Armenian      
Քրեական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.05.2016

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 103.1-ին հոդվածի 1-ին մասի «215-րդ հոդվածով» բառերը փոխարինել «215.1-ին, 235.1-ին եւ 267.1-ին հոդվածներով» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասը «հաշվարկներ» բառից հետո լրացնել «, հայտարարագրեր» բառով:

Հոդված 3. Օրենսգրքի 208-210-րդ հոդվածների վերնագրերի եւ հոդվածների ամբողջ տեքստի «Ակցիզային դրոշմանիշներ եւ հսկիչ նշաններ (դրոշմապիտակներ)» բառերը եւ դրանց համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «Ակցիզային դրոշմանիշեր եւ (կամ) դրոշմապիտակներ» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 4. Օրենսգրքի 211-րդ հոդվածի վերնագիրը եւ 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 211. Ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման կանոնները խախտելը

1. Ակցիզային դրոշմանիշերի եւ (կամ) դրոշմապիտակների մեկից ավելի անգամ օգտագործման հնարավորությունը չբացառող ձեւով կամ առանց դրանց վերաբերյալ սահմանված կարգով էլեկտրոնային գրանցման կատարման կամ դրոշմավորման ենթակա ապրանքները ոչ այդ արտադրատեսակի դրոշմավորման համար տրամադրված ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ)  դրոշմապիտակներով դրոշմավորված կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` իրացման համար թույլատրելի ժամկետներից հետո որոշակի թվագրումով ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորված, ինչպես նաեւ որոշակի տարողությամբ տարաների համար տրամադրված ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) էլեկտրոնային գրանցում կատարված դրոշմապիտակներով այլ տարողություն ունեցող տարաներով (տուփերով) տարայավորված` դրոշմավորված ապրանքներն իրացնելը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով կազմում է հիսուն հազարից մինչեւ հինգ հարյուր հազար դրամ՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկից հազարապատիկի չափով:»:

Հոդված 5. Օրենսգրքի 215-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենսգիրքը  լրացնել  հետեւյալ  բովանդակությամբ 215.1-ին հոդվածով.

«Հոդված 215.1.  Կանխիկ դրամական միջոցների եւ (կամ) վճարային գործիքների մաքսանենգությունը

1. Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների եւ (կամ) վճարային գործիքների մաքսանենգությունը, որը կատարվել է խոշոր չափերով՝

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մինչեւ երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) առանձնապես խոշոր չափերով.

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ.

3) պաշտոնեական դիրքն օգտագործելով`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) կազմակերպված խմբի կողմից.

2) մաքսային կամ սահմանային հսկողություն իրականացնող անձի նկատմամբ բռնություն գործադրելով՝

պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

4. Սույն հոդվածով նախատեսված արարքը համարվում է խոշոր չափերով կատարված, եթե անօրինական տեղափոխված կանխիկ դրամական միջոցների գումարը եւ (կամ) անօրինական տեղափոխված վճարային գործիքների արժեքը գերազանցում է  Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրությամբ թույլատրելի, առանց գրավոր հայտարարագրման տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների եւ (կամ) վճարային գործիքների արժեքի կրկնապատիկը, իսկ առանձնապես խոշոր չափերով կատարված՝ եթե անօրինական տեղափոխված կանխիկ դրամական միջոցների գումարի եւ (կամ) անօրինական տեղափոխված վճարային գործիքների արժեքը գերազանցում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրությամբ թույլատրելի` առանց գրավոր հայտարարագրման տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների եւ (կամ) վճարային գործիքների արժեքի հնգապատիկը:

Անօրինական տեղափոխված կանխիկ դրամական միջոցների գումարի եւ (կամ) անօրինական տեղափոխված վճարային գործիքների արժեքի չափը հաշվարկելիս անօրինական տեղափոխված կանխիկ դրամական միջոցների ընդհանուր գումարից եւ (կամ) անօրինական տեղափոխված վճարային գործիքների արժեքից ենթակա է նվազեցման այն չափը, որը Եվրասիական տնտեսական միության օրենսդրությամբ թույլատրվում է տեղափոխել առանց հայտարարագրման:

5. Սույն հոդվածով նախատեսված կանխիկ դրամական միջոցները եւ (կամ) վճարային գործիքները կամովին հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ չի պարունակում:

Սույն հոդվածով նախատեսված դրամական միջոցների եւ (կամ) վճարային գործիքների հանձնումը չի կարող դիտվել որպես կամովին հանձնում, եթե դրանք հայտնաբերվել են մաքսային հսկողության ձեւերի կիրառման, անձի ձերբակալման կամ քննչական գործողությունների կատարման ընթացքում:

6. Սույն հոդվածի իմաստով՝

1) կանխիկ դրամական միջոցներ են համարվում թղթադրամների եւ գանձապետական տոմսերի, մետաղադրամների տեսքով դրամանիշերը, բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստված մետաղադրամների, որոնք շրջանառության մեջ են գտնվում եւ օրինական վճարամիջոց են հանդիսանում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում կամ օտարերկրյա պետություններում (օտարերկրյա պետությունների խմբում), այդ թվում՝ շրջանառությունից հանված կամ հանվող, սակայն շրջանառության մեջ գտնվող դրամանիշերի հետ փոխանակման ենթակա դրամանիշերը.

