ՕՐԵՆՔԸ
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը «ԱԱՀ-ի շեմ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ձեռնարկատիրական գործունեություն վարելու իրավունք ունեցող ոչ առեւտրային կազմակերպությունների եւ սույն օրենքի 3.1-ին հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետում եւ 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված դեպքերի` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց, որոնց համար սույն օրենքի կիրառման առումով ԱԱՀ-ի շեմ է համարվում ապրանքների մատակարարման եւ ծառայությունների մատուցման իրացման շրջանառության 58,35 մլն դրամը» բառերով:
Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հուլիսի 1-ից եւ գործում է մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` շրջանառության հարկ վճարող համարվելու համար ապրանքների մատակարարման եւ ծառայությունների մատուցման իրացման շրջանառության 115.0 մլն դրամ չափը 2015 թվականին կիրառելի չէ այն հարկ վճարողների (այդ թվում՝ ԱԱՀ վճարողների) նկատմամբ, որոնց կողմից ապրանքների մատակարարումից եւ ծառայությունների մատուցումից իրացման շրջանառությունը 2015 թվականի հունվարի 1-ից մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գերազանցել է 58.35 մլն դրամը: Սույն դրույթը գործում է մինչեւ 2016 թվականի հունվարի 1-ը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
30.05.2015
ՀՕ-41