Armenian      
Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 09.06.2017

Հոդված 1. «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-18-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-7-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 5. Կարգավորման հիմնական սկզբունքները

1. Կարգավորման հիմնական սկզբունքներն են`

ա) կարգավորման իրականացումն ինքնավար պետական մարմնի կողմից` օրենքներով սահմանված իրավասությունների շրջանակում.

բ) կարգավորող մարմնի որոշումների ընդունման կոլեգիալությունը եւ անկախությունը.

գ) կարգավորման թափանցիկության ապահովումը հանրության համար.

դ) սպառողների կամ որեւէ կարգավորվող անձի նկատմամբ խտրականության բացառումը.

ե) սպառողների եւ կարգավորվող անձանց շահերի հավասարակշռումը` սպառողներին որակյալ ծառայությունների մատուցում երաշխավորելու համար անհրաժեշտ իրավատնտեսական նախադրյալների ձեւավորման եւ ծառայությունների հիմնավորված սակագների սահմանման միջոցով, միաժամանակ ապահովելով ներդրողների՝ ռիսկերին համարժեք, ողջամիտ հասույթ ստանալու հնարավորությունը.

զ) մրցակցային շուկաների զարգացմանը համընթաց կարգավորման շրջանակների սահմանափակումը, ինչպես նաեւ հանրային ծառայությունների ոլորտում ոչ մրցակցային շուկաների առաջացման դեպքում կարգավորման ներդրումը.

է) հանրային ծառայությունների ոլորտում շուկաներ մուտքի խոչընդոտների կրճատումը եւ կարգավորվող անձանց կողմից մատուցվող ծառայությունների (վաճառվող ապրանքների) հասանելիության կանոնների պահպանման ապահովումը.

ը) հասցեական կարգավորումը.

թ) հանձնաժողովի կողմից սահմանվող սակագների համապատասխանությունը մատուցվող ծառայությունների (վաճառվող ապրանքների) սպասարկման որակին:

Հոդված 6. Կարգավորող մարմինը

1. Հանրային ծառայությունների ոլորտում կարգավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):

2. Հանձնաժողովն ինքնավար մարմին է:

3. Հանձնաժողովն ունի կնիք, դրոշմակնիք, ձեւաթուղթ եւ անհատականացման այլ միջոցներ: Հանձնաժողովի կնիքի վրա պատկերված են Հայաստանի Հանրապետության զինանշանը եւ «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով» բառերը: Հանձնաժողովի գտնվելու վայրը Երեւան քաղաքն է:

4. Հանձնաժողովն իր իրավասության սահմաններում կարող է Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող, ինչպես նաեւ իր գործունեության նպատակներին եւ ամրացված գույքի նշանակությանը համապատասխան՝ տիրապետել, օգտագործել եւ տնօրինել այդ գույքը:

Հոդված 7. Հանձնաժողովի կազմավորման կարգը եւ անդամներին ներկայացվող պահանջները

1. Հանձնաժողովը կազմված է հինգ անդամից` հանձնաժողովի նախագահ եւ չորս անդամ: Հանձնաժողովի անդամների պաշտոնները համարվում են քաղաքացիական պաշտոններ:

2. Սահմանադրության 122-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ հանձնաժողովի նախագահին եւ մյուս անդամներին «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով սահմանված դեպքերի: Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոն առաջանալու դեպքում հանձնաժողովի նախագահը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ սույն օրենքի 7.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձը, դիմում է Հայաստանի Հանրապետության վարչապետին` ներկայացնելով տվյալ պաշտոնի թեկնածուի համար անհրաժեշտ՝ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջները: Նույն անձը չի կարող ավելի, քան երկու անգամ անընդմեջ պաշտոնավարման ամբողջ ժամկետով նշանակվել հանձնաժողովի անդամ կամ հանձնաժողովի նախագահ:

3. Հանձնաժողովի անդամները նշանակվում են տարեկան ռոտացիայի սկզբունքով՝ յուրաքանչյուր տարի հանձնաժողովի մեկ անդամի նշանակմամբ:

4. Հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, բարձրագույն կրթությամբ, առնվազն տասը տարվա աշխատանքի փորձառություն ունեցող (որից առնվազն երեք տարին՝ ստորաբաժանումների համակարգման գործառույթներով օժտված կամ ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում) եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Հանձնաժողովի անդամներից առնվազն մեկը պետք է ունենա իրավաբանական, առնվազն մեկը` բարձրագույն տնտեսագիտական կրթություն, իսկ մյուսները՝ կարգավորվող ոլորտներից որեւէ մեկում` սույն մասով նախատեսված ժամկետով աշխատանքային ստաժ: Կարգավորվող ոլորտի ստաժ է համարվում նաեւ այդ ոլորտում պետական կառավարում կամ կարգավորում իրականացնող մարմիններում կամ այդ ոլորտում սպառողների հետ կապերի գծով աշխատանքային ստաժը:

5. Հանձնաժողովի անդամը պաշտոնավարում է մինչեւ 65 տարին լրանալը:

6. Հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում հանձնաժողովի անդամի նշանակման համար սույն հոդվածով սահմանված ընթացակարգով նշանակվում է հանձնաժողովի նոր անդամ` պաշտոնավարման չլրացած ժամկետի մնացած ժամանակահատվածի համար: Եթե պաշտոնավարման մնացած ժամանակը պակաս է մեկ տարուց, ապա հանձնաժողովի նոր անդամի պաշտոնավարման ժամկետը սահմանվում է հինգ տարի` գումարած մնացած ժամանակահատվածը:

7. Այն դեպքում, երբ հանձնաժողովի նախագահ է նշանակվում հանձնաժողովի անդամներից մեկը, ապա նա պաշտոնավարում է մինչեւ իր՝ որպես հանձնաժողովի անդամի պաշտոնավարման ժամկետի ավարտը: Եթե պաշտոնավարման մնացած ժամանակը պակաս է մեկ տարուց, ապա հանձնաժողովի նախագահի պաշտոնավարման ժամկետը սահմանվում է հինգ տարի` գումարած մնացած ժամանակահատվածը:

8. Հանձնաժողովի անդամ չի կարող նշանակվել այն անձը, որը դատապարտվել է հանցագործության կատարման համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով, որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, ունի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկով նախատեսված դատավորի նշանակմանը խոչընդոտող հիվանդություն:»:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ 7.1-ին եւ 7.2-րդ հոդվածներով.

«Հոդված 7.1. Հանձնաժողովի նախագահը եւ անդամները

1. Հանձնաժողովի նախագահը՝

ա) համակարգում եւ ապահովում է հանձնաժողովի բնականոն աշխատանքը.

բ) հրավիրում եւ նախագահում է հանձնաժողովի նիստերը, ստորագրում է հանձնաժողովի որոշումներն ու նիստերի արձանագրությունները.

գ) իր լիազորությունների շրջանակում ընդունում է հրամաններ, հանձնաժողովի անունից ստորագրում է պաշտոնական փաստաթղթեր, տալիս լիազորագրեր եւ կնքում պայմանագրեր.

դ) իր իրավասությունների սահմաններում ներկայացնում է հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում եւ միջազգային կազմակերպություններում, առանց լիազորագրի հանդես է գալիս հանձնաժողովի անունից:

2. Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրա հանձնարարությամբ փոխարինում է հանձնաժողովի անդամներից որեւէ մեկը, իսկ նման հանձնարարականի անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի այն անդամը, որն ավելի երկար է աշխատում այդ պաշտոնում:

3. Հանձնաժողովի անդամն իրեն վերապահված լիազորությունների սահմաններում հանձնաժողովի անունից ստորագրում է պաշտոնական փաստաթղթեր, նշագրում հանձնաժողովի որոշումներ եւ այլ փաստաթղթեր:

4. Հանձնաժողովի անդամների միջեւ լիազորությունների եւ աշխատանքային պարտականությունների բաշխման հետ կապված հարցերը կարգավորվում են հանձնաժողովի որոշմամբ:

Հոդված 7.2. Հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարումը եւ դադարեցումը

1. Հանձնաժողովի անդամի լիազորությունների ժամկետը լրանում է նրա նշանակման օրվան հաջորդող հինգերորդ տարվա նույն օրը, բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով նախատեսված դեպքերի:

2. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են, եթե՝

ա) լրացել է նրա պաշտոնավարման առավելագույն տարիքը.

