ՕՐԵՆՔԸ
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ համայնքներին աջակցություն ցուցաբերելու գործընթացը:
Հոդված 2. Սահմանամերձ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված եւ սահմանամերձ համայնքում մշտական բնակություն ունեցող անձանց սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի եւ ոռոգման ջրի վարձավճարները մասամբ փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից:
Սահմանամերձ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված եւ սահմանամերձ համայնքում մշտական բնակություն ունեցող` բնական գազի օգտագործման բաժանորդ չհանդիսացող անձանց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից տրամադրվում է փոխհատուցում սույն հոդվածի 1-ին մասում նշված բնական գազի օգտագործման բաժանորդներին բնական գազի դիմաց տրամադրվող փոխհատուցման չափով:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոխհատուցում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ համայնքների կողմից 2013 թվականին գազի եւ էլեկտրաէներգիայի տարեկան սպառված 1 բաժանորդի հաշվով միջինացված ծավալների ու տվյալ տարում փաստացի ծախսված ոռոգման ջրի վարձավճարի առնվազն 50 տոկոսը:
Փոխհատուցման ենթակա ծավալները եւ փոխհատուցման կարգը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 3. Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության եւ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի եւ այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարը հարկ վճարող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց անունից նրանց փոխարեն համապատասխան համայնքի բյուջե վճարվում է Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով այդ նպատակի համար նախատեսված գումարներից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 4. Սահմանամերձ համայնքների՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով օթեւանից զրկվելու դեպքում բնակիչներին Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մեկամսյա ժամկետում ապահովում է համարժեք օթեւանի հնարավորությամբ` նույն համայնքի տարածքում:
Հոդված 5. Սահմանամերձ համայնքներում եւ դրանց հարակից տարածքներում ականների պայթյունից կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով վիրավորված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում են պետպատվերի շրջանակներում:
Հոդված 6. Սահմանամերձ համայնքներում եւ դրանց հարակից տարածքներում ականների պայթյունից կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրվում է միանվագ օգնություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով եւ չափով՝ հուղարկավորության եւ գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման ու տեղադրման ծախսերի համար:
Հոդված 7. Սույն օրենքի 4-6-րդ հոդվածների դրույթները չեն տարածվում մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա։
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից եւ գործում է մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
20.12.2014
ՀՕ-203