ՕՐԵՆՔԸ
ՈՂՋԻԻ, ՓԽՐՈՒՏԻ, ԱՐԾՎԱՆԻԿԻ ՊՈՉԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԵՎ ԿՈՒՏԱԿՎՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԳՈՅԱՑԱԾ ԵՎ ԳՈՅԱՑՈՂ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԼՑԱԿՈՒՅՏԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԳԼՈՒԽ 2. ՄԱՍՏԵՐ ՊԼԱՆԸ
ԳԼՈՒԽ 3. ՊԵՏԱԿԱՆ ԼՑԱԿՈՒՅՏԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ, ՄԱՍՆԱՎՈՐ ԼՑԱԿՈՒՅՏԵՐԻ ԳՐԱՎԸ, ՊՈՉԱՄԲԱՐՆԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ
ԳԼՈՒԽ 4. ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 5. ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 6. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
Հոդված 1. Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման Ներդրումային ծրագիրը
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում տեղակայված Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կամ նրա իրավահաջորդի գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի սակավաթափոն մշակման Ներդրումային ծրագիրը (այսուհետ` Ներդրումային ծրագիր) «Ալյոտիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության առաջարկած եւ հիմնավորած գործողությունների համալիրն է, որն ուղղված է նշված արտադրական լցակույտերի մշակման տեխնոլոգիայի ներդրմանն ու կիրառմանը եւ այդ նպատակով գործարանի կառուցմանն ու շահագործմանը:
Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը, նպատակները եւ խնդիրները
1. Սույն օրենքը կարգավորում է Ներդրումային ծրագրի իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն օրենքի նպատակը Ներդրումային ծրագրի իրականացման համար իրավական կարգավորումների ապահովումն է, որը կապված է`
1) արտադրական լցակույտերի մշակման նոր տեխնոլոգիայի ներդրման եւ Հայաստանի Հանրապետությունում կիրառման հետ.
2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի բնապահպանական վիճակի բարելավման, Հայաստանի Հանրապետության եւ մասնավորապես Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման հետ.
3) Ներդրումային ծրագրի իրականացման իրավական հիմքերի ապահովման հետ:
3. Սույն օրենքի հիմնական խնդիրներն են`
1) Ներդրումային ծրագրի իրականացման համար իրավական երաշխիքների ապահովումը.
2) Ներդրումային ծրագրի առնչությամբ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների, Ներդրումային ծրագիրն իրականացնող անձի իրավունքների եւ պարտականությունների նկարագրումը եւ սահմանազատումը.
3) Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կամ նրա իրավահաջորդի գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի նկատմամբ իրավունքների առանձնահատկությունների սահմանումը:
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները՝
1) ծրագիր իրականացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 16-ի նիստի N 43 արձանագրության 24-րդ կետով հավանության արժանացած՝ «Մտադրությունների մասին հուշագրի նախագծին հավանություն տալու մասին» արձանագրային որոշմամբ նախատեսված Մտադրությունների մասին հուշագրի կողմ «Ալյոտիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որին պատկանում են ընդերքից արդյունահանված պարունակության մշակման արդյունքում առաջացած արտադրական լցակույտերում կուտակված եւ կուտակվող ապարների արդյունավետ եւ ամբողջական մշակմանը վերաբերող տեխնոլոգիական մշակումները, կամ նրա իրավահաջորդը.
2) Ներդրումային ծրագիր` բացառապես ծրագիր իրականացնողի կողմից սեփական եւ/կամ նրա ռիսկով ներգրավված ֆինանսական միջոցներով իրականացվող` սույն օրենքի 1-ին հոդվածում նշված ծրագիրը.
3) մաստեր պլան` Ներդրումային ծրագրի իրականացման ընդհանուր գործընթացը, այդ թվում` տեխնոլոգիական, ճարտարապետանախագծային եւ շինարարական լուծումները, գործողությունները եւ դրանց իրականացման ժամկետները նկարագրող փաստաթուղթը.
