ՕՐԵՆՔԸ
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ` Օրենք) 46-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը պարտավոր է պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնել միայն այն չափով, որը նշված է հարկադիր կատարողի որոշման մեջ: Սույն մասի պահանջների չպահպանման դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը ավել պահած գումարի համար պարտավոր է յուրաքանչյուր օրվա համար վճարել տույժ՝ նշված գումարի 0.1 տոկոսի չափով: Պարտապանը կարող է պահանջել պատճառված վնասի փոխհատուցում, եթե ապացուցում է, որ պատճառված վնասը գերազանցում է սույն մասով սահմանված տույժի չափը:»:
Հոդված 2. Օրենքի 47-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը պարտավոր է պարտապանի ունեցած արտարժույթով դրամական միջոցների վրա արգելանք դնել միայն այն չափով, որը նշված է հարկադիր կատարողի որոշման մեջ: Սույն մասի պահանջների չպահպանման դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը ավել պահած գումարի համար պարտավոր է յուրաքանչյուր օրվա համար վճարել տույժ՝ նշված գումարի 0.1 տոկոսի չափով: Պարտապանը կարող է պահանջել պատճառված վնասի փոխհատուցում, եթե ապացուցում է, որ պատճառված վնասը գերազանցում է սույն մասով սահմանված տույժի չափը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
17.10.2014
ՀՕ-145