Armenian      
Ավտոմոբիլային տրանսպորտի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.12.2016

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)  2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում բարեգործության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) «ոչ կանոնավոր փոխադրում» հասկացությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հասկացությունով.

«կաբոտաժային փոխադրում՝ որեւէ այլ պետությունում հաշվառված տրանսպորտային միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքում տեղաբաշխված երկու կետերի միջեւ իրականացվող փոխադրում.».

2) «չվացուցակ» հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«չվացուցակ՝ ժամանակացույց, որը ներառում է ավտոբուսների (միկրոավտոբուսների) մեկնման, ժամանման ժամանակի (միջպետական, միջմարզային եւ ներմարզային փոխադրումներում միջանկյալ կանգառների, ուղեւորների նստեցման համար ավտոբուսի մատուցման), տեղի եւ երթերի իրականացման հաջորդականության մասին տվյալներ.».

3) «երթուղային ավտոբուս» հասկացության «միայն սահմանված երթուղու» բառերը փոխարինել «տվյալ երթուղու սահմանված» բառերով.

4) «երթուղու սխեմա» հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«երթուղու սխեմա՝ երթուղու սպասարկման փաստաթուղթ, որը պարունակում է տեղեկություններ երթուղու կանգառների (միջպետական փոխադրումներում՝ սահմանային անցման կետերի), միջկանգառային հեռավորությունների մասին.».

5) «ապրանքատրանսպորտային բեռնագիր» հասկացությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Միջպետական բեռնափոխադրումների դեպքում ապրանքատրանսպորտային բեռնագիրը պետք է համապատասխանի «Բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների պայմանագրի մասին ՍՄՌ (CMR)» կոնվենցիայի պահանջներին.».

6) «ճանապարհային թերթիկ» հասկացության «պետհամարանիշը» բառը փոխարինել «հաշվառման համարանիշը» բառերով, իսկ «ժամանակահատվածը» բառից հետո լրացնել «(փաստացի կատարված երթերի մեկնման ժամերը)» բառերով.

7) «երթուղային թերթիկ» հասկացությունը հանել.

8) «ճանապարհային թերթիկ» հասկացությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հասկացությունով.

«երթուղային ցանց՝ համապատասխան չվացուցակներով ու սխեմաներով միջպետական, միջմարզային, ներմարզային եւ ներքաղաքային երթուղիների համակարգ.».

9) «հավաքակայան» հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«հավաքակայան՝ կայանատեղ, որտեղ առկա են վարորդների ամենօրյա բուժզննման եւ երթուղի դուրս գալուց առաջ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը վերահսկելու կետեր եւ իրականացվում են ավտոտրանսպորտային միջոցների կայանում, պահպանում (գիշերակաց) եւ վարորդների առողջական ու ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ամենօրյա նախաուղերթային զննում.»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «է» կետի «պետական» բառը հանել:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների, ուղեբեռների եւ բեռների միջպետական փոխադրումները կազմակերպվում եւ իրականացվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին եւ Հայաստանի Հանրապետության տարածքից ուղեւորների, ուղեբեռների եւ բեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգին համապատասխան: Հայաստանի Հանրապետության տարածքից ուղեւորների, ուղեբեռների եւ բեռների միջպետական փոխադրումների իրականացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում կաբոտաժային փոխադրումն արգելվում է, բացառությամբ միջազգային համաձայնագրերով սահմանված դեպքերի:

3. Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումներ իրականացնող բեռնատար տրանսպորտային միջոցները եւ ավտոբուսները պետք է կահավորված լինեն տախոգրաֆով (բացառությամբ «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի կողմ չհանդիսացող պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցների): Թվային տախոգրաֆով կահավորված միջպետական փոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցներ շահագործող կազմակերպությունները եւ վարորդները պետք է ունենան համապատասխանաբար կազմակերպության եւ վարորդի թվային տախոգրաֆի քարտեր, որոնց ձեւերը եւ տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի ամբողջ տեքստում «երթուղու սխեմայի» բառերից հետո լրացնել «(իսկ ներքաղաքային երթուղիներում՝ սահմանված ուղեգծով)» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Միջպետական ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպում է լիազոր մարմինը՝ համագործակցելով այլ պետությունների տրանսպորտի ոլորտը կանոնակարգող համապատասխան լիազոր մարմինների հետ, եւ հրապարակում լիազոր մարմնի ինտերնետային կայքում:»:

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «Երեւանի» բառից առաջ լրացնել «Երեւան քաղաքում՝» բառերով.

2) 3-րդ մասը «Մրցութային» բառից առաջ լրացնել «Միջմարզային, ներմարզային եւ ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների» բառերով.

3) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Մրցույթին ներկայացվող տրանսպորտային միջոցներում պետք է ներառվեն հաշմանդամություն ունեցող անձանց նստեցման եւ իջեցման համար հարմարեցված ավտոբուսներ, որոնց նվազագույն քանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) «ա» կետի «այն սահմանից, որի շնորհիվ կազմակերպությունն առավելություն էր ստացել մրցույթից հետո իր մրցակցի (մրցակիցների) նկատմամբ» բառերը հանել.

2) «բ» կետի «կամ դրան կից երթուղային թերթիկի» բառերը հանել, իսկ «նշումի» բառից հետո լրացնել «կամ ճանապարհային թերթիկի» բառերով.