4) գործարան` արդյունաբերական համալիր, որը կառուցվելու է Ներդրումային ծրագրի շրջանակներում` լցակույտերի մշակման համար.
5) պետական լցակույտեր` Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում տեղադրված` օգտակար հանածոների արդյունահանման կամ մշակման արդյունքում առաջացած ապարների կուտակումները, որոնք առաջացել են մինչեւ 2011 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաեւ Արծվանիկի պոչամբարում տեղադրված` օգտակար հանածոների արդյունահանման կամ մշակման արդյունքում առաջացած ապարների կուտակումները, որոնք առաջացել են 2012 թվականի հունվարի 1-ից հետո եւ սույն օրենքին համապատասխան՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կամ նրա իրավահաջորդի կողմից հանձնվել են Հայաստանի Հանրապետության սեփականությանը.
6) Արծվանիկի պոչամբարի լցակույտեր` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կամ նրա իրավահաջորդի գործունեության արդյունքում Արծվանիկի պոչամբարում 2012 թվականի հունվարի 1-ից հետո կուտակված եւ կուտակվող լցակույտերը.
7) պոչատարի լցակույտեր` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կամ նրա իրավահաջորդի գործունեության արդյունքում առաջացած այն ապարները, որոնք պոչատարով տեղափոխվում են Արծվանիկի պոչամբար եւ ծրագիր իրականացնողի կողմից մշակման համար վերցվում են մինչեւ Արծվանիկի պոչամբար լցվելը.
8) մասնավոր լցակույտեր` Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում տեղադրված` օգտակար հանածոների արդյունահանման կամ մշակման արդյունքում առաջացած ապարների կուտակումները` սույն օրենքին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կողմից ծրագիր իրականացնողի սեփականությանը հանձնվելուց հետո.
9) լցակույտեր` պետական լցակույտերի, Արծվանիկի պոչատարի լցակույտերի եւ մասնավոր լցակույտերի ամբողջությունը.
10) պոչամբարներ` լցակույտերի կուտակման համար նախատեսված` Ողջիի, Փխրուտի եւ Արծվանիկի ինժեներական կառույցները` դրանց տեղակայման վայրի հողամասի հետ.
11) Արծվանիկի պոչամբար` սույն օրենքի հավելված 1-ում նշված հատակագիծը եւ կոորդինատային տեղադրվածությունն ունեցող պոչամբարը.
12) Ողջիի եւ Փխրուտի պոչամբարներ` սույն օրենքի հավելված 2-ում նշված հատակագիծը եւ կոորդինատային տեղադրվածությունն ունեցող պոչամբարները.
13) պոչատար` ընդերքից արդյունահանված պարունակության մշակման արդյունքում առաջացած ապարների` Արծվանիկի պոչամբար տեղափոխման համար նախատեսված ինժեներական կառույցների համալիրը.
14) կառավարման պայմանագիր` պայմանագիր, որով Ողջիի պոչամբարի, Փխրուտի պոչամբարի եւ Արծվանիկի պոչամբարի օգտագործման եւ կառավարման իրավունքը փոխանցվում է ծրագիր իրականացնողին` Ներդրումային ծրագրի իրականացման նպատակով.