բ) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.

գ) նա, նախապես տեղեկացնելով վարչապետին, իր հրաժարականի մասին գրավոր դիմումը պաշտոնապես ներկայացնում Ազգային ժողովի նախագահին.

դ) նա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.

ե) նրա նկատմամբ կայացվել է դատարանի՝ oրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.

զ) նա մահացել է:

3. Հանձնաժողովի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել, եթե՝

ա) նա պաշտոնավարման ընթացքում ձեռք է բերել հանձնաժողովի անդամի լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդություն.

բ) նա երկարատեւ անաշխատունակության կամ այլ հարգելի պատճառով մեկ տարվա ընթացքում բացակայել է հանձնաժողովի նիստերի առնվազն կեսից.

գ) նա մեկ տարվա ընթացքում ավելի, քան երկու անգամ անհարգելի բացակայել է հանձնաժողովի նիստերից.

դ) նա խախտել է հանձնաժողովի անդամի անհամատեղելիության պահանջները.

ե) նա խախտել է քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելքը.

զ) ի հայտ են եկել փաստեր, որ նա նշանակման պահին չի համապատասխանել ներկայացվող պահանջներին:

4. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում հանձնաժողովի նախագահը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ սույն օրենքի 7.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձը, գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին:»:

Հոդված 3. Օրենքի 8-րդ եւ 9-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 8. Հանձնաժողովի աշխատակազմը

1. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է հանձնաժողովի աշխատակազմի (այսուհետ՝ աշխատակազմ) միջոցով, որի ղեկավարումն իրականացնում է աշխատակազմի ղեկավարը: Աշխատակազմի աշխատանքը կանոնակարգվում է սույն օրենքով եւ հանձնաժողովի որոշումներով:

2. Աշխատակազմն իր կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով եւ այլ օրենքներով հանձնաժողովին վերապահված լիազորությունների լիարժեք եւ արդյունավետ իրականացումը եւ քաղաքացիաիրավական հարաբերություններին նրա մասնակցությունը:

3. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավասությունները, բացառությամբ հայցվոր եւ պատասխանող հանդես գալու իրավունքից, հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են պատվիրակվել աշխատակազմին:

4. Աշխատակազմի կառուցվածքը, կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթները, աշխատակիցների թիվը եւ աշխատակազմի գործունեության կազմակերպմանն առնչվող ներքին կանոնակարգային այլ հարցեր կարգավորվում են հանձնաժողովի որոշումներով: Աշխատակազմի աշխատակիցների թիվը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ:

Հոդված 9. Հանձնաժողովի անդամների եւ աշխատակազմի աշխատակիցների իրավունքների սահմանափակումները եւ պատասխանատվությունը

1. Հանձնաժողովի անդամը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որեւէ պաշտոն առեւտրային կազմակերպություններում, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական, ստեղծագործական աշխատանքից, պայմանով, որ այդ աշխատանքները չեն ֆինանսավորվում կարգավորվող անձանց կողմից:

2. Հանձնաժողովի անդամը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հանձնաժողովի անդամն իր հրապարակային ելույթներում պետք է ցուցաբերի քաղաքական զսպվածություն:

3. Հանձնաժողովի անդամները եւ աշխատակազմի աշխատակիցներն իրենց պաշտոնավարման ընթացքում չեն կարող ունենալ կարգավորվող անձանց արժեթղթեր, բաժնեմաս կամ դրանցում կատարել ներդրումներ:

4. Հանձնաժողովի անդամն իրավունք չունի իր պաշտոնավարման ժամկետը լրանալու կամ լիազորությունները վաղաժամկետ դադարելու պահից մեկ տարվա ընթացքում զբաղեցնելու հանրային ծառայությունների ոլորտի կարգավորվող ընկերության՝ ստորաբաժանումների համակարգման գործառույթներով օժտված կամ ստորաբաժանման ղեկավարի պաշտոն:

5. Սույն օրենքի պահանջները խախտելու համար հանձնաժողովի պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 11. Հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգումը

1. Հանձնաժողովն օրենքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակում ընդունում է որոշումներ, որոնք իրենց բնույթով կարող են լինել ենթաօրենսդրական նորմատիվ, անհատական կամ ներքին (լոկալ) իրավական ակտեր:

