Armenian      
Առեւտրի եւ ծառայությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.05.2015

Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի 9.1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող՝ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ իրացնող կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը կարող են մինչեւ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված՝ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներն իրենց կողմից առանց դրոշմավորման իրացնելու վերջնաժամկետները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով դրոշմավորել իրենց մոտ առկա՝ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների գույքագրված մնացորդները:

Սույն մասով սահմանված դեպքերում անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող՝ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ իրացնող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի նկատմամբ կիրառվում են պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կամ ներմուծող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար սույն օրենքով եւ դրոշմապիտակների համակարգի կիրառությունն ապահովող համապատասխան ենթաօրենսդրական ակտերով նախատեսված կարգավորումները, եթե վերջիններիս մասով օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը եւ տարածվում է 2015 թվականի ապրիլի 30-ից հետո ծագած հարաբերությունների վրա:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

27.05.2015
ՀՕ-34