Armenian      
Առեւտրի եւ ծառայությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.12.2014

Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«արտաքին առեւտրի ոլորտում սահմանափակման ենթակա ապրանքներ՝ ապրանքներ, որոնց նկատմամբ արտաքին առեւտրի դեպքում կարող են կիրառվել սահմանափակումներ եւ (կամ) արգելքներ՝ բնակչության անվտանգության ու առողջության պահպանության կամ բարելավման, բնության ու շրջակա միջավայրի, պատմական, հնէաբանական ու մշակութային արժեքների, ներքին շուկայի, ընդերքի ու տեղական արտադրության, կենդանիների եւ բույսերի պաշտպանության նպատակով: Արտաքին առեւտրի ոլորտում սահմանափակումների եւ արգելքի ենթակա ապրանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը.

մեկանգամյա լիցենզիա՝ լիցենզիա, որը տրվում է արտաքին առեւտրային գործունեության մասնակցին արտաքին տնտեսական գործարքի հիման վրա, որի առարկան է հանդիսանում լիցենզավորման ենթակա ապրանքը, եւ որը իրավունք է տալիս սահմանված քանակով տվյալ ապրանքի արտահանման եւ (կամ) ներմուծման համար.

գլխավոր լիցենզիա՝ լիցենզիա, որը արտաքին առեւտրային գործունեության մասնակցին իրավունք է տալիս լիցենզավորման ենթակա առանձին տեսակի ապրանք արտահանելու եւ (կամ) ներմուծելու համար՝ լիցենզիայով նախատեսված քանակով.

բացառիկ լիցենզիա՝ արտաքին առեւտրային գործունեության մասնակցին ապրանքի առանձին տեսակի արտահանման եւ (կամ) ներմուծման բացառիկ իրավունք տվող լիցենզիա:»:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին հոդվածով.

«Հոդված 2.1. Սահմանափակումները արտաքին առեւտրի ոլորտում

1. Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված արտաքին առեւտրի ոլորտում սահմանափակումների ենթակա ապրանքներ արտահանելու եւ (կամ) ներմուծելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած լիազոր մարմնի կողմից տրվում են արտաքին առեւտրային նպատակով ապրանքներ արտահանելու եւ (կամ) ներմուծելու լիցենզիաներ կամ  թույլտվություններ կամ հավաստագրեր:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում ապրանքներ արտահանելու եւ (կամ) ներմուծելու համար կարող է տրվել մեկանգամյա, գլխավոր կամ բացառիկ լիցենզիա:

3. Սույն հոդվածով նախատեսված լիցենզիաների, թույլտվությունների եւ հավաստագրերի տրամադրման համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով նախատեսված կարգով եւ չափով։

4. Արտաքին առեւտրային նպատակով ապրանքներ արտահանելու եւ (կամ) ներմուծելու լիցենզիաների, թույլտվությունների եւ հավաստագրերի տրամադրման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.12.2014
ՀՕ-229