15) հարկերից եւ այլ պարտադիր վճարներից ազատում` Ներդրումային ծրագրով եւ սույն օրենքի 14-րդ եւ 15-րդ հոդվածներով նախատեսված` գույքի եւ գույքային իրավունքների փոխանցման, լցակույտերի` սեփականության իրավունքով հանձնման գործարքների մասով Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված հարկերի եւ այլ պարտադիր վճարների հաշվարկման եւ վճարման պահանջի դադարեցում, հարկերի ու պարտադիր վճարների չկիրառում, սակայն չսահմանափակելով եկամուտ կամ այլ հարկվող օբյեկտ ճանաչելու դրույթների, շահութահարկի նպատակով նվազեցումների սահմանափակումների դրույթների, ավելացված արժեքի հարկի նպատակով հաշվանցվող (պակասեցվող) գումարի սահմանափակումների դրույթների չկիրառումը, ներառյալ՝ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը եւ (կամ) մինչեւ համապատասխան գործարքի (գործառնության) իրականացումը ավարտված հաշվետու ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի հաշվանցված գումարների մասով վերաձեւակերպման դրույթների չկիրառումը:
Նշված արտոնությունը չի տարածվում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարների վրա:
2. Սույն հոդվածի 1-ին մասով չսահմանված եւ սույն օրենքում օգտագործվող այլ հասկացություններն ունեն Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին օրենսգրքով եւ այլ իրավական ակտերով սահմանված բովանդակությունը եւ նշանակությունը:
ՄԱՍՏԵՐ ՊԼԱՆԸ
Հոդված 4. Մաստեր պլանի նշանակությունը եւ բովանդակությունը
1. Ներդրումային ծրագրի իրականացման նպատակով Ծրագիր իրականացնողը մշակում է մաստեր պլան:
2. Ներդրումային ծրագիրն իրականացվում է մաստեր պլանին համապատասխան:
3. Մաստեր պլանը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Մաստեր պլանը պետք է ներառի տեղեկատվություն`
1) ծրագրի իրականացման հիմնական նպատակների մասին.
2) հիմնական եւ միջանկյալ փուլերի վերաբերյալ, ներառյալ՝ առկա տեխնիկատնտեսական ցուցանիշների հիման վրա` դրանց ակնկալվող ժամկետների հաշվարկը.
3) նախատեսվող ենթակառուցվածքների ձեւավորման վերաբերյալ.
4) տեխնոլոգիական, ճարտարապետանախագծային եւ շինարարական սկզբունքային լուծումների վերաբերյալ.
5) սոցիալական ազդեցության մասին, այդ թվում`
ա. բնակչության կենսամակարդակի բարելավման դրույթներ,
բ. համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացին մասնակցության վերաբերյալ.
6) աշխատանքի անվտանգության, աշխատակիցների առողջության պահպանության եւ շրջակա միջավայրի պահպանության սահմանված կանոնների եւ նորմերի վերաբերյալ.
7) մաստեր պլանի իրականացման նկատմամբ մոնիթորինգ իրականացնելու նպատակով սահմանվող արտադրական ցուցանիշների վերաբերյալ` համաձայն հավելված 3-ի:
5. Մաստեր պլանում չի ներկայացվում ծրագիրն իրականացնողի առեւտրային եւ գաղտնի տեղեկատվությունը, դետալացված բիզնես պլանը եւ այլ ֆինանսական ու տնտեսական տվյալներ:
Հոդված 5. Մաստեր պլանի հաստատումը
1. Ծրագիրն իրականացնողը մաստեր պլանը պետք է մշակի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնի սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացված մաստեր պլանը` որպես հիմնադրութային փաստաթուղթ, պետք է սահմանված կարգով նախապես անցած լինի օրենսդրությամբ սահմանված պետական փորձաքննություններ:
3. Ներկայացված մաստեր պլանը Հայաստանի Հանրապետության կառավարությունը ուսումնասիրում եւ հաստատում է երկու ամսվա ընթացքում կամ այդ նույն ժամկետում ծրագիրն իրականացնողին հիմնավոր կերպով առաջարկում է մաստեր պլանում կատարել ուղղումներ եւ (կամ) փոփոխություններ, եթե այդպիսի փոփոխությունները պայմանավորված են մաստեր պլանը Հայաստանի Հանրապետության բնապահպանական, տեխնիկական անվտանգության եւ այլ հարցերով` իրավական ակտերով նախատեսված պարտադիր պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ, կամ եթե այդպիսի փոփոխությունները պայմանավորված են սույն օրենքի 4-րդ հոդվածում նշված` մաստեր պլանի իրականացման նկատմամբ մոնիթորինգ իրականացնելու նպատակով սահմանված արտադրական ցուցանիշների մեծությամբ կամ կատարողականով: Դրանից տարբերվող` նպատակահարմարության նկատառումներով Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի կարող առաջարկել ուղղումներ եւ/կամ փոփոխություններ կատարել մաստեր պլանում:
4. Ծրագիր իրականացնողը մաստեր պլանում ուղղումներ եւ (կամ) փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկներն ընդունելու եւ դրանք մաստեր պլանում արտացոլելու դեպքում եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն է ներկայացնում այդ առաջարկության հիման վրա լրամշակված մաստեր պլանը, որը Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է երկամսյա ժամկետում:
ՊԵՏԱԿԱՆ ԼՑԱԿՈՒՅՏԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ, ՄԱՍՆԱՎՈՐ ԼՑԱԿՈՒՅՏԵՐԻ ԳՐԱՎԸ, ՊՈՉԱՄԲԱՐՆԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ
Հոդված 6. Արծվանիկի պոչամբարի լցակույտերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումները
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից սույն օրենքի ուժով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանն է փոխանցվում Արծվանիկի պոչամբարում մինչեւ 2011 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կուտակված լցակույտերի նկատմամբ սեփականության իրավունքը` սույն հոդվածի 2-րդ մասով նշված պայմանով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սեփականության իրավունքի փոխանցումը կատարվում է նպատակային` Արծվանիկի պոչամբարը Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ իրավական այլ ակտերով սահմանված կարգով կոնսերվացվելու կամ դրա շահագործումը դադարեցնելու օրը Արծվանիկի պոչամբարում մինչեւ 2011 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կուտակված ամբողջ լցակույտերը, ինչպես նաեւ Արծվանիկի Պոչամբարի լցակույտերը՝ դրանց կուտակման ողջ ծավալով, պայմանագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության սեփականությանը փոխանցելու պայմանով:
3. Սույն օրենքի իմաստով Արծվանիկի պոչամբարի շահագործումը համարվում է դադարեցված, կամ այդ պոչամբարը համարվում է կոնսերվացված այդ մասին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կամ նրա իրավահաջորդի կողմից կոնսերվացման հարցում իրավասություն ունեցող պետական լիազոր մարմնին գրավոր հայտնելու օրվան հաջորդող օրվանից: Սույն մասում նշված պետական լիազոր մարմինը կոնսերվացման փաստը տեղի ունենալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, այդ մասին տեղեկացնում է ծրագիր իրականացնողին:
Հոդված 7. Պոչատարի լցակույտերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի ծագումը
1. Պոչատարի լցակույտերը ծրագիր իրականացնողի կողմից կարող են վերցվել վերջինիս եւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կամ նրա իրավահաջորդի միջեւ կնքվող պայմանագրի հիման վրա:
2. Պոչատարի լցակույտերը ծրագիր իրականացնողի կողմից վերցվելու դեպքում, եթե դա նախատեսված է սույն հոդվածի 1-ին մասում նշված պայմանագրով, ապա պոչատարի ապարների յուրաքանչյուր վերցված մասի նկատմամբ կծագի Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը` այդ մասի վերցման պահից:
Հոդված 8. Պետական լցակույտների եւ պոչատարի լցակույտերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը ծրագիր իրականացնողին
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից սույն օրենքի ուժով Ներդրումային ծրագրի իրականացման նպատակով ծրագիր իրականացնողին է փոխանցվում այն պետական լցակույտերի նկատմամբ սեփականության իրավունքը, որոնք կուտակված են Ողջիի պոչամբարում եւ Փխրուտի պոչամբարում:
2. Արծվանիկի պոչամբարում մինչեւ 2011 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կուտակված լցակույտերը, ինչպես նաեւ Արծվանիկի պոչամբարի լցակույտերը Հայաստանի Հանրապետության սեփականությանը փոխանցելու պահից սույն օրենքի ուժով փոխանցվում են ծրագիր իրականացնողի սեփականությանը:
