ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 201.3-201.5-րդ հոդվածներով.
«Հոդված 201.3. Թափոնների անձնագրերը չհամաձայնեցնելը
Թափոններ առաջացնողների կողմից կազմված վտանգավոր թափոնների անձնագրերը բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի հետ չհամաձայնեցնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում անհատ ձեռնարկատերերի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ հիսնապատիկի չափով:
Հոդված 201.4. Թափոնների հեռացման վայրերի ռեեստրային գրանցման թերթիկը չներկայացնելը
Թափոնների հեռացման վայրերի ռեեստրային գրանցման թերթիկը բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմին սահմանված կարգով չներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում անհատ ձեռնարկատերերի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ հիսնապատիկի չափով:
Հոդված 201.5. Թափոնների գոյացման, վերամշակման եւ օգտահանման օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվություն չներկայացնելը
Թափոնների գոյացման, վերամշակման եւ օգտահանման օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվություն սահմանված կարգով չներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ հիսնապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 242-րդ հոդվածի «201.1-ին, 201.2-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «201.1-201.5-րդ հոդվածներով» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
16.07.2015
ՀՕ-107