Armenian      
Պետական նպաստների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.12.2016
Հոդված 1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների գործունեության մեթոդական ղեկավարում ու վերահսկողություն իրականացնող մարմնի հետ համատեղ սահմանած կարգով, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստանում է պետական նպաստ նշանակելու (ընտանիքի անապահովության աստիճանը գնահատելու) համար անհրաժեշտ՝ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վերաբերյալ տեղեկություններ:»:

Հոդված 2. Օրենքի 23.1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Oտարերկրյա քաղաքացի` չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է, եթե նա հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով:»:

Հոդված 3. Օրենքի 23.2-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «նշանակվում է» բառերից հետո լրացնել «(չաշխատող անձը ձեռք է բերում մայրության նպաստ ստանալու իրավունք)» բառերով.

2) 5-րդ մասի «նպաստի» բառը փոխարինել «նպաստ ստանալու» բառերով:

Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «հասցեով» բառից հետո լրացնել «, եւ նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը, կամ ծնողը եւ նոր ծնված երեխան դիմելու օրվա դրությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում (եթե նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը): Օտարերկրյա քաղաքացի ծնողին երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե նոր ծնված երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծնողն առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով, եւ օտարերկրյա պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ չի նշանակվել (վճարվել)» բառերով.

2) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Եթե ծնողը օտարերկրյա քաղաքացի է, ինչպես նաեւ, եթե ներկայացվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստը երրորդ եւ հաջորդ երեխայի համար սահմանված չափով վճարելու դիմում, եւ նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը, ապա երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե օտարերկրյա պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ չի նշանակվել (վճարվել):».

3) 6-րդ մասի «օրվանից» բառը փոխարինել «ամսվանից» բառով.

4) 9-րդ մասի 2-րդ կետի «օրվան» բառը փոխարինել «ամսվան» բառով:

Հոդված 5. Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ օրինական ներկայացուցչի (ծնողի, խնամակալի, որդեգրողի) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունքը դադարում է համապատասխան հանգամանքը ծագելու օրվան հաջորդող օրվանից, եթե՝

1) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը մահացել է կամ դատական կարգով ճանաչվել է մահացած կամ անհայտ բացակայող կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ զրկվել է ծնողական իրավունքներից, կամ սահմանափակվել են նրա ծնողական իրավունքները, կամ

2) հաշվետերը կամ սույն օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասում նշված երեխաներից մեկը տեղավորվել է բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը) կամ ձեռք է բերել առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ, կամ

3) լրացել է հաշվետիրոջ 18 տարին, կամ

4) վերացել են սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված այն հանգամանքները, որոնց հիման վրա անձը ձեռք է բերել ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք, կամ

5) ներկայացվել է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի` նոտարական կարգով վավերացված համաձայնությունը` ընտանեկան դրամագլուխը հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) մյուս ծնողի կողմից տնօրինելու վերաբերյալ:»:

Հոդված 6. Օրենքի 27-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «հասցեով» բառից հետո լրացնել «եւ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում» բառերով.

2) 5-րդ մասից հանել «կարգով» բառը:

Հոդված 7. Օրենքի 28-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասում՝

ա. նախաբանը «նշանակվում է» բառերից հետո լրացնել «դիմումը խնամքի արձակուրդում գտնվելու ընթացքում ներկայացվելու դեպքում» բառերով,

բ. 1-ին կետից հանել «ամսվա 1-ից հետո՝» բառերը,

գ. 2-րդ կետի «խնամքի արձակուրդն սկսելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից վեց ամիս հետո» բառերը փոխարինել «սույն մասի 1-ին կետում նշված ժամկետը լրանալուց հետո» բառերով.

2) 4-րդ մասի «Երեխայի խնամքի նպաստ ստանալու իրավունք ունեցող» բառերը փոխարինել «Խնամքի արձակուրդում գտնվող» բառերով.

3) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Տարածքային կենտրոնը մերժում է խնամքի նպաստ նշանակելը, եթե՝

1) ծնողը չունի խնամքի նպաստի իրավունք (առկա չէ սույն օրենքի                        27-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նշված պայմաններից առնվազն մեկը), կամ

2) սույն օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասում նշված տեղեկատվական բազայում առկա չեն խնամքի արձակուրդում գտնվելու (եթե անձը Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի հիման վրա վարձու աշխատանք է կատարում մեկից ավելի գործատուների մոտ, ապա բոլոր գործատուների մոտ խնամքի արձակուրդում գտնվելու) վերաբերյալ տվյալներ, կամ

3) չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները), կամ

4) երեխան գտնվում է բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը) կամ ունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ:».

4) 14-րդ մասը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«14. Խնամքի նպաստ նշանակելը մերժելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ խնամքի նպաստ նշանակելու դիմումում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը, խնամքի նպաստ նշանակելու եւ վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:»:

Հոդված 8. Օրենքի 28.1-ին հոդվածում՝

1) 1-ին մասում՝

ա. 3-րդ կետի «դադարելու» բառը փոխարինել «լուծվելու» բառով,

բ. 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) ծնողի՝ աշխատանքի անցնելու դեպքում (խնամքի արձակուրդի ժամկետը լրանալու կամ խնամքի արձակուրդը, մինչեւ ժամկետը լրանալը, ընդհատվելու դեպքում), իսկ եթե ծնողը աշխատում է մեկից ավելի գործատուների մոտ, ապա որեւէ գործատուի մոտ աշխատանքի անցնելու դեպքում (խնամքի արձակուրդի ժամկետը լրանալու կամ խնամքի արձակուրդը, մինչեւ ժամկետը լրանալը, ընդհատվելու դեպքում).»,

գ. 5-րդ կետի «ծնողի աշխատանքի անցնելու (խնամքի արձակուրդն ավարտվելու) կամ» բառերը փոխարինել «ծնողի՝» բառով,

դ. 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) անձին Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ խնամքի նպաստ նշանակված լինելու դեպքում.».

2) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) երեխայի եւ (կամ) ծնողի՝ Հայաստանի Հանրապետությունից անընդմեջ վեց ամիս եւ ավելի ժամկետով բացակայելու դեպքում՝ այդ ժամկետը լրանալու օրվան հաջորդող ամսվա 1-ից:».

3) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված հիմքով խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելու դեպքում խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է գրավոր դիմումի հիման վրա, եթե դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ անձն ունի խնամքի նպաստի իրավունք: Այս դեպքում խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է՝

1) կրկին խնամքի նպաստի իրավունք ձեռք բերելու (կրկին խնամքի արձակուրդում գտնվելու) օրվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են կրկին խնամքի նպաստի իրավունք ձեռք բերելու (կրկին խնամքի արձակուրդում գտնվելու) ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում.

2) դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են սույն մասի 1-ին կետում նշված ժամկետը լրանալուց հետո:».

4)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքի, խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո խնամքի նպաստ ստանալու իրավունքը չի վերականգնվում: Եթե խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո ծնողը ձեռք է բերում խնամքի նպաստի իրավունք, ապա այս դեպքում դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից նշանակվում է խնամքի նպաստ:».

5) 5-րդ մասի 1-ին կետի «օրվանից» բառը փոխարինել «դիմումը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից» բառերով.

6) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է յուրաքանչյուր հաջորդ ամսվա խնամքի նպաստի գումարի հետ` մինչեւ սույն օրենքով սահմանված կարգով խնամքի նպաստը վճարելը դադարեցնելը: Եթե խնամքի նպաստ վճարելը դադարեցվել է, ապա չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է դիմումի (այդ թվում՝ սույն հոդվածի 4.1-ին մասում նշված դիմումի) հիման վրա՝ դիմումը ներկայացնելու ամսվան նախորդող վեցամսյա ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում անձն ունեցել է խնամքի նպաստ ստանալու իրավունք: Խնամքի նպաստ վճարելը վերսկսելու դեպքում չվճարված խնամքի նպաստի գումարը (այդ թվում՝ դիմելու ամսվա նպաստի գումարը) վճարվում է միանվագ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում:».

7)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ  6.1-ին մասով.

«6.1. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված խնամքի նպաստի գումարը վճարվում է ծնողի, իսկ ծնողի մահվան պատճառով չվճարված խնամքի նպաստի գումարը` սույն հոդվածի 7-րդ մասում նշված անձանց գրավոր դիմումի հիման վրա՝ անկանխիկ կամ կանխիկ եղանակով՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում: Այդ ժամկետում չվճարված խնամքի նպաստի գումարը չվճարելու դեպքում այն վճարվում է, եթե դիմումատուն կրկին դիմել է դիմելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում:».

8) 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8. Խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու, վերականգնելու, խնամքի նպաստ վճարելը դադարեցնելու, վերսկսելու եւ չվճարված խնամքի նպաստը վճարելու պայմաններն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ համապատասխան դիմումին կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:»:

Հոդված 9. Օրենքի 32-րդ հոդվածում`

1) 7-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Այդ գումարները, մինչեւ երեխայի 18 տարեկան դառնալը կամ սահմանված կարգով պետական կազմակերպությունից հեռանալը, հաշվառվում եւ վճարվում են «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:».

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ  8.1-8.3-րդ մասերով.

«8.1. Ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձին կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակվում եւ վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

8.2. Առաջին խմբի հաշմանդամի նպաստ նշանակելու դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով՝ առաջին խմբի հաշմանդամի կենսաթոշակի համար սահմանված կարգով:

8.3. Հաշմանդամ երեխա ճանաչված անձի հաշմանդամության նպաստը նշանակվում եւ վճարվում է նաեւ այդ նպաստն օրենքով սահմանված կարգով ստանալու իրավունք ունեցող ծնողի` նպաստը մյուս ծնողին վճարելու մասին նոտարական կարգով վավերացված համաձայնության հիման վրա, եթե գրավոր դիմումը եւ համաձայնությունը ներկայացվել են տարածքային կենտրոն:»:

Հոդված 10. Օրենքի 33-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 12-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«12) անձին Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ նպաստ նշանակված լինելու դեպքում:».

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13-րդ կետով.

«13) անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող նպաստառուի` տասներկու ամիս անընդմեջ Հայաստանի Հանրապետությունից բացակայելու դեպքում (եթե նպաստը վճարվում է նպաստառուի օրինական ներկայացուցչին):».

3) 2-րդ մասը «օրվանից» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ 11-րդ կետում նշված դեպքում` կենսաթոշակ նշանակելու օրվանից» բառերով.

4) 4-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ, 13-րդ կետերով նախատեսված հիմքերով նպաստ ստանալու իրավունքը դադարեցված լինելու դեպքում` գրավոր դիմելու եւ անհրաժեշտ փաստաթղթերը նպաստառուի (անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող նպաստառուի դեպքում` նրա օրինական ներկայացուցչի) կողմից անձամբ ներկայացվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:».

5)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-9-րդ մասերով.

«7. Նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է, եթե նպաստառուն, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում, իսկ նպաստը նրա օրինական ներկայացուցչին վճարվելու դեպքում` նաեւ եթե անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող նպաստառուն գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:

8. Հաշմանդամ երեխա ճանաչված անձի հաշմանդամության նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում, նպաստ վճարելը վերսկսվում եւ չվճարված նպաստի գումարը վճարվում է նաեւ սույն օրենքի 32-րդ հոդվածի 8.3-րդ մասով սահմանված` ծնողի համաձայնության հիման վրա:

9. Ուսումնական հաստատությունում սովորող անձի՝ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում, նպաստ վճարելը վերսկսվում եւ չվճարված նպաստի գումարը վճարվում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 11. Օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են մահվանից հետո` 12 ամսվա ընթացքում» բառերը:

Հոդված 12. Օրենքի 37-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «փաստաթղթերում» բառից հետո լրացնել «կամ այլ մարմիններից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված տվյալներում» բառերով.

2) 2-րդ մասի «գումարներն» բառը փոխարինել «գումարները, բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին եւ 2.3-րդ մասերում նշված դեպքերի,» բառերով, իսկ նույն մասը «ոչ ավելի:» բառերից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ավել վճարված նպաստի գումարները, նպաստ նշանակող տարածքային կենտրոնի հետ փոխհամաձայնեցված ժամանակացույցի հիման վրա կարող են վերադարձվել նաեւ՝

1) նպաստ նշանակող տարածքային կենտրոնի այն աշխատակցի կողմից, որի մեղքով (գործողությունների կամ անգործության արդյունքում) վճարվել են նպաստի գումարները.

2) այն անձի կողմից, որին նշանակվել (վճարվել) է նպաստը, նրա օրինական ներկայացուցչի կողմից, նրանց փոխարեն նպաստն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձի կողմից կամ այլ անձի կողմից:».

3)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-2.3-րդ մասերով.

«2.1. Ժամանակավոր անաշխատունակության եւ վարձու աշխատողի, ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստների ավել վճարված գումարների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

2.2. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված նպաստի, 23.2-րդ հոդվածում նշված չաշխատող անձանց տրվող մայրության նպաստի ավել վճարված գումարները ենթակա են վերադարձման, եթե նպաստը նշանակվել է դիմումին կից սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու հիման վրա, եւ խախտումը հայտնաբերվել է նպաստը նշանակելուց հետո՝ 12 ամսվա ընթացքում:

2.3. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-9-րդ կետերով սահմանված նպաստներից պահումներ կատարելու, այդ նպաստների ավել վճարված գումարները հետ գանձելու (վերադարձնելու, բռնագանձելու) հետ կապված հարաբերությունները կարգավորվում են կենսաթոշակի ավել վճարված գումարները հետ գանձելու (Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնելու, բռնագանձելու) համար «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Սույն մասում նշված նպաստների՝ ավել վճարված գումարների չափում չեն հաշվարկվում այն գումարները, որոնք վճարվել են մինչեւ 2017 թվականի հունվարի 1-ը, բացառությամբ այն դեպքի, երբ նպաստի գումարը վճարվել է՝

1) նպաստ ստանալու իրավունք ունեցող անձի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար կամ Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետությունում նպաստ ստանալու իրավունք ունեցող անձին կենսաթոշակ նշանակելու ամսվան հաջորդող ամիսների համար կամ

2) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հետեւանքով, որը հաստատված է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով:».

4) 3-րդ մասը «հիման վրա» բառերից հետո լրացնել «սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով սահմանված նպաստների» բառերով, եւ նույն մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ կետերով սահմանված նպաստների, 23.2-րդ հոդվածում նշված չաշխատող անձանց տրվող մայրության նպաստի ավել վճարված գումարները կարող են վերադարձվել քաղաքացու հետ գրավոր համաձայնությամբ կազմված ժամանակացույցով:»:

Հոդված 13. Օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ եւ 8-րդ  մասերով.

«7. Oտարերկրյա քաղաքացուն, անկախ  հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառված լինելու  հանգամանքից, սույն օրենքով սահմանված կարգով նշանակվում եւ վճարվում է չաշխատող անձի մայրության նպաստ, եթե հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը մինչեւ 2017 թվականի հունվարի 1-ն է:

8. Եթե նոր ծնված երեխան ծնվել է մինչեւ 2017 թվականի հունվարի 1-ը, ապա երեխայի ծննդյան միանվագ նպաստը սույն օրենքով սահմանված կարգով նշանակվում եւ վճարվում է նաեւ՝

1) նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից իրականացվելու դեպքում՝ անկախ ծնողի եւ նոր ծնված երեխայի՝ դիմելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հանգամանքից.

2) oտարերկրյա քաղաքացուն՝ անկախ երեխայի ծննդյան օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառված լինելու  հանգամանքից:»:

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.12.2016
ՀՕ-223