Armenian      
Նույնականացման քարտերի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 29.06.2016

Հոդված 1. «Նույնականացմանքարտերիմասին»Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-286-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի «Գործունակ» բառը փոխարինել «16 տարին լրացած» բառերով.

2) 4-րդ մասը`

ա. «համաձայնությամբ» բառից առաջ լրացնել «գրավոր» բառով,

բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասով նախատեսված դեպքերում դիմումներին կցվում է խնամակալ կամ հոգաբարձու հանդիսանալու փաստը հավաստող փաստաթուղթ:»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում`

1)լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Նույնականացման քարտում անվան եւ ազգանվան անգլերեն, ինչպես նաեւ անվան, ազգանվան եւ հայրանվան հայերեն ամրագրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:».

2) 6-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.

«2.1) 18 տարին լրացած չլինելու դեպքում՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ ծնողների եւ երեխայի գրավոր համաձայնությունները, եթե դիմումատուն չունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր: Եթե ծնողն անձամբ չի կարող ներկայացնել համաձայնությունը, ապա ներկայացվողհամաձայնության վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով.».

3) 7-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.

«3.1) սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 3-րդ կետերով նախատեսված դեպքերում` իրավասու մարմնի կողմից տրված փոփոխությունը կամ անճշտությունը հավաստող փաստաթուղթ.».

4) 8-րդ մասի`

ա. երկրորդ նախադասության «ցուցամատների» բառը փոխարինել «բոլոր մատների» բառերով,

բ. երրորդ նախադասությունը հանել.

5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին մասով.

«8.1. ՀայաստանիՀանրապետությանկառավարությանորոշմամբ սահմանված դեպքերում եւ կարգով նույնականացման քարտ ստանալու (փոխանակելու) համար դիմող անձի լուսանկարահանումն իրականացվում, եւ մատնադրոշմները վերցվում են իր բնակվելու (գտնվելու) վայրում՝ առանց իրավասու մարմին ներկայանալու:».

6) 11-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

7) 12-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«12. Նույնականացման քարտ տրամադրելը (փոխանակելը) մերժվում է, եթե`

1) դիմումատուն չի ներկայացրել օրենքով պահանջվող փաստաթղթերը.

2) դիմումատուն հաշվառված չէ բնակչության պետական ռեգիստրում.

3) դիմումատուն ներկայացրել է ակնհայտ կեղծ փաստաթղթեր.

4) դիմումատուն չի ներկայացրել օրենսդրությամբ նախատեսված պահանջներին համապատասխան կազմված փաստաթղթեր.

5) դիմումատուի ներկայացրած փաստաթղթերում առկա են անճշտություններ եւ (կամ) հակասություններ.

6) դիմումատուի ներկայացրած փաստաթղթերում առկա են այնպիսի ջնջումներ, որոնք նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) համար ունեն էական նշանակություն (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, ծնողների վերաբերյալ տվյալներ, ծննդավայր, զինապարտին տրվող տարկետման ժամկետ եւ այլն), կամ ջնջումով են փաստաթղթի հիմնական վավերապայմանները (սերիա, համար, պաշտոնատար անձի ստորագրություն եւ այլն):».

8) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.1-ին մասով.

«12.1. Սույն հոդվածի 12-րդ մասի 1-2-րդ, 4-6-րդ կետերով նախատեսված հիմքերը նույնականացման քարտը տպագրվելուց հետո պարզվելու դեպքում տպագրված նույնականացման քարտը չի տրամադրվում քաղաքացուն մինչեւ նշված հիմքերի վերանալը, իսկ նույնականացման քարտի վավերականության ժամկետը լրանալու դեպքում այն սույն օրենքով սահմանված կարգով ճանաչվում է անվավեր: Սույն հոդվածի 12-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքը նույնականացման քարտը տպագրվելուց հետո պարզվելու դեպքում տպագրված նույնականացման քարտը քաղաքացուն հանձնելու կամ անվավեր ճանաչելու հարցը լուծվում է կեղծ փաստաթղթեր ներկայացնելու համար օրենքով սահմանված պատասխանատվությանհարցը լուծվելուց հետո:».

9) 14-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«14. Նույնականացման քարտը տրամադրելիս քաղաքացուն վերադարձվում են սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով (բացառությամբ դիմումի եւ գրավոր համաձայնության), սույն հոդվածի 6-րդ մասի 2-4-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, տրամադրելը մերժելիս` սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով (բացառությամբ դիմումի), սույն հոդվածի 6-րդ մասի 2-6-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, փոխանակելիս՝ սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով նախատեսված փաստաթղթերը (բացառությամբ դիմումի եւ գրավոր համաձայնության), փոխանակելը մերժելիս` սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով (բացառությամբ դիմումի), սույն հոդվածի 7-րդ մասի 2-4-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը: Ակնհայտ կեղծ փաստաթղթերը քաղաքացուն չեն վերադարձվում:»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ եւ 10-րդ կետերով.

«9) տպագրված նույնականացման քարտը չի տրամադրվել քաղաքացուն սույն օրենքով նախատեսված դեպքերում.

10) անձնագիր եւ նույնականացման քարտ ունեցող քաղաքացին տվյալների փոփոխության կամ անճշտության հիմքով դիմել է միայն անձնագիրը փոխանակելու համար:».

3) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում նույնականացման քարտը ճանաչվում է անվավեր` անձնագրային համակարգի ավտոմատացված համալիրի պահոցում ծրագրային ապահովմամբ համապատասխան նշում կատարելու եղանակով:»:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում «2014» թիվը փոխարինել «2019» թվով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ 2-րդ հոդվածի 4-րդ կետը` 2016 թվականի սեպտեմբերի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

18.07.2016
ՀՕ-130