Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Դատախազության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 09.06.2017

Հոդված 1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-126-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ եւ 4-րդ մասերով.

«3. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը յուրաքանչյուր տարի` մինչեւ ապրիլի 1-ը, հրապարակում է հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կայքէջում: Ըստ քննչական ենթակայության՝ հաղորդումը պետք է պարունակի տեղեկություններ նախորդ տարվա ընթացքում կատարված հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ, վիճակագրական տվյալներ, համեմատական վերլուծություններ եւ եզրահանգումներ: Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ տեղեկությունները, վիճակագրական տվյալները, համեմատական վերլուծությունները եւ եզրահանգումները ներկայացվում են առանձին:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հաղորդումը կազմելու համար նախաքննության մարմինները, ըստ քննչական ենթակայության, յուրաքանչյուր տարի՝ մինչեւ փետրվարի 1-ը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն են ներկայացնում նախորդ տարվա ընթացքում կատարված հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ տեղեկություններ եւ վիճակագրական տվյալներ: Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ տեղեկությունների եւ վիճակագրական տվյալների ներկայացման մեթոդական ուղեցույցը հաստատում է գլխավոր դատախազը:»:

Հոդված 2. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

28.06.2017
ՀՕ-108