Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 09.06.2017

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԳԼՈՒԽ 2. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
ԳԼՈՒԽ 3. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
ԳԼՈՒԽ 4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳԼՈԻԽ 5. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԸ
 
 

ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի  կազմավորման եւ գործունեության կարգը, անկախության երաշխիքները, գործառույթներն ու լիազորությունները, անդամներին ներկայացվող պահանջները, ինչպես նաեւ հայտարարագրերի վերլուծության եւ վարույթների անցկացման հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը

1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) ինքնավար պետական մարմին է:

2. Հանձնաժողովի գտնվելու վայրը Երեւան քաղաքն է:

3. Հանձնաժողովն իր իրավասության սահմաններում կարող է Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող, ինչպես նաեւ իր գործունեության նպատակներին եւ ամրացված գույքի նշանակությանը համապատասխան՝ տիրապետել եւ օգտագործել այդ գույքը:
 
 

ԳԼՈՒԽ 2
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ



Հոդված 3.  Հանձնաժողովի գործունեության սկզբունքները

1. Հանձնաժողովը գործում է կոլեգիալության, ֆինանսական ինքնուրույնության, հանրային հաշվետվողականության եւ թափանցիկության, համագործակցության եւ քաղաքական չեզոքության սկզբունքների հիման վրա:

Հոդված 4. Կոլեգիալությունը

1. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում, որոշումներն ու եզրակացություններն ընդունում է կոլեգիալ:

Հոդված 5. Ֆինանսական ինքնուրույնությունը

1. Հանձնաժողովը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում յուրաքանչյուր տարի կազմում եւ Հայաստանի Հանրապետության կառավարություն (այսուհետ՝ Կառավարություն) է ներկայացնում Հանձնաժողովի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը (պետական բյուջեով Հանձնաժողովի գծով նախատեսվելիք ծախսերի նախահաշվի նախագիծը)՝ առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում ներառելու համար:

2. Հանձնաժողովի բյուջետային ֆինանսավորման հայտը Կառավարության կողմից ընդունվելու դեպքում՝ անփոփոխ, իսկ առարկությունների դեպքում՝ փոփոխված, ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում: Կառավարությունը Հանձնաժողովի բյուջետային ֆինանսավորման հայտը պետական բյուջեի նախագծի հետ ներկայացնում է Ազգային ժողով:

3. Պետական բյուջեի ծախսային մասում  Հանձնաժողովի ծախսերը ներկայացվում են առանձին տողով:

Հոդված 6. Հանրային հաշվետվողականությունը եւ թափանցիկությունը

1. Հանձնաժողովը յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո` տասնօրյա ժամկետում, հաշվետու ժամանակահատվածի գործունեության վերաբերյալ հաղորդումը տեղադրում է Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում:

2. Հանձնաժողովն իր պաշտոնական կայքէջում հրապարակում է իր ընդունած որոշումները եւ եզրակացությունները, ինչպես նաեւ իր ներկայացրած առաջարկությունները եւ դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկությունները:

3. Յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Հանձնաժողովն իր նախորդ տարվա գործունեության մասին հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով:

Հոդված 7. Համագործակցությունը

1. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնելիս համագործակցում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային եւ այլ կազմակերպությունների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

2.  Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների շրջանակներում օժանդակում են Հանձնաժողովի լիազորությունների իրականացմանը:

Հոդված 8. Քաղաքական չեզոքությունը

1. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնելիս պահպանում է քաղաքական չեզոքություն:

Հոդված 9. Հանձնաժողովի կազմավորման կարգը

1. Հանձնաժողովը կազմված է հինգ անդամից:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության  122-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ Հանձնաժողովի անդամներին «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով եւ սույն օրենքի 12-15-րդ հոդվածներով սահմանված կարգով նշանակում է Ազգային ժողովը՝ վեց տարի ժամկետով:

Հոդված 10. Հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները

1. Հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր ոք, ով ունի բարձրագույն կրթություն, առնվազն տասը տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ եւ ճանաչում:

2. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է Հանձնաժողովի նախագահ՝ անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։

3. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Հանձնաժողովի անդամ:

4. Հանձնաժողովի անդամ չի կարող նշանակվել այն անձը, որը դատապարտվել է հանցագործության կատարման համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով, որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, ունի Կառավարության սահմանած ցանկով նախատեսված՝ դատավորի նշանակմանը խոչընդոտող հիվանդություն:

5. Հանձնաժողովի  անդամների  պաշտոնները  համարվում  են  քաղաքացիական պաշտոններ:

Հոդված 11. Մրցութային խորհրդի ձեւավորման կարգը

1. Հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար Ազգային ժողովի նախագահը ձեւավորում է մրցութային խորհուրդ (այսուհետ` Խորհուրդ):

2. Խորհուրդը կազմված է Սահմանադրական դատարանի նախագահի, Մարդու իրավունքների պաշտպանի, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների, Հանրային խորհրդի եւ Փաստաբանների պալատի կողմից  նշանակված մեկական անդամներից: Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների կողմից Խորհրդի անդամը նշանակվում է համախոհությամբ (կոնսենսուսով):

3. Խորհրդի կազմում ընդգրկվելու համար Ազգային ժողովի նախագահը դիմում է Սահմանադրական դատարանի նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին, Հանրային խորհրդին եւ Փաստաբանների պալատին՝ յուրաքանչյուրի կողմից մեկական թեկնածու առաջադրելու համար։ Հանրային խորհուրդը թեկնածու է առաջադրում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից։

4. Խորհրդի անհատական կազմը հաստատում է Ազգային ժողովի նախագահը, եւ այն հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական կայքէջում:

Հոդված 12. Խորհրդի գործառույթները եւ գործունեության կազմակերպումը

1. Խորհուրդը՝

1) կազմակերպում եւ անցկացնում է Հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության մրցույթ (մրցույթ կամ նոր մրցույթ).

2) սահմանում է՝

ա. Հանձնաժողովի անդամի թեկնածուին ներկայացվող պահանջների գնահատման առավելագույն միավորը,

բ. առավելագույն միավորի բաշխումը՝ ըստ գնահատման ենթակա առանձին պահանջների,

գ. գնահատման ենթակա պահանջների բովանդակությունը բացահայտող չափանիշները,

դ. չափանիշներից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը՝ համապատասխան պահանջի համար նախատեսված առավելագույն միավորի շրջանակներում,

ե. գնահատման եւ միավորների հաշվարկման կարգը.

3) համադրում է Հանձնաժողովի անդամի թեկնածուի համապատասխանությունը սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերի պահանջներին.

4) լուծում է գնահատման գործընթացի հետ կապված այլ հարցեր.

5) կազմում եւ Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը՝ դրանում ներառելով Հանձնաժողովի անդամների թափուր պաշտոնների քանակին հավասար թվով հաղթողներ` յուրաքանչյուր թափուր պաշտոնի համար մեկ թեկնածու սկզբունքով.

6) մրցույթի կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող հարցերի կապակցությամբ ընդունում է որոշումներ, այդ թվում՝ ներկայացված փաստաթղթերի կամ տեղեկությունների հավաստիությունը պարզելու, ինչպես նաեւ հավելյալ տեղեկություններ ստանալու վերաբերյալ:

2. Խորհրդի նիստն իրավազոր է Խորհրդի առնվազն չորս անդամի մասնակցության դեպքում: Նիստը վարում է Խորհրդի՝ նիստին մասնակցող տարիքով ավագ անդամը:

3. Խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Խորհուրդն իր նիստերը հրավիրում է Ազգային ժողովի նստավայրում:

4. Խորհրդի նիստերն արձանագրվում են:

Հոդված  13. Մրցույթի անցկացումը

1. Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի աշխատակազմի միջոցով (սույն հոդվածում այսուհետ՝ աշխատակազմ) մրցույթը հայտարարում է Հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 90, եւ ոչ ուշ, քան 50 օր առաջ, իսկ նրա պաշտոնը թափուր մնալու դեպքում` 30 օրվա ընթացքում։

2. Հայտարարությունը հրապարակվում է առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների, Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքերում (այսուհետ՝ պաշտոնական կայքեր):

3. Հայտարարությունը պետք է պարունակի առնվազն հետեւյալ տվյալները.

