Armenian      
Քրեական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.12.2016

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 189.1-ին հոդվածով.

«Հոդված 189.1. Ֆինանսական բուրգ ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը

1. Ֆինանսական բուրգը կամ դրա մի մասը ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը՝

պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկ տարի ժամկետով կամ առանց դրա:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները`

1) որոնց  արդյունքում ֆինանսական բուրգում ներգրավվել է խոշոր չափերով գումար կամ գույք,

2) որոնք անձանց, կազմակերպություններին կամ պետությանը պատճառել են խոշոր չափի վնաս,

3) որոնք կատարվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով`

պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա:

3.      Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները`

1)     որոնց արդյունքում ֆինանսական բուրգում ներգրավվել է առանձնապես խոշոր չափերով գումար կամ գույք,

2)     որոնք անձանց, կազմակերպություններին կամ պետությանը պատճառել են առանձնապես խոշոր չափի վնաս,

3)           որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից`

պատժվում են ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

4.      Սույն հոդվածի իմաստով՝ ֆինանսական բուրգը գույքի ներգրավմանն ուղղված գործունեություն է (բացառությամբ հատուկ թույլտվության (լիցենզիայի) հիման վրա իրականացվող լիցենզավորման ենթակա գործունեության), որով գույք ներդրող կամ ֆինանսական բուրգում առաջարկվող գույքի կամ ծառայության դիմաց վճարում կատարող անձանց առաջարկվող նյութական օգուտը պայմանավորվում է բացառապես նոր ներդրողների ներգրավումից ստացված գույքի հաշվին` առանց նշված գույքը իրական ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու մտադրության:

5.      Սույն հոդվածում խոշոր չափ եւ խոշոր գույքային վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից տասնհինգհազարապատիկը չգերազանցող գումարը, իսկ առանձնապես խոշոր չափ եւ առանձնապես խոշոր գույքային վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգհազարապատիկը գերազանցող գումարը:

6.      Սույն հոդվածում գույքային վնասի հաշվարկման համար հիմք է հանդիսանում բուրգում ներգրավված բոլոր անձանց, այդ թվում՝ կազմակերպություններին, ինչպես նաեւ պետությանը պատճառված միասնական վնասը:

7.      Ֆինանսական բուրգը  կամ դրա մի մասը ստեղծող, կազմակերպող կամ ղեկավարող անձը ազատվում է սույն հոդվածով սահմանված  քրեական պատասխանատվությունից, եթե այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին, նպաստել է ֆինանսական բուրգի գործունեության խափանմանը եւ հատուցել է ֆինանսական բուրգի՝ իր կողմից ստեղծված, կազմակերպված կամ ղեկավարվող մասի գործունեության հետեւանքով պատճառված վնասները, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

28.12.2016
ՀՕ-216