2. Հանձնաժողովի նիստերը դռնբաց են, բացառությամբ այն դեպքերի, երբ քննարկվում են պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող կամ հանձնաժողովի ներքին կանոնակարգային հարցեր:

3. Հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, գումարվում են ամիսը մեկ: Հանձնաժողովը, ըստ անհրաժեշտության, կարող է անցկացնել նաեւ արտահերթ նիստեր: Հանձնաժողովի հերթական եւ արտահերթ նիստ հրավիրելու եւ անցկացնելու կարգը սահմանում է հանձնաժողովը:

4. Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված առանձին հարցեր կարող են նշվել որպես քննարկման ոչ ենթակա հարցեր, եթե դրանք ունեն տեխնիկական կամ ներքին կանոնակարգային բնույթ: Եթե քննարկման ոչ ենթակա հարցի մասին հայտարարելուց հետո այդ հարցի վերաբերյալ ներկայացվում է առարկություն կամ առաջարկություն, ապա այն պետք է քննարկվի եւ ընդունվի սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

5. Հանձնաժողովը, իր սահմանած կարգի համաձայն, հայտարարում է հանձնաժողովի նիստերի անցկացման վայրը, օրը եւ ժամը, հնարավորություն է ընձեռում շահագրգիռ անձանց ու հասարակության ներկայացուցիչներին մասնակցելու նիստերին՝ հաշվի առնելով իր վարչական շենքի հնարավորությունները, ստանալու օրակարգը եւ քննարկվող նյութերը, ներկայացնելու տեղեկություններ եւ հանդես գալու ելույթներով:

6. Եթե հանձնաժողովի նիստում քննարկվում են սպառողների համար սակագների հաշվարկման մեթոդիկաները, բնագավառների (համակարգերի) կառուցվածքին, սպառողների սպասարկման որակին եւ պայմաններին վերաբերող հարցեր, ապա հանձնաժողովն այդ մասին ողջամիտ ժամկետում իրազեկում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, կարգավորվող ոլորտի իրավասու պետական մարմնին եւ սպառողների շահերը պաշտպանող կազմակերպություններին` հնարավորություն ընձեռելով նրանց ներկայացուցիչներին մասնակցելու նիստերին, հանդես գալու ելույթներով եւ առաջարկություններով:

7. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի առնվազն երեք անդամ, եւ այն վարում է հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 7.1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնեական պարտականությունները կատարող հանձնաժողովի անդամը: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ: Որոշումն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանձնաժողովի առնվազն երեք անդամ:

8. Հանձնաժողովի կառուցվածքը, հանձնաժողով դիմումներ ներկայացնելու ու քննարկելու, նիստեր կազմակերպելու եւ անցկացնելու կարգը, ինչպես նաեւ հանձնաժողովի լիազորությունների իրականացմանն առնչվող ներքին կանոնակարգային այլ հարցեր կարգավորվում են հանձնաժողովի որոշումներով:

9. Հանձնաժողովն օրենքով նախատեսված դեպքերում ունի կարգավորվող անձանցից տեղեկություններ պահանջելու եւ իր ներկայացուցիչների միջոցով կարգավորվող անձանց տարածք մուտք գործելու իրավունք:

10. Հանձնաժողովն իր աշխատանքներում իրավասու է վճարովի հիմունքներով ներգրավելու անկախ փորձագետների:

11. Հանձնաժողովն ապահովում է իր եւ իր կողմից կարգավորվող գործունեության հրապարակայնությունը եւ թափանցիկությունը զանգվածային լրատվամիջոցների, ինտերնետային էջի եւ այլ միջոցներով:»:

Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 16. Հանձնաժողովի ֆինանսավորումը

1. Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի կազմում է հաջորդ տարվա իր պահպանման ծախսերի նախահաշիվը եւ ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն` բյուջետային գործընթացի համար սահմանված կարգով եւ ժամկետներում:

2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հանձնաժողովին հատկացվող պահպանման ծախսերի տարեկան մեծությունը ձեւավորվում է սույն օրենքի 18-րդ հոդվածի համաձայն ձեւավորված` հանձնաժողովի աշխատավարձի տարեկան ֆոնդը բազմապատկելով 1.75 գործակցով: Հանձնաժողովին հատկացվող պահպանման ծախսերի տարեկան մեծության եւ սույն օրենքի 18-րդ հոդվածի համաձայն ձեւավորված` հանձնաժողովի աշխատավարձի տարեկան ֆոնդի տարբերությունը ուղղվում է հանձնաժողովի պահպանման եւ կարողությունների զարգացման, հանձնաժողովի անդամների եւ աշխատողների նյութական խրախուսման եւ զարգացման, հանձնաժողովի անդամների եւ աշխատողների սոցիալական ծրագրերի իրականացման եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված՝ հանձնաժողովի այլ ֆոնդերի, որոնց չափերը (մեծությունը) սահմանում է հանձնաժողովը: Նյութական խրախուսման եւ զարգացման ֆոնդի, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ աղբյուրներից յուրաքանչյուրից պարգեւատրմանն ուղղվող միջոցները չեն կարող գերազանցել հանձնաժողովի աշխատավարձի տարեկան ֆոնդի 30 տոկոսը:

3. Հանձնաժողովին հատկացվող պահպանման ծախսերի տարեկան մեծությունը ձեւավորվում է նաեւ օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ հանձնաժողովի անդամների եւ աշխատակիցների նյութական խրախուսման եւ զարգացման, հանձնաժողովի անդամների եւ աշխատողների սոցիալական ծրագրերի իրականացման եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված՝ հանձնաժողովի այլ ֆոնդերի ծախսման կարգը սահմանում է հանձնաժողովը:

5. Սույն հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան հաշվարկված հանձնաժողովի տարեկան բյուջեի մեկ տոկոսի չափով հաշվարկված գումարը, որը ներառվում է հանձնաժողովի պահպանման ծախսերում, ուղղվում է հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտում սպառողների շահերը պաշտպանող, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան գրանցված հասարակական կազմակերպություններին՝ կարողությունների զարգացման եւ նրանց անդամների մասնագիտական գիտելիքների կատարելագործման նպատակով: Յուրաքանչյուր տարի հաշվարկված գումարը հասարակական կազմակերպություններին տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված պետական լիազոր մարմնի կողմից: Սույն մասում նշված հասարակական կազմակերպությունների ընտրության, գումարի տրամադրման կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:

Հոդված 7. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի, 7-րդ հոդվածի, ինչպես նաեւ սույն օրենքի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող 7.2-րդ հոդվածի, որոնք ուժի մեջ են մտնում Հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

2. Սույն օրենքի ուժով, որպես ինքնավար մարմին, հանձնաժողովի առաջին կազմը ձեւավորվում է հետեւյալ կերպ՝ Հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ սույն օրենքով սահմանված կարգով նշանակում է հանձնաժողովի նախագահին եւ չորս անդամներին պաշտոնավարման հետեւյալ ժամկետներով՝

1) հանձնաժողովի նախագահ՝ 5 տարի.

2) հանձնաժողովի անդամ՝ 4 տարի.

3) հանձնաժողովի անդամ՝ 3 տարի.

4) հանձնաժողովի անդամ՝ 2 տարի.

5) հանձնաժողովի անդամ՝ 1 տարի:

3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այն անդամները, որոնք նշանակվել են մինչեւ Հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրը, շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց լիազորությունների՝ օրենքով սահմանված ժամկետի ավարտը, բայց ոչ ավելի, քան սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված նշանակումները կատարելը, մասնավորապես՝

1) հանձնաժողովի գործող նախագահը՝ մինչեւ հանձնաժողովի նոր նախագահի նշանակումը.

2) հանձնաժողովի յուրաքանչյուր նոր անդամի նշանակմամբ դադարում են հանձնաժողովի գործող չորս անդամներից այն անդամի լիազորությունները, որը մյուս անդամներից ավելի շուտ է նշանակվել: Հանձնաժողովի գործող անդամի լիազորությունները դադարում են նաեւ այն դեպքում, եթե նա սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով նշանակվել է հանձնաժողովի նախագահ կամ հանձնաժողովի անդամ:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

28.06.2017
ՀՕ-115