1) թեկնածուներին ներկայացվող պահանջները.

2) մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

3) մրցույթի անցկացման պայմանները, այդ թվում՝ թեստի նմուշը, թեկնածուներին ներկայացվող պահանջների գնահատման առավելագույն միավորը, առավելագույն միավորի բաշխումը՝ ըստ գնահատման ենթակա առանձին պահանջների, գնահատման ենթակա պահանջների բովանդակությունը բացահայտող չափանիշները, չափանիշներից յուրաքանչյուրի գնահատման առավելագույն միավորը՝ համապատասխան պահանջի համար նախատեսված առավելագույն միավորի շրջանակներում, գնահատման եւ միավորների հաշվարկման կարգը.

4) փաստաթղթերը ներկայացնելու ժամկետը եւ վայրը:

4. Մրցույթին մասնակցելու հավակնություն ունեցող անձը (այսուհետ՝ հավակնորդ) հայտարարության հրապարակմանը հաջորդող 20 օրվա ընթացքում աշխատակազմ է ներկայացնում մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (այսուհետ՝ փաստաթղթեր), ինչպես նաեւ իր բնակության եւ էլեկտրոնային փոստի հասցեները:

5. Փաստաթղթերը կարող են հանձնվել առձեռն կամ ուղարկվել փոստով:

6. Փաստաթղթերն ընդունելու նպատակով աշխատակազմում վարվում է համապատասխան գրանցամատյան:

7. Փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են սահմանված ժամկետում ներկայացված, եթե աշխատակազմը դրանք ստացել է մինչեւ սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետը լրանալը:

8. Փոստով ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ հավակնորդը ծանուցվում է փաստաթղթերն ստանալուն հաջորդող մեկ օրվա ընթացքում՝ իր ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեով:

9. Փաստաթղթերի թերությունները հավակնորդը կարող է վերացնել փաստաթղթերը ներկայացնելու համար սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետը լրանալուն հաջորդող երեք օրվա ընթացքում:

10. Մրցույթն անցկացվում է երեք փուլով, որոնցից առաջինը փաստաթղթերի ամբողջականության եւ համապատասխանության ստուգման (այսուհետ՝ փաստաթղթային ստուգման) փուլն է, երկրորդը՝ թեստավորման, իսկ երրորդը՝ հարցազրույցի:

11. Մրցույթի փաստաթղթային ստուգման փուլում Խորհուրդը ստուգում է փաստաթղթերի ամբողջականությունը, դրանց համապատասխանությունն անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին, իսկ ողջամիտ կասկածի դեպքում՝ նաեւ փաստաթղթերի կամ տեղեկությունների հավաստիությունը: Հավակնորդի ներկայացրած փաստաթղթերի կամ տեղեկությունների հավաստիությունը Խորհրդի որոշման հիման վրա պարզվում է աշխատակազմի միջոցով: Խորհրդի որոշման հիման վրա աշխատակազմի միջոցով ստացվում են նաեւ թեկնածուներին ներկայացվող պահանջների գնահատմանը վերաբերող հավելյալ տեղեկություններ: Խորհրդի տեղեկացմամբ հավակնորդը կարող է մասնակցել փաստաթղթային ստուգման փուլին:

12. Փաստաթղթերի թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքում հավակնորդին այդ մասին ծանուցում է աշխատակազմը մեկ օրվա ընթացքում՝ իր ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեով:

13. Սույն հոդվածի 11-րդ մասում նշված գործողությունների արդյունքներով՝ Խորհուրդը կազմում է մրցույթի թեստավորման փուլ անցած անձանց (այսուհետ՝ թեստավորման  մասնակիցներ) ցուցակը, որի մասին վերջիններս ծանուցվում են ցուցակը կազմելուն հաջորդող մեկ օրվա ընթացքում՝ իրենց ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեներով:

14. Խորհուրդը թեստավորման  մասնակիցների ցուցակը, ինչպես նաեւ թեստավորման անցկացման օրը, ժամը եւ վայրը հրապարակում է պաշտոնական կայքում:

15. Թեստերը կազմում է Խորհուրդը: Թեստերում ընդգրկված հարցերի բնագավառների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաեւ թեստերի նմուշը ոչ ուշ, քան թեստավորումից տասն օր առաջ հրապարակվում են Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:

16.  Յուրաքանչյուր  թեստ բաղկացած է 100 հարցից, որոնց լուծման համար թեստավորման մասնակցին տրվում է երկու ժամ:

17. Թեստավորումն անցկացվում է  թեստավորման մասնակիցների համար ծածկագրի կիրառմամբ՝ գաղտնիությունն ապահովելու նպատակով:

18. Թեստավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից, որոնք ունեն ենթադրյալ պատասխաններ: Թեստավորման յուրաքանչյուր հարց կարող է ունենալ մեկ կամ մեկից ավելի ճիշտ պատասխան:

19. Թեստավորման արդյունքում յուրաքանչյուր հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր: Եթե հարցն ունի մեկից ավելի ճիշտ պատասխան, ապա հարցի պատասխանը գնահատվում է ճիշտ միայն այն դեպքում, եթե թեստավորման մասնակիցը նշել է բոլոր ճիշտ պատասխանները: Սխալ պատասխաններ են համարվում ոչ ճիշտ պատասխանի նշումը, որեւէ պատասխան չնշելը կամ ոչ բոլոր ճիշտ պատասխանները նշելը:

20. Թեստավորման փուլի արդյունքների մասին  թեստավորման մասնակիցը  տեղեկացվում է ոչ ուշ, քան թեստավորման փուլի ավարտին հաջորդող երեք ժամվա ընթացքում:

21.  Թեստավորման մասնակիցը թեստավորման արդյունքները կարող է գրավոր բողոքարկել Խորհրդին՝ արդյունքներն ստանալուց հետո՝ մեկ ժամվա ընթացքում: Բողոքարկման վերաբերյալ պատասխանը տրվում է նույն օրը: Խորհուրդն  իրավունք չունի իջեցնելու թեստավորման մասնակցի գնահատականը:

22. Եթե Խորհուրդը պարզում է, որ թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ թեստավորման մասնակցի բողոքը հիմնավոր է, ապա բավարարում է թեստավորման մասնակցի պահանջը` կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:

23. Եթե Խորհուրդը  որոշում է բավարարել թեստավորման մասնակցի բողոքը եւ սխալ է համարում որեւէ հարց կամ ենթադրյալ պատասխանը, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի համար զրո միավոր ստացած թեստավորման բոլոր մասնակիցների միավորներն ավելացվում են մեկ միավորով, եթե նրանց կատարած սխալը պայմանավորված էր տվյալ սխալ հարցով կամ ենթադրյալ պատասխանով:

24. Հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում թեստավորման առաջադրանքների առնվազն իննսուն տոկոսին (իննսուն հարցին) ճիշտ պատասխանած թեստավորման մասնակիցները:

25. Բողոքարկման արդյունքներն ամփոփելուց, ինչպես նաեւ բողոք չլինելու դեպքում բողոքարկման նախատեսված ժամկետի ավարտից անմիջապես հետո Խորհուրդը կազմում է մրցույթի հարցազրույցի փուլ անցած անձանց (այսուհետ՝ հարցազրույցի մասնակիցներ) ցուցակը, որի մասին թեստավորման մասնակիցները ծանուցվում են ցուցակը կազմելուն հաջորդող մեկ օրվա ընթացքում՝ իրենց ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեներով:

26. Խորհուրդը հարցազրույցի մասնակիցների ցուցակը, ինչպես նաեւ հարցազրույցի անցկացման օրը, ժամը եւ վայրը հրապարակում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:

27. Հարցազրույցի փուլում Խորհրդի նիստին ներկա յուրաքանչյուր անդամ, Խորհրդի հաստատած չափանիշներին եւ կարգերին համապատասխան, գնահատում է հարցազրույցի մասնակիցներից յուրաքանչյուրին:

28. Մրցույթի հարցազրույցի փուլին կարող են ներկա լինել զանգվածային լրատվության միջոցների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ Խորհրդի սահմանած կարգին համապատասխան:

29. Հարցազրույցի փուլի գնահատման արդյունքներով ամենաբարձր հանրագումարային միավորներ ստացած հարցազրույցի մասնակիցը (մասնակիցները) ընդգրկվում է (են) մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակում (այսուհետ՝ ցուցակ):

30. Յուրաքանչյուր հարցազրույցի մասնակցի գնահատման եւ (կամ) Խորհրդում քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմվում է արձանագրություն:

31. Խորհուրդը ցուցակը կազմելուն հաջորդող  օրը Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է թեկնածուների ցուցակը:

32. Մրցույթի յուրաքանչյուր մասնակից կարող է ծանոթանալ մրցույթի անցկացման ընթացքում ձեռք բերված կամ կազմված՝ իրեն վերաբերող փաստաթղթերին:

Հոդված 14. Մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը Ազգային ժողովի նախագահին  ներկայացնելը

1. Խորհուրդը ցուցակը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին ցուցակի հրապարակմանը հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:

2. Ցուցակին  կից  ներկայացվում  են  Խորհրդի  նիստերի արձանագրությունները, մրցույթի ընթացքում ներկայացված եւ ձեռք բերված փաստաթղթերը:

Հոդված 15.  Նոր մրցույթի անցկացումը

1. Նոր մրցույթ հայտարարվում է, եթե՝

1) Ազգային ժողովը չի նշանակում թեկնածուին.

2) հավակնորդների, թեկնածուների թիվը պակաս է թափուր տեղերի քանակից.

3) առկա են թեկնածուների ընտրությունն իրականացնելու անհնարինության այլ դեպքեր:

2. Խորհուրդը նոր մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է սույն հոդվածի 1-ին մասում նշված հիմքի մասին տեղեկանալու օրվան հաջորդող 20 օրվա ընթացքում:

3. Նոր մրցույթն անցկացվում է ընդհանուր կարգով:

Հոդված 16. Հանձնաժողովի անդամի անհամատեղելիությունը եւ նրա նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները

1. Հանձնաժողովի անդամը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որեւէ պաշտոն` առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից:

2. Հանձնաժողովի անդամը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հանձնաժողովի անդամն իր հրապարակային ելույթներում պետք ցուցաբերի քաղաքական զսպվածություն:

3. Հանձնաժողովի անդամի վրա տարածվում են օրենքով՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի եւ հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումներ:

Հոդված 17. Հանձնաժողովի անդամի անկախությունը եւ  անձեռնմխելիությունը

1. Հանձնաժողովի անդամն իր լիազորություններն իրականացնելիս առաջնորդվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով: Ոչ ոք իրավունք չունի միջամտելու  Հանձնաժողովի աշխատանքներին եւ տալու ցուցումներ:

2. Հանձնաժողովի անդամը չի կարող պատասխանատվության ենթարկվել իր լիազորություններն իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած որոշման համար,  բացառությամբ այն դեպքերի, երբ նրա արարքում առկա են վարչական իրավախախտման կամ հանցագործության հատկանիշներ:

3. Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Հանձնաժողովի անդամի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել, կամ Հանձնաժողովի անդամը կարող է ազատությունից զրկվել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա միայն Հանձնաժողովի համաձայնությամբ: Հանձնաժողովի անդամն առանց Հանձնաժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ այն դեպքերի, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տեւել 72 ժամից ավելի:  Հանձնաժողովի անդամին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Հանձնաժողովի նախագահը:

4. Հանձնաժողովի անդամը պարտավոր չէ բացատրություններ տալ Հանձնաժողովի վարույթում գտնվող կամ Հանձնաժողովի կողմից քննարկվող հարցերի կամ փաստաթղթերի էության վերաբերյալ կամ դրանք տրամադրել ծանոթացման այլ կերպ, քան օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով:

Հոդված 18. Հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարումը եւ դադարեցումը

1. Հանձնաժողովի անդամի լիազորությունների ժամկետը լրանում է նրա նշանակման օրվան հաջորդող վեցերորդ տարվա նույն օրը, բացառությամբ Հանձնաժողովի առաջին կազմի՝ չորս տարի ժամկետով նշանակված անդամների, որոնց լիազորությունների ժամկետը լրանում է նրանց նշանակման օրվան հաջորդող չորրորդ տարվա նույն օրը:

2. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են, եթե`

1) նա հրաժարականի մասին գրավոր դիմումը պաշտոնապես ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին.

2) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.

3) նա դատարանի` oրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ,  անհայտ բացակայող կամ հայտարարվել է մահացած.

4) նրա նկատմամբ կայացվել է դատարանի՝ oրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.

5) նա մահացել է:

3. Հանձնաժողովի անդամի լիազորությունները համարվում են վաղաժամկետ դադարած՝ Ազգային ժողովի նախագահի կողմից փաստն արձանագրելու եւ այդ մասին հայտարարությամբ հանդես գալու պահից:

4. Հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնում է Հանձնաժողովը, եթե՝

1) նա պաշտոնավարման ընթացքում ձեռք է բերել Հանձնաժողովի անդամի լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդություն.

2) նա երկարատեւ անաշխատունակության կամ այլ հարգելի պատճառով մեկ տարվա ընթացքում բացակայել է Հանձնաժողովի նիստերի առնվազն կեսից.

3) նա մեկ տարվա ընթացքում ավելի քան երկու անգամ անհարգելի բացակայել է Հանձնաժողովի նիստերից.

4) նա խախտել է Հանձնաժողովի անդամի անհամատեղելիության պահանջները.

5) նա խախտել է քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելքը.