3. Ծրագիր իրականացնողի փաստացի տիրապետմանը պետական լցակույտերը համարվում են հանձնված՝ վերջինիս կողմից դրանց ընդունման մասին լիազոր մարմին գրավոր տեղեկացնելու հաջորդ օրվանից:
4. Պոչատարի լցակույտերը Հայաստանի Հանրապետության սեփականությանը անցնելու պահից սույն օրենքի ուժով փոխանցվում են ծրագիր իրականացնողի սեփականությանը:
Հոդված 9. Լցակույտների եւ պոչատարի լցակույտերի ծավալների որոշումը
1. Պետական լցակույտերի, Հայաստանի Հանրապետության սեփականությանը հանձնվող` Արծվանիկի պոչամբարում 2012 թվականի հունվարի 1-ից հետո կուտակված եւ կուտակվող լցակույտերի, ինչպես նաեւ մասնավոր լցակույտերի ծավալները յուրաքանչյուր դեպքում որոշվում են` հիմք ընդունելով ու վկայակոչելով Ողջիի պոչամբարի, Փխրուտի պոչամբարի եւ Արծվանիկի պոչամբարի փաստացի չափերը եւ դրանց տարածքում` երկրի մակերեւույթի վրա, փաստացի կուտակված ապարները:
2. Պոչատարի լցակույտերի ծավալները որոշվում են սույն օրենքի շրջանակներում ծրագիր իրականացնողի կողմից լիազոր մարմնին ներկայացվող հաշվետվությունների հիման վրա:
Հոդված 10. Պոչամբարների կառավարման պայմանագիրը
1. Պոչամբարները Ներդրումային ծրագրի իրագործման նպատակով եւ ամբողջ ժամանակահատվածի համար համապատասխան պայմանագրերի հիման վրա հանձնվում են ծրագիր իրականացնողին` օգտագործման եւ կառավարման իրավունքով:
2. Պոչամբարների նկատմամբ կառուցապատման եւ կառավարման իրավունքները ծրագիր իրականացնողին փոխանցվում են Հայաստանի Հանրապետության (կամ համապատասխան համայնքի), ծրագիրն իրականացնողի եւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության միջեւ կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա, որն ուժի մեջ է մտնում`
1) Ողջիի պոչամբարի եւ Փխրուտի պոչամբարի մասով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մաստեր պլանը հաստատվելու հաջորդ օրվանից.
2) Արծվանիկի պոչամբարի մասով` սույն օրենքին եւ Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերով սահմանված կարգով կոնսերվացվելու կամ դրա շահագործումը դադարեցվելու օրվանից:
3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված եռակողմ պայմանագրով պետք է նախատեսվեն հետեւյալ էական պայմանները`
1) գործարքի առարկան` համապատասխան պոչամբարների նկատմամբ Հայաստանի Հանրապետության (կամ համապատասխան համայնքի) եւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ծրագիր իրականացնողին փոխանցվող իրավունքները.
2) պոչամբարի, որի նկատմամբ իրավունքները փոխանցվում են, գույքի` ինժեներական կառույցների կազմի եւ հողամասերի նկարագիրը.
3) կառուցապատման եւ կառավարման իրավունքների ժամկետը.
4) համապատասխան պոչամբարի նկատմամբ ծրագիր իրականացնողի իրավունքները դադարելու օրվան հաջորդող օրվանից այդ պոչամբարի նկատմամբ համապատասխան իրավունքները, օգտակար հանածոների արդյունահանման կամ մշակման արդյունքում առաջացած ապարների կուտակումները տեղադրելու նպատակով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու` Հայաստանի Հանրապետության (կամ համապատասխան համայնքի) պարտավորությունը.
5) ծրագիր իրականացնողին փոխանցվող իրավունքների ծավալը, այդ թվում` ծրագիր իրականացնողին փոխանցվող գույքային իրավունքների ծավալը, հանձնված գույքի՝ ըստ նպատակային նշանակության օգտագործման իրավունքը, օգտագործման եւ կառավարման իրավունքը, համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի հետ համաձայնեցնելով` վերանորոգումներ եւ վերափոխումներ կատարելու իրավունքը, ընդ որում, ծրագիր իրականացնողին փոխանցվող իրավունքների ծավալը չի կարող ամբողջությամբ եւ (կամ) մասնակիորեն սահմանափակվել որեւէ պայմանով, բացառությամբ բնապահպանական, տեխնիկական անվտանգության եւ այլ հարցերով` իրավական ակտերով նախատեսված պարտադիր պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ մասնավոր լցակույտերի նկատմամբ գրավի իրավունքով.
