Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅՏՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ԿԱՏԱՐՎԱԾ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ընդունվել է 16.12.2014

Խոր մտահոգություն արտահայտելով վերջին շրջանում հայտնի քաղաքական, հասարակական գործիչների հանդեպ կատարված բռնությունների կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը`

1) անթույլատրելի ու դատապարտելի է համարում մարդկանց ազատ արտահայտվելու իրավունքը բռնությամբ լռեցնելու ցանկացած փորձ.

2) դատապարտում է վերջին օրերին առանձին պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների անընդունելի կեցվածքն ու հրապարակային արտահայտությունները.

3) դատապարտում է երկրի միջազգային վարկն ու ազգային միասնությունը խաթարող ցանկացած գործողություն.

4) առանձնահատուկ կարեւորում է հասարակական-քաղաքական գործընթացներում զսպվածություն, հանդուրժողականություն պահպանելը, փոխադարձ վիրավորանքներից հրաժարվելը.

5) վերահաստատում է Ազգային ժողովի բարձր պատասխանատվությունը երկրում օրինականություն եւ բարոյաքաղաքական առողջ մթնոլորտ ապահովելու գործում:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը իրավապահ մարմիններից պահանջում է սեղմ ժամկետներում ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները եւ բացահայտել հասարակական գործիչների, ազատամարտիկների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արամ Մանուկյանի հանդեպ կատարված բռնարարքների հեղինակներին եւ պատասխանատվության ենթարկել օրենքի ողջ խստությամբ:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ          Գ. ՍԱՀԱԿՅԱՆ

16.12.2014
Հ-002