6) ի հայտ են եկել փաստեր, որ նա նշանակման պահին չի համապատասխանել ներկայացվող պահանջներին:

5. Հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում օրենքով սահմանված կարգով նշանակվում է Հանձնաժողովի նոր անդամ։

Հոդված 19. Հանձնաժողովի աշխատակազմը

1. Հանձնաժողովի բնականոն գործունեությունն ապահովում է նրա աշխատակազմը:

2. Աշխատակազմի աշխատողների քանակը եւ հաստիքացուցակը հաստատում է Կառավարությունը՝ հանձնաժողովի առաջարկությամբ, իսկ կառուցվածքն ու կանոնադրությունը՝ Հանձնաժողովը:

Հոդված 20. Պետական ծառայությունը Հանձնաժողովի աշխատակազմում

1. Հանձնաժողովի աշխատակազմում մասնագիտական գործունեությունը, բացառությամբ տեխնիկական սպասարկման գործառույթների հետ կապված աշխատանքային գործունեության, քաղաքացիական ծառայություն է, իսկ աշխատակազմում համապատասխան հաստիքներ զբաղեցնող աշխատողները քաղաքացիական ծառայողներ են։

2. Հանձնաժողովի աշխատակազմում ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
 
 

ԳԼՈՒԽ 3
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 21. Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման կարգը

1. Հանձնաժողովի աշխատանքներն իրականացվում են նիստերի միջոցով:

2. Հանձնաժողովի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ: Հանձնաժողովի նիստը հրավիրում է Հանձնաժողովի նախագահը՝ իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի առնվազն երկու անդամի պահանջով: Հանձնաժողովի աշխատակարգը սահմանում է Հանձնաժողովը:

3. Հանձնաժողովի նիստերը դռնբաց են, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է վնաս պատճառել պետական անվտանգությանը, անձնական կյանքին կամ օրենքով պաշտպանվող այլ իրավաչափ շահերի: Դռնփակ նիստն անցկացվում է Հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ:

4. Նիստերի անցկացման վայրի, օրվա, ժամի, քննարկման ենթակա հարցերի մասին հայտարարում է Հանձնաժողովը՝ աշխատակարգին համապատասխան: Հանձնաժողովի նիստերին հրավիրվում են շահագրգիռ անձինք:

5. Նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է Հանձնաժողովի առնվազն երեք  անդամ:

6. Նիստի օրակարգը հրապարակում է նիստը վարողը եւ առաջարկում է օրակարգում ընդգրկված հարցերի քննարկման հաջորդականությունը: Նիստի օրակարգը եւ նյութերը նախապես տրամադրվում են Հանձնաժողովի անդամներին:

7. Նիստի օրակարգը հաստատում է Հանձնաժողովը՝ քվեարկությամբ:

8. Նիստի օրակարգում լրացուցիչ հարց կարող է ընդգրկվել, կամ հարցը կարող է հանվել նիստի օրակարգից, կամ դրա քննարկումը կարող է հետաձգվել  նիստը վարողի կամ Հանձնաժողովի անդամի առաջարկությամբ՝ Հանձնաժողովի որոշմամբ:

9. Նիստին հրավիրված անձինք նիստը վարողի թույլտվությամբ մասնակցում են համապատասխան հարցի քննարկմանը:

10. Նիստը նշանակված օրը չավարտվելու դեպքում շարունակվում է վարողի սահմանած այլ ժամկետում:

11. Հանձնաժողովը քննարկվող հարցի վերաբերյալ ընդունում է որոշում կամ եզրակացություն:

12. Էթիկայի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների խախտումների, իրավիճակային շահերի բախման հարցերով, ինչպես նաեւ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված մարմիններում ստեղծված էթիկայի հանձնաժողովների (այսուհետ՝ համապատասխան մարմինների էթիկայի հանձնաժողովներ) եզրակացությունների վերանայման արդյունքում Հանձնաժողովն ընդունում է եզրակացություններ:

Հանձնաժողովի իրավասությանը վերապահված այլ հարցերով Հանձնաժողովն ընդունում է որոշումներ:

13. Հանձնաժողովի եզրակացություններն ու որոշումներն ընդունվում են Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

14. Բանավոր որոշման մասին նշվում է նիստի արձանագրության մեջ:

15. Օրենքով սահմանված դեպքերում Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունվում են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

16. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է անձամբ՝ տվյալ որոշմանը կամ եզրակացությանը  կողմ կամ դեմ: Քվեարկությանը չի մասնակցում Հանձնաժողովի այն անդամը, որին վերաբերում է քննարկվող հարցը:

17. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Արձանագրության մեջ նշվում են համառոտ տեղեկություններ նիստի անցկացման վայրի, ժամանակի, մասնակիցների, օրակարգի, ելույթների եւ քվեարկության արդյունքների վերաբերյալ:

18. Հանձնաժողովի որոշումները եւ եզրակացությունները դրանց ընդունման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում են Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների պահպանմամբ:

Հոդված 22. Հանձնաժողովի նախագահը եւ անդամները

1. Հանձնաժողովի նախագահը`

1) համակարգում է Հանձնաժողովի գործունեությունը եւ կազմակերպում նրա բնականոն աշխատանքը.

2) հրավիրում եւ վարում է Հանձնաժողովի նիստերը, ստորագրում է Հանձնաժողովի որոշումները, եզրակացություններն ու նիստերի արձանագրությունները.

3) ընդունում է հրամաններ, Հանձնաժողովի անունից ստորագրում է պաշտոնական փաստաթղթեր, տալիս լիազորագրեր եւ կնքում պայմանագրեր.

4) ներկայացնում է Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում եւ միջազգային կազմակերպություններում:

2. Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրա հանձնարարությամբ նրան փոխարինում է Հանձնաժողովի անդամներից որեւէ մեկը, իսկ հանձնարարություն տալու  անհնարինության դեպքերում` Հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:

3. Հանձնաժողովի անդամը՝

1) համակարգում է Հանձնաժողովի գործունեության առանձին ոլորտներում աշխատանքների կատարման գործընթացը.

2) ներկայացնում է առաջարկություն Հանձնաժողովի նիստերի օրակարգում ընդգրկվող հարցերի վերաբերյալ.

3) մասնակցում է Հանձնաժողովի նիստերին:

4. Հանձնաժողովի անդամների միջեւ համակարգման ոլորտների բաշխման հետ կապված հարցերը կարգավորվում են Հանձնաժողովի որոշմամբ:
 
 

ԳԼՈՒԽ 4
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



Հոդված 23.  Հանձնաժողովի գործառույթները

1. Հանձնաժողովի գործառույթներն են`

1) բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների եւ այլ սահմանափակումների, ինչպես նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, բացառությամբ պատգամավորների, դատավորների եւ դատախազների, էթիկայի կանոնների, իրավիճակային շահերի բախման կարգավորումների պահպանմանը հետեւելը.

2) հայտարարագրման գործընթացը կանոնակարգելը, հայտարարագրերն ստուգելն ու վերլուծելը.

3) օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների եւ այլ սահմանափակումների կիրառման միասնականությունն ապահովելը.

4) կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող քաղաքականության մշակմանը մասնակցելը:

Հոդված 24. Հանձնաժողովի լիազորությունները

1. Հանձնաժողովը`

1) քննում եւ լուծում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց անհամատեղելիության պահանջների եւ այլ սահմանափակումների, ինչպես նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց (բացառությամբ պատգամավորների, դատավորների եւ դատախազների) էթիկայի կանոնների  խախտումների եւ իրավիճակային շահերի բախման դեպքերի վերաբերյալ դիմումներ.

2) իրավասու մարմնին կամ պաշտոնատար անձին ներկայացնում է անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, էթիկայի կանոնների խախտումների, ինչպես նաեւ շահերի բախման իրավիճակների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված առաջարկություններ (այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնատար անձին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ).

3)  վարում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ հայտարարագրերի ռեեստրը.

4) սահմանում է հայտարարագրի ձեւանմուշը, հայտարարագրի լրացմանը ներկայացվող պահանջները, հայտարարագրերի ռեեստրի տվյալների ցանկը, հայտարարագրերի ռեեստրի վարման, հայտարարագրի ներկայացման եւ հայտարարագրված տվյալներում փոփոխություն կատարելու, հայտարարագրի արխիվացման կարգերը, ինչպես նաեւ հայտարարագրերի վերլուծության մեթոդաբանությունը եւ ռիսկային չափորոշիչները.

5) հրապարակում է հայտարարագրերը.

6) քննում եւ լուծում է հայտարարագրմանն առնչվող խախտումների վերաբերյալ գործեր.

7) համապատասխան մարմինների էթիկայի հանձնաժողովներին տրամադրում է անհամատեղելիության պահանջների եւ այլ սահմանափակումների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն եւ մեթոդական աջակցություն.

