Armenian      
Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.11.2015

Հոդված 1. «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության2014 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-156-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) վերնագրից եւ ամբողջ տեքստից հանել «գյուղական» բառը:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետը «ավելացված արժեքի հարկից» բառերից հետո լրացնել «, եթե Ցանկում ներառված սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով իրենց գրանցման վայրի հարկային մարմին չեն ներկայացրել սույն ենթակետով նախատեսված արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ հայտարարություն» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Ցանկում ներառված սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնող՝ օրենքով սահմանված կարգով ավելացված արժեքի հարկ վճարող համարվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը կարող են հրաժարվել սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված արտոնությունից իրենց գրանցման վայրի հարկային մարմին՝ վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձեւով արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու դեպքում հայտարարությունը ներկայացնելու օրվան հաջորդող օրվանից:

Արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու դեպքում ավելացված արժեքի հարկ վճարող համարվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերն արտոնությունից հրաժարվելու օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանում կարող են հաշվանցել Ցանկում ներառված սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեության հետ անմիջականորեն կապված՝ մինչեւ արտոնությունից հրաժարվելու պահն առկա միայն վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների ապրանքային մնացորդի մասով մատակարարների տրամադրած հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում մաքսային հայտարարագրերում, իսկ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների գծով՝ ներմուծման հարկային հայտարարագրերում) առանձնացված եւ նախկինում չհաշվանցված ավելացված արժեքի հարկի գումարները:

Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը հետագա հաշվետու ժամանակաշրջաններում չեն կարող օգտվել նշյալ արտոնությունից:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

02.12.2015
ՀՕ-141