Armenian      
Քրեական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.06.2016

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 184.1-ին հոդվածով.

«Հոդված 184.1. Գրավառուին վնաս պատճառելը

1. Գրավ դրված գույքը դիտավորությամբ ոչնչացնելը, թաքցնելը, օտարելը, վնասելը կամ որեւէ այլ կերպ ոչ պիտանի դարձնելը, որով խոչընդոտվել է գրավառուի գույքային իրավունքի իրականացումը, եւ նրան պատճառվել է Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկը գերազանցող գումարի չափով վնաս՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:

2. Նույն գործողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կամ գրավառուին պատճառվել է Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը գերազանցող գումարի չափով վնաս՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչեւ երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածով նախատեսված արարքները կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

07.07.2016
ՀՕ-112