8) ներկայացնում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց (բացառությամբ պատգամավորների, դատավորների եւ դատախազների) էթիկայի կանոնների վերաբերյալ խորհրդատվական բնույթի պարզաբանումներ, ինչպես նաեւ շահերի բախման իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու վերաբերյալ առաջարկություն.

9) մեկնաբանում է սույն օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները եւ այլ սահմանափակումներ.

10) վերանայում է համապատասխան մարմինների էթիկայի հանձնաժողովների եզրակացությունները.

11) վարում է անհամատեղելիության պահանջների եւ այլ սահմանափակումների խախտումների, շահերի բախման դեպքերի վիճակագրություն եւ հրապարակում տվյալներ.

12) իրականացնում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող ռազմավարությունների  եւ միջոցառումների  ծրագրերի (այդ թվում՝ ոլորտային) նախագծերի փորձագիտական վերլուծություն եւ դրանց վերաբերյալ ներկայացնում է առաջարկություններ իրավասու մարմին.

13) մշակում է կոռուպցիայի կանխարգելման ծրագրեր եւ դրանք ներկայացնում է Կառավարություն.

14) իրավասու մարմին կարծիք է ներկայացնում կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

15) իրավասու մարմին ներկայացնում է իր գործունեության ընթացքում վեր հանված՝ կոռուպցիայի կանխարգելմանն առնչվող հարցերի կարգավորման բացերի եւ թերությունների շտկմանն ուղղված առաջարկություններ.

16) մշակում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերով կրթական եւ հանրային իրազեկման բարձրացման ծրագրեր եւ իրականացնում միջոցառումներ.

17) առաջարկություններ է ներկայացնում կրթական, այդ թվում՝ պաշտոնատար անձանց եւ հանրային ծառայողների վերապատրաստումների ծրագրերում հակակոռուպցիոն դասընթացներ ներառելու եւ կազմակերպելու վերաբերյալ.

18) կրթական ծրագրերի իրականացման համար տրամադրում է ուսումնամեթոդական ուղեցույցներ եւ այլ նյութեր:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 12-րդ եւ 15-րդ կետերով նախատեսված դեպքերում առաջարկությունն ստացած մարմինը կամ պաշտոնատար անձը պարտավոր է 30-օրյա ժամկետում քննարկել այն եւ արդյունքների մասին տեղեկացնել Հանձնաժողովին:

ԳԼՈԻԽ 5
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԸ

Հոդված 25. Հայտարարագրերի ստուգումը եւ վերլուծությունը

1. Հանձնաժողովն իրականացնում է՝

1) հայտարարագիր լրացնելու եւ ներկայացնելու պահանջների պահպանման ստուգում.

2) հայտարարագրված տվյալների արժանահավատության եւ ամբողջականության  ստուգում.

3) հայտարարագրված տվյալների մաթեմատիկական վերլուծություն.

4) ռիսկային ցուցանիշների հիման վրա հայտարարագրերի վերլուծություն:

2. Հայտարարագրերի վերլուծության գործընթացում Հանձնաժողովն իրավասու է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, Կենտրոնական դեպոզիտարիայից եւ արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանցից, վարկային բյուրոներից պահանջելու (այդ թվում՝ էլեկտրոնային հարցման եղանակով) հայտարարատու պաշտոնատար անձի եւ նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր եւ ստանալու դրանք, բացառությամբ «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:

3. Տեղեկությունները եւ փաստաթղթերը Հանձնաժողովին տրամադրվում են անվճար՝ հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան հարցումն ստանալուց հետո՝ տասն օրվա ընթացքում, եթե հարցման մեջ այլ ժամկետ նշված չէ, կամ հարցման հասցեատերը պահանջը կատարելու համար այլ ողջամիտ ժամկետ չի առաջարկում, որը չի կարող գերազանցել 30 օրը։ Կենտրոնական դեպոզիտարիան եւ արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձինք, ինչպես նաեւ վարկային բյուրոները տեղեկություններն ու փաստաթղթերը տրամադրում են անվճար՝ Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր հայտարարատու պաշտոնատար անձի եւ նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի ներկայացրած հայտարարագրերի թվին հավասար թվով հարցումներ ներկայացվելու դեպքում:

4. Հայտարարագրերի վերլուծության գործընթացում ապահովվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ սույն հոդվածի 2-րդ մասում նշված կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակված տեղեկատվական բազաների հետ Հանձնաժողովի տեղեկատվական բազայի փոխգործարկելիությունը եւ հայտարարագրման ենթակա տվյալներին Հանձնաժողովի առցանց հասանելիությունը:

5. Հանձնաժողովն իրավասու է իր կողմից բացահայտման ենթակա հանգամանքների վերաբերյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից պահանջելու անցկացնել անվճար ուսումնասիրություններ, կատարելու անվճար փորձաքննություններ եւ ներկայացնելու դրանց արդյունքները։

6. Եթե հայտարարագրերի վերլուծության արդյունքում Հանձնաժողովը հանգում է եզրակացության, որ հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետում ներկայացված չէ կամ ներկայացված է համապատասխան պահանջների կամ կարգի խախտմամբ, կամ հայտարարագրված տվյալը սխալ է կամ ոչ ամբողջական, ապա հարուցում է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ:

7. Եթե հայտարարագրերի վերլուծության արդյունքում մնում են կասկածներ, որ հայտարարատու պաշտոնատար անձի կամ իր ընտանիքի կազմի մեջ մտնող անձի գույքի փոփոխությունը (գույքի ավելացումը եւ (կամ) պարտավորությունների նվազումը) ողջամտորեն չի հիմնավորվում օրինական եկամուտներով, կամ վերջիններիս մոտ առկա է չհայտարարագրված կամ ոչ ամբողջական հայտարարագրված գույք, կամ եկամտի աղբյուրը օրինական չէ կամ արժանահավատ չէ, ապա Հանձնաժողովն իրավասու է հայտարարատուից հայցելու պարզաբանում կամ լրացուցիչ նյութեր՝ դրանք ներկայացնելու համար տրամադրելով նվազագույնը տասը, իսկ առավելագույնը՝ 30 օր ժամկետ:

8. Ստացված եկամուտը սույն օրենքի իմաստով չի համարվում օրինական, եթե միանվագ ստացվող կամ տրվող  գումարը  գերազանցում է                              2.000.000 Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, սակայն հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձը դրամական միջոցներով փոխառություն հանձնելը կամ ստանալը, հանձնած կամ ստացած դրամական միջոցներով փոխառության դիմաց վճարներ (տոկոսներ կամ այլ հատուցում) հանձնելը կամ ստանալը, դրամական միջոցներ նվիրատվություն ստանալը, դրամական միջոցներով արտահայտված շահաբաժիններ ստանալը,  ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտ ստանալը, գույքը  օտարելուց  եկամուտ ստանալը,  վարձակալության դիմաց վճար կամ այլ հատուցում ստանալը, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից եկամուտ ստանալը, վճարներ ստանալը, գույքային իրավունքներից եկամուտ ստանալը կատարել է կանխիկ ձեւով:

9. Եթե հայտարարատուն սահմանված ժամկետում չի տրամադրում պարզաբանում կամ լրացուցիչ նյութեր, կամ դրանք բավարար չեն առկա կասկածները փարատելու համար, ապա Հանձնաժողովը նյութերն անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ուղարկում է գլխավոր դատախազություն՝ ընդունելով վարույթը կասեցնելու մասին որոշում։ Որոշումն ընդունելուց հետո՝ եռօրյա ժամկետում, որոշման պատճենն ուղարկվում է հայտարարատուին, իսկ եթե վարույթը հարուցվել է դիմումի հիման վրա՝ դիմողին:

10. Գլխավոր դատախազությունը նյութերի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկացնում է Հանձնաժողովին՝ կցելով համապատասխան որոշման պատճենը:

Հոդված 26. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթը

1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով, ինչպես նաեւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով՝ հաշվի առնելով սույն օրենքով սահմանված առանձնահատկությունները:

2. Սույն հոդվածով սահմանված վարույթ հարուցելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է հայտարարատուին, իսկ եթե վարույթը հարուցվել է դիմումի հիման վրա՝ նաեւ դիմողին:

3. Հանձնաժողովը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթի արդյունքում ընդունում է որոշումներ, որոնք կարող են բողոքարկվել «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` դատական կարգով:

4. Եթե վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթի ընթացքում Հանձնաժողովը գալիս է այն հետեւության, որ կատարված արարքում առկա են հայտարարագիրը դիտավորությամբ չներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու կամ հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու առերեւույթ հատկանիշներ, ապա վարույթի նյութերն անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում Հանձնաժողովն ուղարկում է գլխավոր դատախազություն՝ ընդունելով վարույթը կասեցնելու մասին որոշում։ Որոշումն ընդունելուց հետո՝ եռօրյա ժամկետում, որոշման պատճենն ուղարկվում է հայտարարատուին, իսկ եթե վարույթը հարուցվել է դիմումի հիման վրա՝ նաեւ դիմողին:

5. Գլխավոր դատախազությունը նյութերի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկացնում է Հանձնաժողովին՝ կցելով համապատասխան որոշման պատճենը:

6. Քրեական գործի հարուցումը մերժելու, գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումն ստանալու պահից Հանձնաժողովը հնգօրյա ժամկետում վերսկսում է կասեցված վարույթը, իսկ  օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռն ստանալու դեպքում նույն ժամկետում կարճում է վարույթը:

Հոդված 27. Անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, էթիկայի կանոնների խախտումների եւ իրավիճակային շահերի բախման վերաբերյալ վարույթները եւ դրանց հարուցման հիմքերը

1. Վարույթ կարող է հարուցվել՝

1) յուրաքանչյուր անձի (անձանց) գրավոր դիմումի հիման վրա.

2) լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա.

3) Հանձնաժողովի նախաձեռնությամբ՝ հայտարարագրերը վերլուծելիս կամ օրենքով նախատեսված վարույթ իրականացնելիս առերեւույթ խախտումներ կամ դեպքեր հայտնաբերելու դեպքում:

Իրավիճակային շահերի բախման վերաբերյալ վարույթն օրենքով նախատեսված դեպքերում հարուցվում է նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձի ներկայացրած գրավոր հայտարարության հիման վրա:

2. Հանձնաժողովը բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների առերեւույթ խախտումների, ինչպես նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից (բացառությամբ պատգամավորների, դատավորների եւ դատախազների) օրենքով սահմանված էթիկայի կանոնների առերեւույթ խախտումների կամ իրավիճակային շահերի բախման առերեւույթ դեպքերի առկայության պարագայում հարուցում է համապատասխան վարույթ:

3. Հանձնաժողովը, հայտարարագրերի վերլուծության գործընթացում հայտնաբերելով շահերի բախման առերեւույթ դեպքեր կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների առերեւույթ խախտումներ, հարուցում է վարույթ:

4. Եթե խախտումն առնչվում է էթիկայի կանոնի այնպիսի խախտման, որով անմիջականորեն շոշափվում են կոնկրետ անձի իրավունքները, ապա այդ դեպքում Հանձնաժողովը վարույթ կարող է հարուցել բացառապես շահագրգիռ անձի դիմումի հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ այն դեպքերում, երբ հարցն ունի հանրային մեծ հետաքրքրություն, կամ խախտումը կրում է համակարգային բնույթ:

5. Լրատվամիջոցների հրապարակումները կարող են վարույթ հարուցելու հիմք հանդիսանալ, եթե պարունակում են կոնկրետ անձի  կողմից անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, էթիկայի կանոնների խախտումների կամ իրավիճակային շահերի բախման դեպքի առերեւույթ հատկանիշներ:

Հոդված 28. Դիմումը Հանձնաժողով ներկայացնելու ժամկետը

1. Հանձնաժողովը քննության է առնում դիմումը, եթե այն ներկայացվել է խախտման կամ դեպքի մասին անձին հայտնի դառնալու պահից հետո` մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան խախտման կամ դեպքի պահից վեց ամսվա  ընթացքում:

Հոդված 29. Դիմումին ներկայացվող պահանջները

1. Սույն օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված դիմումը պետք է պարունակի՝

1) դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` դրա լրիվ անվանումը, հասցեն (իրավաբանական անձի գտնվելու վայրը).

2) անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների առերեւույթ խախտում թույլ տված բարձրաստիճան պաշտոնատար անձի կամ էթիկայի կանոնի առերեւույթ խախտում թույլ տված կամ իրավիճակային շահերի բախման վիճակում առերեւույթ հայտնված բարձրաստիճան պաշտոնատար անձի (բացառությամբ պատգամավորի, դատավորի եւ դատախազի) անունը, ազգանունը, որին վերաբերում է դիմումը, նրա զբաղեցրած պաշտոնը, եւ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, որտեղ բարձրաստիճան պաշտոնատար անձը զբաղեցնում է հանրային ծառայության պաշտոն.

3) խախտումը կամ իրավիճակային շահերի բախման դեպքը.

4) փաստական հանգամանքները, որոնցով ողջամտորեն հիմնավորվում է առերեւույթ խախտումը կամ դեպքը, առկայության դեպքում՝ այդ հանգամանքների հիմնավորվածությունը հավաստող ապացույցները (փաստաթղթեր, նյութեր).

5) դիմումով ներկայացվող պահանջը (դիմումի առարկան).

6) դիմում տալու տարին, ամիսը եւ ամսաթիվը.

7) դիմողի ստորագրությունը, իրավաբանական անձի դեպքում՝ դրա իրավասու պաշտոնատար անձի ստորագրությունը: Եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա դիմումին պետք է կցվի նաեւ օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը.

8) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը:

Հոդված 30. Դիմումը վերադարձնելը կամ վարույթի հարուցումը մերժելը

1. Դիմումը վերադարձնելու կամ վարույթի հարուցումը մերժելու մասին Հանձնաժողովն ընդունում է որոշում դիմումն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

2. Հանձնաժողովը որոշում է ընդունում դիմումը վերադարձնելու մասին, եթե չեն պահպանվել սույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները: Դիմողը կարող է որոշումն ստանալու պահից 48 ժամվա ընթացքում դիմումը համապատասխանեցնել սույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին եւ ներկայացնել Հանձնաժողով:

3. Հանձնաժողովը մերժում է վարույթի հարուցումը, եթե`

1) դիմումի ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ առկա չեն վարույթ հարուցելու հիմքեր.

2) դիմումում բարձրացված հարցերը դուրս են Հանձնաժողովի իրավասությունից.

3) սույն օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում դիմումը ներկայացրել է ոչ շահագրգիռ անձը.

