ՕՐԵՆՔԸ
«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-261 օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 33.1-ին եւ 33.2-րդ հոդվածներով.
« Հոդված 33.1. Պետական տուրքը
Սույն օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված թույլտվության համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով եւ չափով:
Հոդված 33.2.Պետական տուրքի վճարումը
1. Լիազոր մարմինը թույլտվության տրման մասին որոշման ընդունումից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ ձեւով այդ մասին տեղեկացնում է հայտատուին: Տեղեկացմամբ հայտատուն պետք է նախազգուշացվի սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հետեւանքների մասին:
2. Հայտատուն սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ծառայության մատուցման համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան թույլտվության տրման հայտը բավարարելու մասին պատշաճ ձեւով տեղեկացումից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
3. Հայտատուն լիազոր մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Հայտատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիազոր մարմինը թույլտվության հայտը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի՝ սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետում վճարված լինելու մասին եւ հայտատուին պատշաճ ձեւով հանձնում կամ ուղարկում է թույլտվությունը, ինչպես նաեւ դրա վերաբերյալ համապատասխան որոշումը:
4. Թույլտվությունն ուժի մեջ է մտնում թույլտվության տրամադրման որոշման մասին պատշաճ ձեւով տեղեկացումից հետո, իսկ հայտատուի կողմից պետական տուրքը թույլտվության տրամադրման որոշման մասին պատշաճ ձեւով տեղեկացումից հետո վճարման դեպքում՝ հայտատուի կողմից պետական տուրքը վճարվելու օրվանից: Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում լիազոր մարմնի կայացրած համապատասխան որոշումը չեղյալ է ճանաչվում:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
18.07.2016
ՀՕ-126