2) վճարային գործիքներ են համարվում ճանապարհային չեկերը, մուրհակները, չեկերը (այդ թվում՝ բանկային), ինչպես նաեւ, ըստ ներկայացնողի, փաստաթղթային արժեթղթերը:

7. Սույն հոդվածով, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 235.1-ին եւ 267.1-ին հոդվածներով մաքսանենգություն են համարվում 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափը գերազանցող գումարով կանխիկ դրամական միջոցների եւ (կամ) վճարային գործիքների, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ընդգրկված ռազմավարական տեսակետից կարեւոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների՝ օրենքով սահմանված խոշոր չափերով, ինչպես նաեւ, անկախ չափերից, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ (կամ) դրանց պրեկուրսորների, խիստ ներգործող, թունավոր, պայթուցիկ, ռադիոակտիվ նյութերի, ճառագայթման աղբյուրների, միջուկային նյութերի, հրազենի կամ նրա բաղկացուցիչ մասերի, բացի ողորկափող որսորդական հրազենից եւ դրա փամփուշտներից, պայթուցիկ սարքերի, ռազմամթերքի, զանգվածային ոչնչացման զենքի, դրա տեղափոխման միջոցների, այլ զինամթերքի, ռազմական տեխնիկայի, զանգվածային ոչնչացման զենք կամ դրա փոխադրման հրթիռային համակարգեր ստեղծելու համար օգտագործվող այլ նյութերի կամ սարքավորումների, միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ զենքի կամ երկակի նշանակության ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ապօրինի տեղափոխումը, որը կատարվել է առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, կամ դրանց մասին հավաստի տեղեկությունները սահմանված կարգով չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու, կամ դրանց տեղափոխման համար սահմանված կանոնները, այդ թվում՝ արգելքներն ու սահմանափակումները խախտելու, կամ մաքսային կամ այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու միջոցով:»:

Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 215.2-րդ հոդվածով.

«Հոդված 215.2.  Հայաստանի Հանրապետությունից արտահանված մշակութային արժեքները սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետություն չվերադարձնելը

Հայաստանի Հանրապետությունից արտահանված` մշակութային արժեքների պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքները սահմանված  ժամկետում Հայաստանի Հանրապետություն չվերադարձնելը, եթե դրանց վերադարձնելը Հայաստանի Հանրապետության օրենքով համարվում է պարտադիր՝

պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:»:

Հոդված 8. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 235.1-ին հոդվածով.

«Հոդված 235.1. Խիստ ներգործող, թունավոր, պայթուցիկ, ռադիոակտիվ նյութերի, ճառագայթման աղբյուրների, միջուկային նյութերի, հրազենի կամ նրա բաղկացուցիչ մասերի, բացի ողորկափող որսորդական հրազենից եւ դրա փամփուշտներից, պայթուցիկ սարքերի, ռազմամթերքի, զանգվածային ոչնչացման զենքի, դրա տեղափոխման
միջոցների, այլ զինամթերքի, ռազմական տեխնիկայի, զանգվածային ոչնչացման զենք կամ դրա փոխադրման հրթիռային համակարգեր ստեղծելու համար
օգտագործվող այլ նյութերի կամ սարքավորումների, միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ զենքի կամ երկակի նշանակության ապրանքների, ռազմավարական տեսակետից կարեւոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների մաքսանենգությունը

1. Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով խիստ ներգործող, թունավոր, պայթուցիկ, ռադիոակտիվ նյութերի, ճառագայթման աղբյուրների, միջուկային նյութերի, հրազենի կամ նրա բաղկացուցիչ մասերի, բացի ողորկափող որսորդական հրազենից եւ դրա փամփուշտներից, պայթուցիկ սարքերի, ռազմամթերքի, զանգվածային ոչնչացման զենքի, դրա տեղափոխման միջոցների, այլ զինամթերքի, ռազմական տեխնիկայի, զանգվածային ոչնչացման զենք կամ դրա փոխադրման հրթիռային համակարգեր ստեղծելու համար օգտագործվող այլ նյութերի կամ սարքավորումների, միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ զենքի կամ երկակի նշանակության ապրանքների մաքսանենգությունը՝ անկախ չափերից, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ընդգրկված ռազմավարական տեսակետից կարեւոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների մաքսանենգությունը, որը կատարվել է խոշոր չափերով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ.

2) պաշտոնեական դիրքն օգտագործելով.

3) մաքսային կամ սահմանային հսկողություն իրականացնող անձի նկատմամբ բռնություն գործադրելով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

4. Սույն հոդվածի առաջին մասում ռազմավարական տեսակետից կարեւոր հումքային ապրանքների խոշոր չափ է համարվում նվազագույն աշխատավարձի ութհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը), իսկ մշակութային արժեքների  համար՝ նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):»:

Հոդված 9. Օրենսգիրքը  լրացնել  հետեւյալ  բովանդակությամբ 267.1-ին հոդվածով.

«Հոդված 267.1. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը

1. Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ (կամ) դրանց պրեկուրսորների  մաքսանենգությունը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի չափերով.

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների խոշոր չափերով.

2) պաշտոնեական դիրքն օգտագործելով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

4. Սույն հոդվածի առաջին, երկրորդ կամ երրորդ մասերով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների առանձնապես խոշոր չափերով.

2) կազմակերպված խմբի կողմից.

3) մաքսային կամ սահմանային հսկողություն իրականացնող անձի նկատմամբ բռնություն գործադրելով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:»:

Հոդված 10. Օրենսգրքի 345-րդ հոդվածում՝

1) առաջին մասը «բռնագրավման ենթակա» եւ «միջոցներով (ավանդներով)» բառերից հետո լրացնել «խոշոր չափերով» բառերով, եւ նույն մասի «երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի» բառերը փոխարինել «հինգհարյուրապատիկից հազարապատիկի» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):»:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

07.06.2016
ՀՕ-83