4) նույն անձի վերաբերյալ նույն հիմքով առկա է Հանձնաժողովի եզրակացություն:

4. Սույն հոդվածով նախատեսված որոշումները եռօրյա ժամկետում ուղարկվում են դիմողին:

Հոդված 31. Վարույթի հարուցումը եւ դրա հետագա ընթացքը

1. Հանձնաժողովը վարույթ հարուցելու մասին որոշումն ընդունում է դիմումն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

2. Վարույթ հարուցելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է դիմողին եւ համապատասխան բարձրաստիճան պաշտոնատար անձին:

3. Հանձնաժողովն իրավասու է դիմողից պահանջելու տասնօրյա ժամկետում քննարկվող հարցի առնչությամբ ներկայացնել լրացուցիչ նյութեր, իսկ սույն գլխով նախատեսված համապատասխան բարձրաստիճան պաշտոնատար անձից՝ գրավոր պարզաբանում՝ դրան կցելով իր փաստարկների հիմնավորվածությունը հավաստող նյութեր:

4. Վարույթի շրջանակում Հանձնաժողովն իրավասու է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կազմակերպություններից կամ դրանց պաշտոնատար անձանցից, այլ կազմակերպություններից պահանջելու եւ ստանալու Հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող ցանկացած նյութ, փաստաթուղթ կամ տեղեկություն, բացառությամբ բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունների, ինչպես նաեւ իր կողմից բացահայտման ենթակա հանգամանքների վերաբերյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից պահանջելու անցկացնել անվճար ուսումնասիրություններ, կատարելու անվճար փորձաքննություններ եւ ներկայացնելու դրանց արդյունքները։

5. Եթե վարույթի ընթացքում Հանձնաժողովը գալիս է այն հետեւության, որ կատարված արարքը պարունակում է առերեւույթ հանցագործության հատկանիշներ, ապա վարույթի նյութերն անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ուղարկում է գլխավոր դատախազություն՝ ընդունելով վարույթը կասեցնելու մասին որոշում։ Որոշումն ընդունելուց հետո՝ եռօրյա ժամկետում, որոշման պատճենն ուղարկվում է համապատասխան բարձրաստիճան պաշտոնատար անձին, իսկ եթե վարույթը հարուցվել է դիմումի հիման վրա՝ դիմողին:

6. Գլխավոր դատախազությունը նյութերի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկացնում է Հանձնաժողովին՝ կցելով համապատասխան որոշման պատճենը:

7. Քրեական գործի հարուցումը մերժելու, գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումն ստանալու պահից Հանձնաժողովը հնգօրյա ժամկետում վերսկսում է կասեցված վարույթը, իսկ  օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռն ստանալու դեպքում նույն ժամկետում կարճում է վարույթը:

Հոդված 32. Վարույթի ժամկետը

1. Վարույթի առավելագույն ժամկետը 90 օր է:

2. Վարույթի ժամկետը սկսվում է  վարույթ հարուցելու մասին որոշումն ընդունելու օրվանից:

Հոդված 33. Վարույթի արդյունքում եզրակացություն ընդունելը

1. Հանձնաժողովը վարույթի արդյունքում խախտման կամ դեպքի վերաբերյալ ընդունում է եզրակացություն:

2. Վարույթի արդյունքում Հանձնաժողովն ընդունում է եզրակացություն բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների խախտման առկայության կամ բացակայության մասին կամ համապատասխան բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից էթիկայի կանոնների խախտման առկայության կամ բացակայության մասին, իսկ իրավիճակային շահերի բախման դեպքի կապակցությամբ՝ շահերի բախման իրավիճակի առկայության կամ բացակայության մասին:

3. Եզրակացությունն ընդունելու պահից եռօրյա ժամկետում ուղարկվում է դիմողին, բարձրաստիճան պաշտոնատար անձին եւ նրա վերադասին (առկայության դեպքում):

4. Բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման մասին եզրակացությունը եւ այդ առնչությամբ վարույթի բոլոր փաստաթղթերը, նյութերը եզրակացությունն ընդունելու պահից եռօրյա ժամկետում ուղարկվում են բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման հիմքով նրա լիազորությունները դադարեցնելու հարցը քննարկելու (քննելու) իրավասություն ունեցող մարմիններ:

Այլ սահմանափակումների, էթիկայի կանոնների խախտման կամ շահերի բախման իրավիճակի առկայության դեպքում Հանձնաժողովն իրավասու մարմնին կամ վերադաս անձին առաջարկում է կարգապահական պատասխանատվության ենթարկել բարձրաստիճան պաշտոնատար անձին, եթե նրա արարքում առկա չեն վարչական իրավախախտման կամ հանցագործության (այդ թվում՝ առերեւույթ) հատկանիշներ: Հանձնաժողովը կարող է առաջարկել նաեւ ձեռնարկել խախտման հետեւանքների կամ իրավիճակի չեզոքացմանն ուղղված քայլեր:

5. Իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը պարտավոր է քննարկել Հանձնաժողովի առաջարկը եւ արդյունքների մասին ողջամիտ ժամկետում, բայց ոչ ուշ, քան եզրակացությունն ստանալու պահից 15-օրյա ժամկետում տեղեկացնել Հանձնաժողովին:

6. Վերադաս չունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից էթիկայի կանոնների խախտման եւ իրավիճակային շահերի բախման հարցերով Հանձնաժողովի եզրակացությունները դրանց ընդունման պահից եռօրյա ժամկետում հրապարակվում են Հանձնաժողովի պաշտոնական կայքում:

Վերադաս չունեցող համապատասխան բարձրաստիճան պաշտոնատար անձը պարտավոր է Հանձնաժողովի եզրակացությամբ արձանագրված խախտման կամ իրավիճակային շահերի բախման վերաբերյալ ներկայացնել հրապարակային պարզաբանում, որը ստացվելու պահից եռօրյա ժամկետում հրապարակվում է այն մարմնի կայքէջում, որտեղ բարձրաստիճան պաշտոնատար անձն զբաղեցնում է պաշտոն:

Հոդված 34. Հանձնաժողովի եզրակացությունների բողոքարկումը

1. Հանձնաժողովի եզրակացությունները (այդ թվում՝ վերանայման վարույթի արդյունքում ընդունված) կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դրանք փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթի շրջանակում:

2. Վարչական դատարանի՝ Հանձնաժողովի հաստատած փաստերը փոփոխելու եւ նոր փաստեր հաստատելու մասին որոշման հիման վրա Հանձնաժողովի կողմից իր եզրակացության վերանայման արդյունքում ընդունված եզրակացությունը ենթակա չէ բողոքարկման:

3. Պատգամավորների, դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամների կողմից անհամատեղելիության պահանջների եւ այլ սահմանափակումների խախտումների մասին Հանձնաժողովի եզրակացությունները ենթակա չեն բողոքարկման սույն հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերով սահմանված կարգով:

4. Հանձնաժողովի եզրակացությունները շահագրգիռ անձը (անձինք) կարող է (են) բողոքարկել նաեւ ընթացակարգային կանոնների խախտման հիմքով՝ դատական կարգով, եթե դրանք էապես սահմանափակել են նրա (նրանց) իրավունքներն ու իրավաչափ շահերը:

Հոդված 35. Վերանայման վարույթը

1. Հանձնաժողովն անհամատեղելիության պահանջների եւ այլ սահմանափակումների խախտումների վերաբերյալ համապատասխան մարմնի էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը վերանայում է այն հանրային ծառայողի դիմումի հիման վրա, որի վերաբերյալ ընդունվել է եզրակացությունը:

Հոդված 36. Դիմում ներկայացնելու հիմքերը

1. Հանրային ծառայողն անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների խախտումների վերաբերյալ եզրակացության վերանայման դիմում (այսուհետ՝ վերանայման դիմում) կարող է ներկայացնել, եթե իր կարծիքով՝

1) համապատասխան մարմնի էթիկայի հանձնաժողովի հաստատած փաստը չի համապատասխանում իրականությանը, կամ

2) անհամատեղելիության կամ այլ սահմանափակման վերաբերյալ դրույթը սխալ է մեկնաբանվել, կամ

3) անհամատեղելիության կամ այլ սահմանափակման վերաբերյալ դրույթի մեկնաբանությունը հակասում է Հանձնաժողովի՝ նախկինում դրան տրված մեկնաբանությանը:

Հոդված 37. Վերանայման դիմումը եւ այն ներկայացնելու ժամկետները

1. Վերանայման դիմումը ներկայացվում է գրավոր: Դիմումում պետք է նշվեն՝

1) հանրային ծառայողի անունը, ազգանունը, հասցեն, զբաղեցրած պաշտոնը.