6) ծրագիր իրականացնողի պարտականությունները, այդ թվում` ինժեներական կառույցների ընթացիկ մոնիթորինգ, սպասարկում, պահպանություն, վնասման դեպքում՝ վերանորոգում, անվտանգության նկատմամբ հսկողություն իրականացնելու պարտականությունները.
7) ծրագիր իրականացնողի կողմից հաշվետվություններ ներկայացնելու ընթացակարգը, բովանդակությունը, ձեւը եւ ժամկետները.
8) պայմաններ` պայմանագիրն ուժի մեջ մտնելու եւ գործողության ժամկետների, հողամասերի նկատմամբ գույքային իրավունքների դիմաց համայնքային բյուջեներ վճարվող հատուցումների, ինչպես նաեւ կառավարման իրավունքները անհատույց տրամադրվելու վերաբերյալ:
4. Կոնսերվացված պոչամբարների շահագործման վիճակի բերելը իրականացվում է համապատասխան նախագծի հիման վրա եւ այնպես, որ բացառվի դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությանը, համայնքներին, բնակչությանը, ինչպես նաեւ շրջակա միջավայրին հնարավոր վնաս պատճառելը:
5. Կոնսերվացված պոչամբարները շահագործման վիճակի բերելու արդյունքում սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված վնաս պատճառելու, դրանց արդյունքները վերացնելու ողջ պատասխատավությունը կրում է ծրագիր իրականացնողը:
Հոդված 11. Մասնավոր լցակույտերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության գրավի իրավունքը
1. Մասնավոր լցակույտերի նկատմամբ ծրագիր իրականացնողի սեփականության իրավունքի ծագելու հետ միաժամանակ սույն օրենքի ուժով դրանք համարվում են առաջնային գրավի իրավունքով գրավադրված՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության` որպես Ներդրումային ծրագիրն իրականացնելու պարտավորության կատարումն ապահովող միջոց:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գրավի իրավունքից բխող հարաբերությունները ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս լիազոր մարմնի, եւ ծրագիր իրականացնողի միջեւ կնքվող գրավի պայմանագրի միջոցով` առանց պետական գրանցման:
3. Մասնավոր լցակույտերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության գրավի իրավունքի առկայությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ ծրագիր իրականացնողի կողմից դրանք մշակելու կամ այլ կերպ օգտագործելու համար: Մասնավոր լցակույտի որեւէ խմբաքանակի մշակման կամ այլ կերպ ձեւափոխման պահից այդ խմբաքանակի նկատմամբ գրավի իրավունքը դադարում է: Մասնավոր լցակույտերի նկատմամբ գրավի իրավունքը չի տարածվում դրանց մշակման կամ այլ կերպ վերափոխման հետեւանքով ստացված արդյունքների վրա:
4. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված պայմանագրում, այլ դրույթներից բացի, պետք է նախատեսվեն նաեւ դրույթներ`
1) գրավ դրված մասնավոր լցակույտերի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու Հայաստանի Հանրապետության իրավունքի վերաբերյալ.
2) Հայաստանի Հանրապետության կողմից ծրագիր իրականացնողի դիմումին համաձայնություն տալու կարգի վերաբերյալ, որպեսզի մասնավոր լցակույտերը դառնան այլ գրավի առարկա, եթե Ներդրումային ծրագիրը դիմելու պահին իրականացվում է մաստեր պլանին եւ սույն օրենքին համապատասխան.
3) գրավ դրված մասնավոր լցակույտերի վրա բռնագանձում տարածելու հիմքերի վերաբերյալ.
4) ծրագիր իրականացնողի կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման հարգելի պատճառների վերաբերյալ, որոնք են`
ա. անհաղթահարելի ուժը` տվյալ պայմաններում արտակարգ եւ անկանխելի հանգամանքները` բնական աղետները, պատերազմը կամ այլ հանգամանքներ, որոնք հնարավոր չէ կանխատեսել, եւ որոնց վերացումը կախված չէ ծրագիրն իրականացնողի կամքից,
բ. օտարերկրյա պետությունների կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ կիրառված սանկցիաները եւ տնտեսական այլ սահմանափակումներ, որոնք անհնար են դարձնում Ներդրումային ծրագրի իրականացումը,
գ. Հայաստանի Հանրապետության եւ (կամ) համապատասխան համայնքների կողմից սույն օրենքով, այլ օրենքներով, հաստատված մաստեր պլանով նախատեսված պարտականությունների չկատարումը.
5) ծրագիր իրականացնողի կողմից սույն հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հարգելի պատճառների առկայության հիմքով ստանձնած պարտավորությունների չկատարման դեպքում ծրագիր իրականացնողի նկատմամբ պատասխանատվության միջոցների չկիրառման վերաբերյալ:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավասու է` ծրագիր իրականացնողի հիմնավոր առաջարկի հիման վրա ամբողջությամբ կամ մասնակիորեն վաղաժամկետ դադարեցնել մասնավոր լցակույտերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության գրավի իրավունքը: Մասնավոր լցակույտերի կամ դրանց համապատասխան մասերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության գրավի իրավունքը դադարում է Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 12. Պետական հսկողությունը Ներդրումային ծրագրի իրականացման նկատմամբ
1. Սույն օրենքով կարգավորվող հարաբերություններում Հայաստանի Հանրապետության լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինն է:
2. Մաստեր պլանի հաստատումից հետո ծրագիր իրականացնողը պարտավոր է մինչեւ գործարանի կառուցման ավարտը եւ փաստացի գործարկումը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո՝ երկու ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին ներկայացնել գործարանի կառուցման հաշվետվություն` մաստեր պլանով սահմանված ձեւով եւ բովանդակությամբ:
3. Լիազոր մարմինը Ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում մոնիթորինգի իրավունք ունի առանց միջամտելու ծրագիր իրականացնողի բնականոն գործունեությանը: Մոնիթորինգ իրականացնելիս լիազոր մարմինը տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ կարող է պահանջել սույն օրենքով նախատեսված պարտավորությունների եւ մաստեր պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվություն, որը պետք է ներկայացվի սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում, ուսումնասիրել հաշվետվությամբ ներկայացված տեղեկատվությունը եւ ներկայացնել առաջարկություններ, ինչպես նաեւ մոնիթորինգի արդյունքների հիման վրա տեղեկացնել սույն օրենքով եւ մաստեր պլանով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ դրանցից շեղումների վերաբերյալ:
4. Ծրագիր իրականացնողը սույն օրենքի հիման վրա իրեն փոխանցված գույքը կամ իրավունքը երրորդ անձի փոխանցելիս պարտավոր է ստանալ լիազոր մարմնի համաձայնությունը:
Հոդված 13. Հայաստանի Հանրապետության եւ համայնքների գործողությունները մաստեր պլանը հաստատվելուց հետո
1. Մաստեր պլանի հաստատումից հետո Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի համապատասխան համայնքները ուղղակի վաճառքի ձեւով` հողամասերի կադաստրային արժեքի չափով հատուցման դիմաց, ծրագիր իրականացնողի սեփականությանը կհանձնեն համայնքի սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնց տարածքում նախատեսվում է կառուցել գործարանը` ըստ մաստեր պլանի:
2. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված հողամասերի նպատակային նշանակությունը չի համապատասխանում գործարանը կառուցելու եւ շահագործելու համար անհրաժեշտ նպատակային նշանակությանը, ապա համապատասխան համայնքները հողամասերն օտարելու օրվանից ոչ ուշ, քան տասն օրվա ընթացքում կնախաձեռնեն եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետում կփոփոխեն դրանց նպատակային նշանակությունը: Հողամասերի նպատակային նշանակության փոփոխման դեպքում կադաստրային արժեքի տարբերության գումարները վճարում է ծրագիր իրականացնողը:
3. Եթե հաստատված մաստեր պլանով անհրաժեշտ լինի օգտագործել Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող այնպիսի հողամաս, որը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքին համապատասխան, չի կարող սեփականության իրավունքով պատկանել իրավաբանական եւ ֆիզիկական անձանց, այդ հողամասերի նկատմամբ մաստեր պլանը հաստատվելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սահմանվող սերվիտուտը սույն օրենքի ուժով կլինի անվճար եւ մշտական:
4. Հայաստանի Հանրապետությունը եւ համապատասխան համայնքները Ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում աջակցում են ծրագիր իրականացնողին, այդ թվում` իրենց իրավասությունների շրջանակում ցուցաբերում են անհրաժեշտ մասնագիտական, տեղեկատվական, արխիվային աջակցություն, ծրագիր իրականացնողի եւ գործարանի կարիքներն ապահովելու համար հնարավոր ողջամիտ կարճ ժամկետում ծրագիր իրականացնողի հետ կնքում են սույն օրենքից եւ հաստատված մաստեր պլանից բխող պայմանագրերը:
ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 14. Ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գույքի եւ գույքային իրավունքների փոխանցման առնչությամբ արտոնությունները
1. Ծրագիր իրականացնողը սույն օրենքի ուժով ազատվում է բոլոր կիրառելի հարկերից եւ այլ պարտադիր վճարներից (բացառությամբ համայնքային բյուջե վճարվող), որոնք առաջանում են կապված պետական լցակույտերի, պոչատարի լցակույտերի, մաստեր պլանով նախատեսված գույքային իրավունքների փոխանցումների հետ, ինչպես նաեւ սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված` մասնավոր լցակույտների նկատմամբ բռնագանձում տարածելու հետեւանքով ծրագիր իրականացնողի սեփականության իրավունքի դադարման եւ Հայաստանի Հանրապետությանը դրանց հետ փոխանցման դեպքում:
2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն տարածվում գույքային իրավունքների պետական գրանցման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված վճարների վրա, որոնք ծրագիրն իրականացնողի կողմից ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետներում:
Հոդված 15. Ներդրումային ծրագրի իրականացման նպատակով լցակույտերը եւ պոչատարի լցակույտերը սեփականության իրավունքով հանձնելու առնչությամբ արտոնությունները
1. Արծվանիկի պոչամբարում մինչեւ 2011 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կուտակված պետական լցակույտերի նկատմամբ սեփականության իրավունքի հանձնումը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը, գույքային իրավունքների փոխանցումը վերջինիս կամ նրա իրավահաջորդին` սույն օրենքի ուժով, ազատվում է բոլոր հարկերից եւ այլ պարտադիր վճարներից:
2. Արծվանիկի պոչամբարի լցակույտերը եւ պոչատարի լցակույտերը Հայաստանի Հանրապետության սեփականությանը հանձնելու հետ կապված՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը կամ նրա իրավահաջորդը սույն օրենքի ուժով ազատվում է բոլոր կիրառելի հարկերից եւ այլ պարտադիր վճարներից:
3. Ներդրումային ծրագրի եւ մաստեր պլանի շրջանակներում պետական լցակույտերի, պոչատարի լցակույտերի, այլ գույքի եւ գույքային իրավունքների փոխանցումը, սեփականության իրավունքով հանձնումը ծրագիր իրականացնողին ազատվում է բոլոր հարկերից եւ այլ պարտադիր վճարներից (բացառությամբ համայնքային բյուջե վճարվողի):
4. Սույն օրենքով սահմանված Ներդրումային ծրագրի եւ մաստեր պլանի շրջանակներում այլ գույքի եւ գույքային իրավունքների փոխանցումը, սեփականության իրավունքով հանձնումը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանն ազատվում է բոլոր հարկերից եւ այլ պարտադիր վճարներից:
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
Հոդված 16. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելվածներ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
16.07.2015
ՀՕ-102