Armenian      
Դատական ակտերի հարկադիր կատարման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.12.2014

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածը «կատարողական թերթն է» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումը» բառերով:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 31.1-ին հոդվածով.

«Հոդված 31.1. Հանրային իրավական դրամական պահանջի կատարման վերաբերյալ փաստաթղթերը վարչական մարմին վերադարձնելը

1. «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին չհամապատասխանող, ինչպես նաեւ ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջը երկու հարյուր հազար դրամը գերազանցելու, ինչպես նաեւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 2.1-ին մասի պահանջներին չհամապատասխանելու դեպքերում ներկայացված փաստաթղթերը հարկադիր կատարողը վերադարձնում է վարչական մարմին:»:

Հոդված 3. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին եւ 5.2-րդ կետերով.

«5.1) դատական կարգով վիճարկվում է հանրային իրավական դրամական պահանջի հիմք հանդիսացող վարչական ակտը.

5.2) ավարտվել են վարչական մարմնի արգելանք դնելու մասին որոշման պահանջների կատարմանն ուղղված կատարողական գործողությունները:»:

Հոդված 4. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-15-րդ կետերով.

«11) անբողոքարկելի վարչական ակտի կատարման ժամանակ պարզվել է, որ անձը կատարել է իր պարտավորությունը մինչեւ անբողոքարկելի վարչական ակտը հարկադիր կատարման ուղարկելը.

12) անբողոքարկելի վարչական ակտի կատարման ժամանակ պարզվել է, որ բացակայում է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վարչական ակտը անբողոքարկելի դառնալու հիմքը.

13) անբողոքարկելի վարչական ակտի կատարման ընթացքում պարզվել է, որ առկա են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա հարկադիր կատարման սահմանափակումները.

14) անբողոքարկելի վարչական ակտի կատարման ընթացքում պարզվել է, որ հանրային իրավական դրամական պահանջի կատարման վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին չեն համապատասխանում.

15) վարչական մարմնի արգելանք դնելու մասին որոշման կատարման ընթացքում պարզվել է, որ անձը կատարել է իր պարտավորությունը մինչեւ արգելանք դնելու մասին վարչական մարմնի որոշում կայացնելը կամ մինչեւ արգելանք դնելու մասին վարչական մարմնի որոշումը հարկադիր կատարման ուղարկելը:»:

Հոդված 5. Օրենքի 67-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «բ» կետի «մինչեւ» բառից առաջ լրացնել «10.000 դրամից» բառերով.

2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանադակությամբ «գ» կետով.

«գ) մինչեւ 10.000 դրամ պահանջի բավարարմանն ուղղված գույքային բնույթի կատարողական վարույթներով՝ բռնագանձվող գումարի 50 տոկոսի չափով:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.

«6.1. Եթե կատարողական վարույթը կարճվել է սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 11-14-րդ կետերով սահմանված հիմքերից որեւէ մեկով, ապա տվյալ վարույթով կատարողական գործողությունների կատարման ծախսերը չեն գանձվում:»:

Հոդված 6. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը եւ 4-րդ հոդվածի 14-րդ կետը չեն տարածվում մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը հարուցված հարկադիր կատարման վարույթների վրա:

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.12.2014
ՀՕ-252