2) տվյալներ այն պետական մարմնի վերաբերյալ, որի էթիկայի հանձնաժողովի կողմից ընդունվել է եզրակացությունը.

3) համապատասխան մարմնի էթիկայի հանձնաժողովի եզրակացությունը.

4) հիմնավորումներ սույն օրենքի 36-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության մասին.

5) դիմումով ներկայացվող պահանջը.

6) դիմողի ստորագրությունը:

Եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա պետք է ներկայացվի նաեւ օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը:

Դիմումին կցվում են սույն օրենքի 36-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայությունը հավաստող նյութեր:

2. Վերանայման դիմումը կարող է ներկայացվել անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների խախտումների վերաբերյալ համապատասխան մարմնի էթիկայի հանձնաժողովի եզրակացությունն ստանալու պահից եռօրյա ժամկետում:

Հոդված 38. Վերանայման դիմումի նախնական քննությունը

1. Հանձնաժողովը դիմումն ստանալու պահից եռօրյա ժամկետում  որոշում է ընդունում դիմումը վերադարձնելու կամ դիմումն առանց քննության թողնելու կամ դիմումի հիման վրա վերանայման վարույթ հարուցելու մասին: Հանձնաժողովը վարույթ հարուցելուց հետո՝ մեկօրյա ժամկետում, համապատասխան մարմնի էթիկայի հանձնաժողովին ծանուցում է դրա մասին: Վերանայման վարույթ հարուցելը կասեցնում է համապատասխան մարմնի էթիկայի հանձնաժողովի եզրակացությունից բխող գործողությունների կատարումը:

2. Հանձնաժողովը որոշում է ընդունում դիմումը վերադարձնելու մասին, եթե չեն պահպանվել սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները:

Դիմողը կարող է որոշումն ստանալու պահից 48 ժամվա ընթացքում դիմումը համապատասխանեցնել սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին եւ ներկայացնել Հանձնաժողով:

3. Հանձնաժողովը որոշում է ընդունում դիմումն առանց քննության թողնելու մասին, եթե՝

1) չի պահպանվել դիմումը ներկայացնելու՝   սույն օրենքով սահմանված ժամկետը, եւ ժամկետը բաց թողնելը հարգելի չի համարվել.

2) դիմումի քննությունը դուրս է Հանձնաժողովի իրավասությունից.

3) դիմումը ներկայացրել է այդ իրավունքը չունեցող անձը:

4. Հանձնաժողովը որոշում է ընդունում եզրակացության վերանայման վարույթ հարուցելու մասին, եթե բացակայում են դիմումը վերադարձնելու կամ դիմումն առանց քննության թողնելու՝ սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված հիմքերը:

5. Դիմումը վերադարձնելու կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշման պատճենը Հանձնաժողովը ոչ ուշ, քան այդ որոշումն ընդունելուն հաջորդող օրն ուղարկում է հանրային ծառայողին:

Հոդված 39. Վերանայման վարույթի ընթացքը

1. Հանձնաժողովը սույն օրենքի 38-րդ հոդվածով սահմանված կարգով եզրակացության վերանայման վարույթ հարուցելու մասին որոշում ընդունելուց հետո՝ մեկօրյա ժամկետում, հանրային ծառայողին եւ համապատասխան մարմնի էթիկայի հանձնաժողովին պատշաճ ձեւով ծանուցում է հարուցված վարույթի մասին:

2. Հանձնաժողովն իրավասու է հանրային ծառայողից պահանջելու իր սահմանած ժամկետում ներկայացնել իրեն հայտնի ամբողջ տեղեկատվությունը, իր մոտ առկա փաստաթղթերը եւ այլ նյութեր, որոնց միջոցով հնարավոր է պարզել դիմումում նշված հիմքերի առկայությունը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հիմնավորումներ չներկայացնելու դեպքում Հանձնաժողովը շարունակում է վարույթը` սույն օրենքին համապատասխան:

4. Հանձնաժողովն իրավասու է համապատասխան մարմնի էթիկայի հանձնաժողովից, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ այլ մարմիններից   պահանջելու քննարկվող հարցի առնչությամբ առկա բոլոր փաստաթղթերը, նյութերը, եզրակացության հիմքում դրված փաստարկների հիմնավորվածությունը հավաստող  կամ  հերքող այլ ապացույցներ (առկայության դեպքում), ինչպես նաեւ ներկայացնելու պարզաբանումներ, որոնք պետք է Հանձնաժողով ներկայացվեն երկօրյա ժամկետում: Դրանք սահմանված ժամկետում չներկայացվելու դեպքում Հանձնաժողովը շարունակում է դիմումի քննությունը:

Հոդված 40. Վերանայման վարույթի արդյունքում ընդունվող եզրակացությունները

1. Վերանայման վարույթ հարուցելու մասին որոշման ընդունման պահից 15-օրյա ժամկետում եզրակացության վերանայման արդյունքներով Հանձնաժողովը՝

1) համապատասխան մարմնի էթիկայի հանձնաժողովի հաստատած փաստերը եւ եզրակացությունը թողնում է անփոփոխ.

2) համապատասխան մարմնի էթիկայի հանձնաժողովի հաստատած փաստերը թողնում է անփոփոխ եւ ընդունում եզրակացություն.

3) փոփոխում է համապատասխան մարմնի էթիկայի հանձնաժողովի հաստատած փաստերը, հաստատում նոր փաստեր եւ ընդունում եզրակացություն:

2. Եզրակացության պատճենը դրա ընդունման պահից ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ուղարկվում է հանրային ծառայողին եւ համապատասխան մարմնի էթիկայի հանձնաժողով:

Հոդված 41. Ազդարարման վարույթը

1. Հանձնաժողովն իրականացնում է ազդարարման վարույթ, որի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հոդված 42. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի կողմից Հանձնաժողովի առնվազն   երեք անդամների նշանակվելուց հետո:

2. Սույն օրենքի  9-15-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2018 թվականի ապրիլի 10-ից:

3. Սույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված մրցույթն առաջին անգամ անցկացվում  է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝  45  օրվա ընթացքում։

4. Ազգային ժողովը Հանձնաժողովի առաջին կազմի երեք անդամների նշանակում է վեց, իսկ երկու անդամների` չորս տարի ժամկետով` հիմք ընդունելով յուրաքանչյուր թեկնածուի համար Խորհրդի ներկայացրած պաշտոնավարման ժամկետները։

5. Հանձնաժողովի կազմավորման պահից ուժը  կորցրած  ճանաչել  «Հանրային  ծառայության մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքի 8-րդ գլուխը, բացառությամբ 38-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

28.06.2017
ՀՕ-96


23.03.2018 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
13.09.2019 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
25.03.2020 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
15.04.2020 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
16.04.2020 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
18.09.2020 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
29.12.2020 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
19.01.2021 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
19.01.2021 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
19.01.2021 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
14.04.2021 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
07.05.2021 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
04.05.2022 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
04.05.2022 ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
09.06.2022 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
09.06.2022 ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի մայիսի 7-ի ՀՕ-208-Ն օրենքում փոփոխություններ
24.11.2022 ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
07.12.2022 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենում լրացումներ կատարելու մասին
07.12.2022 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
22.12.2023 ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
11.04.2024 «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին