի տվյալները (անվանումը, գտնվելու վայրը), ստուգում իրականացնելու վայրը, ժամկետները եւ ստուգում իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձանց տվյալները (պաշտոնը, անունը, ազգանունը):

5. Հանձնարարագրի երկու օրինակը ստուգումը փաստացի սկվսելու օրը տրվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին (կամ ի պաշտոնե նրան փոխարինելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին): Վերջինս պարտավոր է ստորագրել մեկ օրինակի վրա` հաստատելով, որ ծանուցված է ստուգում իրականացնելու մասին: Ստորագրված օրինակը վերադարձվում է այն ներկայացնող պաշտոնատար անձանց:

6. Հարկային մարմնի պաշտոնատար անձինք ապրանքներ ձեռք բերելու գործարքների փաստաթղթավորման ստուգումը սկսելու օրը տնտեսավարող սուբյեկտի մոտ ընտրում են վաճառքի վայրում առկա մինչեւ 30 անուն ապրանքատեսակ, որոնց մասով պետք է իրականացվի ձեռք բերելու գործարքների փաստաթղթավորման ստուգում: Ընտրված ապրանքատեսակների ցանկի վերաբերյալ հարկային մարմնի պաշտոնատար անձինք կազմում են արձանագրություն, որը պարտավոր են ստորագրել ստուգում իրականացրած հարկային մարմնի պաշտոնատար անձինք եւ տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը (կամ ի պաշտոնե նրան փոխարինելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը): Ստուգման ընթացքում հարկային մարմնի պաշտոնատար անձինք իրավունք չունեն իրականացնելու արձանագրությունում չնշված ապրանքատեսակների մասով ձեռք բերելու գործարքների փաստաթղթավորման ստուգում:

7. Ստուգման ընթացքում հարկային մարմնի պաշտոնատար անձինք պահանջում են ընտրված ապրանքատեսակների համար ներկայացնել դրանց ձեռք բերելը հիմնավորող փաստաթղթերը եւ տեղեկություններ վաճառքի վայրում առկա` դրանց մնացորդների վերաբերյալ:

8. Տնտեսավարող սուբյեկտի մոտ ապրանքներ ձեռք բերելու գործարքների փաստաթղթավորման` օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջները համարվում են խախտված, եթե՝

1) բացակայում է ընտրված ապրանքատեսակներից որեւէ մեկը ձեռք բերելու փաստաթուղթը.

2) հարկ վճարողի ներկայացրած փաստաթուղթը չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, կամ խախտված են այդ փաստաթղթերի համար սահմանված վավերապայմանները.

3) եթե տվյալ ապրանքատեսակի առկա քանակային մնացորդը գերազանցում է փաստաթղթավորման պահանջը բավարարող ձեռք բերելու փաստաթղթերով ձեռք բերված քանակներին (հաշվի առնելով նաեւ նախկինում սույն կարգին համապատասխան իրականացված ստուգման ժամանակ արձանագրված տվյալները).

4) եթե ներկայացվում է տվյալ ապրանքատեսակի արտադրության ժամկետին նախորդող, բայց նույն ապրանքատեսակին վերաբերող ձեռք բերելու փաստաթուղթ (այն ապրանքատեսակների համար, որոնց տարայի վրա նշված է արտադրության ժամկետ).

5) հարկային մարմնի պաշտոնատար անձանց պահանջով ստուգման նպատակներին առնչվող տեղեկատվությունը կամ անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրելուց հրաժարվելը հիմք է հանդիսանում արձանագրելու, որ տնտեսավարող սուբյեկտի մոտ ապրանքներ ձեռք բերելու գործարքների փաստաթղթավորման պահանջները խախտված են:

Սույն կետի կիրառման իմաստով, ապրանք ձեռք բերելու միակողմանի գնման ակտը չի համարվում ապրանքներ ձեռք բերելու գործարքները հաստատող փաստաթուղթ: Սույն կետի դրույթները չեն տարածվում հետեւյալ գործարքների վրա`

ա. Հայաստանի Հանրապետությունում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի ձեռք բերում,

բ. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված երկրորդային հումքի ձեռք բերում:

9. Ստուգման արդյունքներն արտացոլվում են երկու օրինակից կազմվող ակտում (ապրանքներ ձեռք բերելու գործարքների փաստաթղթավորման պահանջի խախտում հայտնաբերվելու դեպքում) կամ արձանագրությունում (ապրանքներ ձեռք բերելու գործարքների փաստաթղթավորման պահանջի խախտում չհայտնաբերվելու դեպքում), որը պարտավոր են ստորագրել ստուգում իրականացրած հարկային մարմնի պաշտոնատար անձինք եւ տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը (կամ ի պաշտոնե նրան փոխարինելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը): Ստուգման արդյունքներով կազմվող ակտի կամ արձանագրության ձեւը սահմանվում է վերադաս հարկային մարմնի ղեկավարի հրամանով: Ակտում կամ արձանագրությունում նշվում են`

1) համարը, կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը եւ վայրը.

2) ստուգում նշանակելու մասին հանձնարարագրի ամսաթիվն ու համարը.

3) ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց պաշտոնը, անունը, ազգանունը.

4) ստուգվող տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը եւ հարկ վճարողի հաշվառման համարը, ինչպես նաեւ վերջինիս պաշտոնատար անձի կամ նրան փոխարինող անձի անունը, ազգանունը.

5) ստուգում անցկացնելու ամսաթիվը, վայրը, ժամկետը եւ ժամանակահատվածը.

6) ստուգման շրջանակներում ապրանքներ ձեռք բերելու գործարքների փաստաթղթավորման պահանջը կատարված լինելու կամ պահանջը խախտված լինելու մասին գրառում` նշելով այն ապրանքատեսակների տվյալները, որոնց մասով խախտված են եղել ապրանքներ ձեռք բերելու փաստաթղթավորման պահանջները, խախտումների նկարագրությունը, խախտում պարունակող փաստաթղթերի վավերապայմանները եւ այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել.

7) տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի ներկայացրած առարկությունների ընդունման վերաբերյալ նշումները.

8) «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների հաշվարկը, եթե հայտնաբերվել է ապրանքներ ձեռք բերելու գործարքների փաստաթղթավորման պահանջի խախտում:

10. Շրջանառության հարկ վճարողներին ապրանքներ մատակարարած ու օրենքով սահմանված համապատասխան փաստաթուղթ չտրամադրած հարկ վճարողների ու ձեռք բերված ապրանքների վերաբերյալ հայտարարագրի կամ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ մուտքագրված տվյալների ճշտման ստուգումն իրականացվում է հայտարարագիրը ստանալու կամ տվյալները մուտքագրվելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում, որի ժամանակ ստուգվում են «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ներկայացված հայտարարագրի կամ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ մուտքագրված տվյալների հիման վրա ձեռք բերված համապատասխան ապրանքատեսակների առկայությունը վաճառքի վայրում, որի արդյունքներն արտացոլվում են երկու օրինակից կազմվող արձանագրությունում: Արձանագրությունը պարտավոր են ստորագրել ստուգում իրականացրած հարկային մարմնի պաշտոնատար անձինք եւ տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը (կամ ի պաշտոնե նրան փոխարինելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը): Ստուգման արդյունքներով կազմվող արձանագրության ձեւը սահմանվում է վերադաս հարկային մարմնի ղեկավարի հրամանով: Արձանագրությունում նշվում են`

1) համարը, կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը եւ վայրը.

2) ստուգում նշանակելու մասին հանձնարարագրի ամսաթիվն ու համարը.

3) ստուգում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը.

4) ստուգվող տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը եւ հարկ վճարողի հաշվառման համարը, ինչպես նաեւ վերջինիս պաշտոնատար անձի կամ նրան փոխարինող անձի անունը, ազգանունը.

5) ստուգում անցկացնելու ամսաթիվը, վայրը, ժամկետը եւ ժամանակահատվածը.

6) «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ներկայացված հայտարարագրի կամ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ մուտքագրված տվյալների հիման վրա ձեռք բերված համապատասխան ապրանքների առկայության կամ բացակայության մասին գրառումը.

7) տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի ներկայացրած առարկությունների ընդունման վերաբերյալ նշումները:

Սույն կետով նախատեսված ստուգման ընթացքում կարող է ստուգվել բացառապես «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ներկայացված հայտարարագրի կամ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ մուտքագրված տվյալների հիման վրա ձեռք բերված համապատասխան ապրանքատեսակների առկայությունը:

11. Սույն կարգով իրականացված ստուգումների հետ կապված վարույթի նկատմամբ կիրառվում են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով:

12. Ստուգում իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձի (անձանց) կողմից ստորագրված ակտի կամ արձանագրության օրինակները ստուգումը փաստացի սկսելու օրվա ընթացքում ներկայացվում են տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի ստորագրմանը: Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն իր ստորագրած ակտի կամ արձանագրության մեկ օրինակը հանձնում է ստուգում իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձին (անձանց), իսկ ակտի կամ արձանագրության վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում դրա մասին նշում է կատարում ակտում կամ արձանագրությունում` ակտին կամ արձանագրությանը կից հարկային մարմնի պաշտոնատար անձին ներկայացնելով իր գրավոր առարկությունները կամ ակտը կամ արձանագրությունը ստանալուց հետո իր գրավոր առարկությունները պատշաճ ձեւով (առձեռն կամ փոստով) ներկայացնում է հարկային մարմին: Ակտի կամ արձանագրության օրինակը ստանալուց կամ այն ստորագրելուց հրաժարվելու դեպքում ստուգում իրականացրած պաշտոնատար անձինք այդ մասին համապատասխան նշում են կատարում ակտում կամ արձանագրությունում, եւ այն տնտեսավարող սուբյեկտին է ուղարկվում փոստով:

13. Ստուգման արդյունքներով կազմված ակտերը եւ (կամ) արձանագրությունները ժամանակագրական կարգով հաշվառվում են տնտեսավարող սուբյեկտի հարկային գործում, որի տվյալները հաշվի են առնվում նույն ապրանքատեսակի մասով տնտեսավարող սուբյեկտի մոտ սույն կարգին համապատասխան հաջորդ ստուգման ժամանակ:

14. Ստուգումն իրականացնող անձանց գործողությունները, ինչպես նաեւ ստուգման արդյունքում կազմված ակտը կամ արձանագրությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում կարող են սահմանված կարգով բողոքարկվել: Բողոքները վերադասության կարգով քննության են առնվում, եւ դրանց վերաբերյալ որոշումներն ընդունվում են ոչ ուշ, քան բողոքը վերադաս հարկային մարմին մուտքագրվելու օրվանից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում:»:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

22.07.2014
ՀՕ-130