Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 01.03.2017
Հոդված 1. «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-270 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Եթե ռոյալթիի հաշվետու ժամանակաշրջանը ներառող յուրաքանչյուր ամսվա արդյունքներով ռոյալթիի իրացման շրջանառությունը 20 տոկոս կամ ավելի չափով ցածր է նույն ամսվա ընթացքում մատակարարված խտանյութում՝ մետաղների վերջնական պարունակության եւ նույն մետաղների՝ տվյալ ամսվա միջազգային գների հիման վրա հաշվարկված իրացման շրջանառությունից, ապա այդ ամսվա համար իրացման շրջանառություն է համարվում մատակարարված խտանյութում պարունակվող մետաղների վերջնական պարունակության եւ նույն մետաղների՝ տվյալ ամսվա միջազգային միջին գների 80 տոկոսի արտադրյալը:»։ 

Հոդված 2. Օրենքի  18-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն օրենքի կիրառության իմաստով մետաղի միջազգային միջին գին է համարվում ֆինանսների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից Լոնդոնի մետաղների բորսայի, իսկ նշված աղբյուրի կողմից որեւէ մետաղի վերաբերյալ տվյալներ չհրապարակվելու դեպքում՝ համանման միջազգային այլ հեղինակավոր աղբյուրի տվյալների հիման վրա յուրաքանչյուր ամսվա համար հրապարակված գինը (հրապարակելով նաեւ աղբյուրի վերաբերյալ տեղեկությունները):»։

Հոդված 3. Վճար վճարողներն ազատվում են Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերությամբ սահմանված կարգով հասույթի վերահաշվարկման արդյունքում՝ մինչեւ 2016 թվականը ներառյալ ընդգրկող հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող ռոյալթիների գծով հաշվարկված տույժերից եւ տուգանքներից։

Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերության համաձայն՝ մինչեւ 2016 թվականը ներառյալ հաշվետու ժամանակաշրջանների հասույթի վերահաշվարկման արդյունքում առաջացած պարտավորությունները, կարող են մարվել դրանց աստիճանական մարման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն կազմված՝ հարկային մարմնի ղեկավարի եւ վճար վճարողի միջեւ համաձայնեցված ժամանակացույցով։

Հոդված 5. Սույն օրենքի 1-ին եւ 2-րդ հոդվածների կիրառությունը տարածվում է 2017 թվականի հաշվետու տարվա ռոյալթիների հաշվարկման հարաբերությունների վրա։  



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

27.03.2017
ՀՕ-78