3) «դ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«դ) հաստատված չվացուցակներով ավտոբուսների (միկրոավտոբուսների) մեկնման ժամերի խախտումները, երթուղու ուղեգծից ինքնակամ շեղումները եւ վերջնակետի (սկզբնակետի) խախտումները.».

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ.1» կետով.

«դ.1) երթուղին ինքնակամ չսպասարկելը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի.».

5) «ը» կետից հետո երկրորդ պարբերության «15-օրյա» բառերը փոխարինել «5-օրյա» բառերով, երրորդ պարբերության «գ» կետում» բառերը՝ «գ» եւ «դ.1» կետերում» բառերով, իսկ «խախտումը հայտնաբերելու օրվանից հետո՝ 10-օրյա ժամկետում» բառերը հանել:

Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «երթուղու սխեմայով» բառերը փոխարինել «երթուղու չվացուցակով եւ սխեմայով (բացառությամբ ներքաղաքային երթուղիների)» բառերով.

2) 4-րդ մասի «, պետավտոտեսչության մարմինների» բառերը փոխարինել «մարմինների, Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ Ճանապարհային ոստիկանություն)» բառերով:

Հոդված 9 . Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Միջպետական ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումներն իրականացվում են ուղեւորների նույն խմբին միայն նշանակման վայր փոխադրելու եւ դատարկ վերադառնալու, կամ դատարկ մեկնելու եւ նշանակման վայրից ուղեւորներ փոխադրելու, կամ դեպի նշանակման վայր եւ վերադարձի ուղղությամբ փոխադրումների կազմակերպման միջոցով: Միջպետական ոչ կանոնավոր փոխադրումների դեպքում վերադարձի ուղղությամբ կարող են փոխադրվել միայն այն խմբերը, որոնք նշանակման վայր են փոխադրվել տվյալ փոխադրողի կողմից: Միջպետական ավտոբուսային ոչ կանոնավոր փոխադրումների ժամանակ թույլատրվում է սահմանված խմբից ավելի կամ այլ ուղեւորների փոխադրումը յուրաքանչյուր 10 ուղեւորի դեպքում ոչ ավելի, քան մեկ ուղեւոր:».

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 3-րդ մասի «եւ իրականացվում են փոխադրավարձի վճարման անդորրագրի հիման վրա» բառերը հանել.

4)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Հայաստանի Հանրապետությունից եւ դեպի Հայաստանի Հանրապետություն միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումները պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության եւ փոխադրման մյուս կողմ հանդիսացող պետությունների միջեւ կնքված՝ տրանսպորտի բնագավառը կանոնակարգող միջազգային համաձայնագրերի եւ սույն օրենքի պահանջներին համապատասխան: Հայաստանի Հանրապետության հետ տրանսպորտի բնագավառը կանոնակարգող միջազգային համաձայնագրեր չունեցող պետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն եւ հակառակ ուղղությամբ այլ պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցներով միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումները պետք է իրականացվեն ավտոկայարաններից եւ ավտոկայաններից, իսկ տրանսպորտային միջոցների կայանումը, պահպանումը (գիշերակացը), տեխնիկական նախաուղերթային զննությունը, դրանց վարորդների բուժզննումը պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետությունում ավտոկայարանային գործունեություն իրականացնող կազմակերպություններում, եւ դրա վերաբերյալ պետք է նշում կատարվի տրանսպորտային միջոցի ճանապարհային թերթիկում: Միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների յուրաքանչյուր երթի համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով եւ կարգով: Միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրման երթի իրականացման ամբողջ ընթացքում պետական տուրքի վճարման անդորրագիրը պետք է լինի վարորդի մոտ:»:

Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 11. Օրենքի 23-րդ հոդվածի 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 12. Օրենքի 26-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասի «ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական սպասարկումներ եւ նորոգումներ իրականացնող կազմակերպությունների արտադրական բազային եւ կազմակերպություններում տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման ու ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու մասնագետների որակավորմանը ներկայացվող պահանջները» բառերը հանել.

2) 6-րդ մասի «Արտադրողի կողմից տեղական նշանակության փոխադրումների համար նախատեսված, ինչպես նաեւ» բառերը հանել, «ընդհանուր օգտագործման նշանակությամբ» բառերը փոխարինել «ներքաղաքային կանոնավոր» բառերով, իսկ «արգելվում է» բառերից հետո լրացնել «, իսկ միջպետական, միջմարզային եւ ներմարզային նշանակության համար նախատեսված փոխադրումներում ներգրավված համապատասխան ավտոբուսները կարող են ունենալ ուղեւորների նստեցման եւ իջեցման մեկ դուռ, եթե այդ տրանսպորտային միջոցը արտադրողի կողմից նախատեսված է տվյալ տիպի փոխադրումների իրականացման համար» բառերով:

Հոդված 13. Օրենքի 27-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի «եւ դպրոցականների» բառերը հանել, «պետավտոտեսչության մարմինների» բառերը փոխարինել «ճանապարհային ոստիկանության» բառերով, եւ նույն մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ» կետով.

«դ) ուղեկցող անձը պետք է երեխաներին հրահանգավորի փոխադրման ժամանակ անվտանգության տեխնիկայի եւ պահվածքի կանոնների վերաբերյալ, ավտոբուսի շարժման, նստեցման եւ իջեցման ժամանակ կարգ պահպանի:».

2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 14. Oրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «գ», «դ», «ե» եւ «զ» կետերի «վերջին» բառը հանել:

Հոդված 15 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը։



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

14.01.2017
ՀՕ-17