ՕՐԵՆՔԸ
ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
- Գլուխ 1. Ընդհանուր դրույթներ
- Գլուխ 2. Բույսերի սորտերի իրավական պահպանության տրամադրման պայմանները եւ չափանիշները
- Գլուխ 3. Բուծողի իրավունքի տրամադրման հայտը
- Գլուխ 4. Բուծողի իրավունքները
- Գլուխ 5. Սորտի անվանումը
- Գլուխ 6. Բուծողի իրավունքն անվավեր ճանաչելը եւ դադարեցնելը
- Գլուխ 7. Օրենքի կիրառումը եւ եզրափակիչ դրույթներ
- Գլուխ 8. Անցումային դրույթներ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է բույսերի սորտերի ստեղծման, օգտագործման, պահպանության, բուծողի իրավունքի, անվավեր ճանաչման եւ արտոնագրի տրամադրման կամ այդ իրավունքի դադարեցման հետ կապված հարաբերությունները։
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
1) բուծող`
ա. անձ, որը ստեղծել, բացահայտել կամ կատարելագործել է որեւէ սորտ,
բ. անձ, որը հանդիսանում է սորտը ստեղծողի, բացահայտողի կամ կատարելագործողի գործատուն կամ վերջինիս հանձնարարել է տվյալ աշխատանքը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջեւ կնքված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրով,
գ. անձ, որը հանդիսանում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» եւ «բ» ենթակետերում նշված անձանց իրավահաջորդը.
2) բուծողի իրավունք` սույն օրենքով սահմանված բուծողի իրավունքը, որը հավաստվում է բուծողին տրամադրված արտոնագրով.
3) սորտ` բուսաբանական հայտնի տաքսոնների ամենացածր դասի բույսերի նույն տաքսոնի խումբ, որը, անկախ բուծողին իրավունքներ տալու հանգամանքից, կարող է`
ա. որոշվել տվյալ գենոտիպի կամ գենոտիպերի համակցությունը բնութագրող հատկանիշների արտահայտման աստիճանով,
բ. տարբերվել բույսերի ցանկացած այլ խմբից առնվազն մեկ տարբերակիչ հատկանիշով,
գ. դիտարկվել որպես մեկ ամբողջություն` անփոփոխ վերարտադրության պիտանիության տեսանկյունից.
4) լիազոր մարմին` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն.
5) «ՈՒՊՈՎ (UPOV)» (այսուհետ` ՈՒՊՈՎ)՝ Բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային միություն, որը հիմնվել է 1961 թվականին Բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային կոնվենցիայի կողմից եւ հետագայում վերանայվել է 1972, 1978 եւ 1991 թվականների ակտերով.
6) ՈՒՊՈՎ-ի անդամ` 1961 թվականի ՈՒՊՈՎ-ի կոնվենցիայի 1972 թվականի կամ 1978 թվականի ակտի անդամ պետություն կամ 1991 թվականի ակտի պայմանագրային կողմ հանդիսացող պետություն.
7) սերմնանյութ (տնկանյութ)` սորտի վերարտադրության նպատակով օգտագործվող բույս կամ դրա առանձին մաս.
8) բուսանյութ` սորտի վերարտադրությունից բացի, այլ նպատակով օգտագործվող բույս կամ դրա մաս.
9) քաղաքացիներ` ՈՒՊՈՎ-ի անդամ պետության քաղաքացի կամ ՈՒՊՈՎ-ի անդամ միջպետական կազմակերպության անդամ պետության քաղաքացի:
Հոդված 3. Օրենքի կիրառման ոլորտը
1. Սույն օրենքի դրույթները հավասարազոր տարածվում են ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, այնպես էլ ՈՒՊՈՎ-ի անդամ պետության քաղաքացիների, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վրա, որոնք բնակվում կամ գործում են ՈՒՊՈՎ-ի անդամ պետությունում:
ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
Հոդված 4. Բույսերի սորտերի իրավական պահպանության տրամադրման պայմանները
1. Բուծողի իրավունք տրամադրվում է սորտի՝ այդ իրավունքի տրամադրման չափանիշները բավարարելու դեպքում.
Բուծողի իրավունքը տրամադրվում է այն դեպքում, երբ սորտը`
1) նոր է.
2) ունի տարբերակիչ հատկանիշ.
3) միատարր է.
4) կայուն է:
2. Բուծողին իրավունքի տրամադրումը չի կարող կախված լինել լրացուցիչ պայմաններից կամ տարբերվել սույն հոդվածի 1-ին մասում թվարկված չափանիշներից, եթե սորտը անվանված է սույն օրենքի 19-րդ հոդվածի դրույթներին համապատասխան անվանումով, եւ հայտատուն պահպանել է սույն օրենքով նախատեսված ընթացակարգերը եւ կատարել է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքերի վճարումները:
Հոդված 5. Նոր սորտը
1. Սորտը համարվում է նոր, եթե բուծողի իրավունքների համար հայտի տրման օրը բուծողի կողմից կամ նրա համաձայնությամբ սորտի սերմնանյութը (տնկանյութը) կամ բուսանյութը օգտագործման նպատակով չի վաճառվել կամ այլ ճանապարհով չի տրամադրվել այլ անձանց `
1) Հայաստանի Հանրապետության տարածքում` հայտի ներկայացման օրվանից ոչ պակաս, քան մեկ տարի առաջ.
2) այլ պետության տարածքում` հայտի ներկայացման օրվանից ոչ պակաս, քան չորս տարի առաջ, պտղատու ծառատեսակների եւ խաղողի համար` ոչ պակաս, քան վեց տարի առաջ:
Հոդված 6. Տարբերակիչ հատկանիշը
1. Սորտը համարվում է տարբերակիչ հատկանիշ ունեցող, եթե այն հստակ տարբերվում է ցանկացած այլ սորտից, որի գոյությունը հանրահայտ է հայտի ներկայացման պահին: Մասնավորապես բուծողի իրավունքների տրամադրման կամ սորտերի պաշտոնական գրանցամատյանում այլ սորտի գրանցման համար հայտի ներկայացումը յուրաքանչյուր երկրում սորտը դարձնում է հայտնի` հայտի լրացման պահից սկսած, եթե տվյալ հայտի լրացման հետեւանքով բուծողին տրվել է իրավունք, կամ նշված սորտը ներառվել է սորտերի պաշտոնական գրանցամատյանում:
Հոդված 7. Միատարրությունը
1. Սորտը համարվում է միատարր, եթե այն (տարբերակիչ հատկանիշները կարող են բացահայտվել դրա բազմացման (վերարտադրման) ընթացքում) իր հիմնական հատկանիշներով բավական միատարր է։
Հոդված 8. Կայունությունը
1. Սորտը համարվում է կայուն, եթե դրա հիմնական հատկանիշները մնում են անփոփոխ մի քանի բազմացումից (վերարտադրումից) հետո կամ բազմացման հատուկ բոլորաշրջանի դեպքում ` յուրաքանչյուր բոլորաշրջանից հետո:
ԲՈՒԾՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՅՏԸ
Հոդված 9. Հայտ ներկայացնելը
1. Բուծողի իրավունքի ստացման համար հայտ ներկայացնելու օր է համարվում լիազոր մարմնի կողմից հայտի ստացման օրը:
2. Հայտը պետք է պարունակի՝
1) դիմում.
2) սորտի անունը.
3) սորտի նկարագրությունը.
4) սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը։
3. Հայտի փաստաթղթերի ձեւերի նկատմամբ պահանջները սահմանում է լիազոր մարմինը։
4. Յուրաքանչյուր սորտի համար լրացվում է նոր հայտ։
Հոդված 10. Առաջնության իրավունքը
1. Յուրաքանչյուր ոք, որը ՈՒՊՈՎ-ի անդամ պետություններից մեկում ներկայացրել է բույսի նոր սորտի պահպանման իրավունքի տրամադրման հայտ, 12 ամսվա ընթացքում օգտվում է տվյալ սորտի համար լիազոր մարմնի կողմից բուծողին իրավունքների տրման առաջնության իրավունքից: Այդ ժամկետը հաշվարկվում է առաջին հայտի լրացման պահից սկսած:
Հայտի լրացման օրը չի հաշվարկվում սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետում:
2. Առաջնության իրավունքից օգտվելու համար բուծողը լիազոր մարմին ներկայացրած հայտում պետք է ներառի տեղեկատվություն առաջին հայտի առաջնության մասին: Հայտատուն պարտավոր է հայտի լրացման օրվանից երեք ամսվա ընթացքում ներկայացնել առաջին հայտի փաստաթղթերի կրկնօրինակները` վավերացված առաջին հայտը ներկայացրած լիազոր մարմնի կողմից, ինչպես նաեւ օրինակներ կամ այլ ապացույցներ երկու հայտերի առարկա հանդիսացող սորտի նույնը լինելու մասին:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում նոր հայտ ներկայացնելը կամ սորտի հրապարակումն ու տարածումը չեն կարող այն մերժելու հիմք հանդիսանալ, ինչպես նաեւ չեն կարող հիմք հանդիսանալ երրորդ անձի իրավունքների առաջացման համար:
Հոդված 11. Բուծողի իրավունքի տրամադրումը
1. Բուծողի իրավունքի տրման կամ մերժման մասին որոշումը կայացվում է սույն օրենքի 4-8-րդ հոդվածներով նախատեսված՝ բույսերի նոր սորտերի իրավական պահպանության պահանջներին համապատասխանության փորձաքննության անցկացումից հետո՝ մեկամսյա ժամկետում: Փորձաքննության ընթացքում լիազոր մարմինը կարող է աճեցնել սորտը կամ անցկացնել անհրաժեշտ փորձարկումներ, պահանջել աճեցնել սորտը կամ անցկացնել անհրաժեշտ այլ փորձարկումներ կամ հաշվի առնել արդեն անցկացված փորձարկումների արդյունքները:
2. Լիազոր մարմինը փորձարկումների եւ փորձաքննությունների անցկացման նպատակով կարող է պահանջել բուծողից ներկայացնել սույն օրենքից բխող անհրաժեշտ տեղեկատվություն, փաստաթղթեր կամ նյութեր:
3. Լիազոր մարմնի կողմից բուծողի իրավունքի տրամադրումը չի կարող մերժվել, կամ այդ իրավունքը դադարեցվել` նախկինում սորտին պահպանություն չտրամադրելու, պահպանությունը մերժելու կամ այլ պետությունում ու միջազգային կազմակերպությունում դրա ժամկետը լրացած լինելու պատճառով:
Հոդված 12. Ժամանակավոր պահպանությունը
1. Բուծողի շահերի պաշտպանության նպատակով բուծողին իրավունքների ժամանակավոր պահպանություն է տրվում` սկսած բուծողի իրավունքի տրամադրման հայտ ներկայացնելու պահից մինչեւ բուծողի իրավունքի տրամադրումը:
2. Ժամանակավոր պաhպանությունը ենթադրում է այն բոլոր իրավունքները, որոնք տրվում են բուծողի իրավունք ստանալու դեպքում:
ԲՈՒԾՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 13. Բուծողի բացառիկ իրավունքները
1. Բացառությամբ սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, պաhպանվող սորտի սերմնանյութի կամ բուսանյութի հետ կապված՝ սույն հոդվածում նշված գործողությունների համար պահանջվում է բուծողի` լիազոր մարմնում գրանցված` լիցենզիոն պայմանագրով ամրագրված, թույլտվությունը`
1) արտադրություն կամ վերարտադրություն (բազմացում.
2) վերարտադրության (բազմացման) նպատակով օգտագործման համար կարգաբերում.
3) վաճառքի առաջարկ.
4) վաճառք կամ այլ ճանապարհով շուկայահանում.
5) արտահանում.
6) ներկրում.
7) պաhպանություն` սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերում նշված նպատակներով:
2. Լիցենզիոն պայմանագրով ամրագրված թույլտվությունը բուծողը կարող է տրամադրել՝ առաջադրելով որոշակի պահանջներ եւ սահմանափակումներ:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-7-րդ կետերում նշված գործողությունների, ներառյալ՝ ամբողջական բույսերի եւ դրանց մասերի համար, որոնք ստացվել են պաhպանվող սորտի բուսանյութի չթույլատրված օգտագործման հետեւանքով, բուծողի թույլատվության առկայությունը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ բուծողը հնարավորություն չի ունեցել օգտվելու տվյալ բուսանյութի նկատմամբ իր իրավունքից:
4. Սույն հոդվածի 1-4-րդ մասերի դրույթները տարածվում են նաեւ այն սորտերի վրա`
1) որոնք էականորեն ժառանգել են պահպանված սորտի հատկանիշները, եթե պահպանված սորտը ինքը չի հանդիսանում այլ սորտի էական հատկանիշների ժառանգորդ.
2) որոնք հստակ չեն տարբերվում պաhպանված սորտից` համաձայն սույն օրենքի 7-րդ հոդվածի դրույթների.
3) որոնց արտադրությունը պահանջում է պաhպանվող սորտի բազմակի կիրառում:
5. Սորտը համարվում է մեկ այլ սորտից ըստ էության ստացված, եթե այն`
1) ստացվել է նախնական սորտից կամ այլ սորտից, եւ վերջինս ինքնին ստացվել է նախնական սորտից, միաժամանակ պաhպանելով նախնական սորտի արտահայտման հիմնական բնութագիրը, որը համարվում է նախնական սորտի գենոտիպի կամ գենոտիպերի համակցում.
2) հստակ տարբերվում է նախնական սորտից.
3) համապատասխանում է նախնական սորտին` հիմնական հատկանիշների արտահանման տեսանկյունից, որոնք համարվում են նախնական սորտից ստացված գենոտիպերի կամ գենոտիպերի համակցման արդյունք, բացառությամբ ծագման հետեւանքով առաջացած տարբերությունների:
6. Սորտերը կարող են ստացվել բնական կամ ինդուցիացված մուտանտների կամ ինքնակլոնային տարբերակով, ընտրությամբ կամ նախնական սորտի բույսերի ընտրությամբ՝ հետադարձ տրամախաչման կամ գենային ինժեներիայի վերափոխման մեթոդով:
Հոդված 14. Բուծողի իրավունքի շրջանակները
1. Բուծողի իրավունքները չեն տարածվում`
1) անձնական եւ ոչ առեւտրային նպատակներով կատարված գործողությունների վրա.
2) փորձարարական նպատակներով կատարված գործողությունների վրա.
3) այլ սորտերի ստեղծման նպատակով կատարված գործողությունների, ինչպես նաեւ 13-րդ հոդվածի 1-4-րդ մասերով նախատեսված գործողությունների վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են 13-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթները նմանատիպ նոր սորտերի նկատմամբ:
Հոդված 15. Բուծողի իրավունքների շրջանակների սպառումը
1. Բուծողի իրավունքները չեն տարածվում սույն օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված սորտերի կամ այն սորտերի վրա, որոնք բուծողի կողմից կամ նրա համաձայնությամբ վաճառվել կամ այլ ճանապարհով շուկայահանվել են Հայաստանի Հանրապետության տարածքում, կամ սույն կետում նշված սորտից ստացված ցանկացած նյութի վրա, եթե այդ գործողությունները կապված չեն`
1) տվյալ սորտի հետագա բազմացման հետ.
2) նյութի արտահանման հետ, որը թույլ է տալիս սորտի բազմացումն այն երկրում, որտեղ տվյալ բուսաբանական տեսակի կամ տիպի սորտերը չեն պաhպանվում, բացառությամբ վերջնական օգտագործման նպատակով արտահանումների:
2. Սույն հոդվածում սորտի նկատմամբ կիրառվող «նյութ» հասկացությունը նշանակում է`
1) ցանկացած տիպի սերմնանյութ.
2) բուսանյութ, ներառյալ՝ ամբողջական բույսերը եւ բույսերի մասերը.
3) ցանկացած արտադրանք, որն ստացվել է անմիջապես բուսանյութից:
Հոդված 16. Բուծողի իրավունքի սահմանափակումները
Բացի սույն օրենքով սահմանված դեպքերից, բուծողի իրավունքը կարող է սահմանափակվել միայն բացառիկ` գերակա հանրային շահերի դեպքերում, հասարակության եւ պետության կարիքների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` նախնական համարժեք փոխհատուցմամբ:
Հոդված 17. Առեւտրային գործունեությունը կարգավորող միջոցառումները
1. Բուծողի իրավունքը պայմանավորված չէ սերմնանյութի, տնկանյութի կամ բազմացման համար նախատեսված այլ նյութերի արտադրությունը, հավաստագրումը եւ շուկայահանությունը կամ այդ նյութերի ներկրումն ու արտահանումը կարգավորող որեւէ միջոցով: Ցանկացած դեպքում այդ միջոցները չեն ազդում սույն օրենքի դրույթների կիրառման վրա:
Հոդված 18. Բուծողի իրավունքի գործողության ժամկետը
1. Բուծողի իրավունքը տրվում է բուծողին իրավունք տալու օրվանից 20 տարի ժամկետով: Պտղատու ծառերի եւ խաղողի համար ժամկետը 25 տարի է:
2. Բուծողի իրավունք տրամադրելու օր է համարվում հայտ ներկայացնելու օրը:
ՍՈՐՏԻ ԱՆՎԱՆՈւՄԸ
Հոդված 19. Սորտի անվանումը եւ անվան օգտագործումը
1. Ցանկացած սորտ պետք է ունենա անվանում, որը պետք է ապահովի նրա նույնականացումը: Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույթը չի կարող խոչընդոտել այդ անվանման ազատ օգտագործմանը նույնիսկ բուծողի իրավունքի գործողության ժամկետը լրանալուց հետո:
2. Անվանումը չի կարող կազմված լինել թվերից, բացառությամբ այն դեպքերի, երբ այն համապատասխանում է սորտի անվանակոչման հաստատված գործելակերպին: Այն չպետք է տարակուսանք կամ շփոթմունք առաջացնի տվյալ սորտի հատկանիշների, որակի կամ ինքնության կամ բուծողի ինքնության առնչությամբ: Այն պետք է տարբերվի ցանկացած այլ անվանումից, որով ՈՒՊՈՎ-ի որեւէ անդամ-պետության տարածքում անվանվել է գոյություն ունեցող նույն կամ նույն տեսակին պատկանող բուսատեսակի սորտը:
3. Սորտի անվանումը լիազոր մարմնին առաջարկում է բուծողը: Եթե պարզվում է, որ այդ անվանումը չի բավարարում սույն հոդվածի 2-րդ կետի պահանջները, ապա լիազոր մարմինը մերժում է դրա գրանցումը եւ պահանջում, որ բուծողը սահմանված ժամանակահատվածում առաջարկի այլ անվանում: Սորտի անվանումը գրանցում է լիազոր մարմինը բուծողի իրավունքների տրման հետ միաժամանակ:
4. Եթե նախկինում երրորդ անձի կողմից անվան նկատմամբ ձեռք են բերվել իրավունքներ, ապա այդ անվանումը չի գրանցվում: Եթե նախկինում ձեռք բերված իրավունքի պատճառով, համաձայն սույն հոդվածի 7-րդ կետի դրույթների, սորտի անվանման գործածումը արգելվում է, ապա լիազոր մարմինը բուծողից պահանջում է սորտի համար ներկայացնել այլ անվանում:
5. ՈՒՊՈՎ-ի բոլոր անդամ-պետություններում սորտը պետք է առաջարկվի միեւնույն անվանմամբ: Լիազոր մարմինը գրանցում է սույն հոդվածի դրույթներին համապատասխան առաջարկված անվանումը, եթե այն անընդունելի չի համարվում: Անվանման անընդունելի համարվելու դեպքում լիազոր մարմինը բուծողից պահանջում է առաջարկել այլ անվանում:
6. Լիազոր մարմինը ՈՒՊՈՎ-ի անդամ բոլոր իրավասու մարմիններին ՈՒՊՈՎ-ի կանոնադրությամբ հաստատված կարգով ապահովում է սորտերի անվանման, մասնավորապես անվանման առաջարկման, գրանցման եւ չեղյալ համարելու վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը:
7. ՈՒՊՈՎ-ի անդամ յուրաքանչյուր իրավասու մարմին կարող է լիազոր մարմին ներկայացնել սորտի անվանման գրանցման վերաբերյալ իր դիտողությունները:
8. Յուրաքանչյուր ոք, որը Հայաստանի Հանրապետության կամ ՈՒՊՈՎ-ի անդամ պետության տարածքում վաճառքի կամ շուկայահանման համար առաջարկում է պաhպանվող սորտի սերմնանյութ, պարտավոր է օգտագործել այդ սորտի անվանումը անգամ այդ սորտի վրա բուծողի իրավունքների ժամկետի ավարտից հետո, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն հոդվածի 4-րդ մասի դրույթներին համապատասխան նախկինում ձեռք բերված իրավունքները չեն խոչընդոտում սորտի անվանման օգտագործմանը:
9. Սորտը վաճառքի կամ շուկայահանման առաջարկելու դեպքում սորտի գրանցված անվանումը թույլատրվում է օգտագործել ապրանքային նշանի, ֆիրմային անվանման կամ այլ նշապատկերների հետ զուգահեռ: Այդպիսի զուգակցման դեպքում սորտի անվանումը պետք է լինի հեշտ ճանաչելի:
ԲՈՒԾՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ
Հոդված 20. Բուծողի իրավունքն անվավեր ճանաչելը
1. Բուծողի իրավունքը դատական կարգով անվավեր է ճանաչվում, եթե`
1) բուծողի իրավունքը տրվել է սույն օրենքի 5-րդ կամ 6-րդ հոդվածի դրույթների խախտմամբ.
2) բուծողի իրավունքը տրվել է բուծողի ներկայացրած տեղեկատվության եւ փաստաթղթերի հիման վրա` առանց սույն օրենքի 7-րդ կամ 8-րդ հոդվածի դրույթներով սահմանված պահանջների պահպանման.
3) բուծողի իրավունքը տրվել է այդ իրավունքը չունեցող անձին, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ իրավունքը բուծողը փոխանցել է այլ անձի:
2. Բացի սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքերից, բուծողի իրավունքը չի կարող անվավեր ճանաչվել:
Հոդված 21. Բուծողի իրավունքը դադարեցնելը
1. Բուծողի իրավունքը կարող է դադարեցվել, եթե`
1) հաստատվի, որ սույն օրենքի 7-րդ կամ 8-րդ հոդվածով սահմանված պահանջները չեն կատարվում.
2) համապատասխան հարցման արդյունքում եւ նշանակված ժամկետում`
ա. բուծողը հնարավորություն չունի լիազոր մարմին ներկայացնել տեղեկատվություն, փաստաթղթեր կամ նյութեր, որոնք անհրաժեշտ են սորտի ստուգման եւ պահպանման համար,
բ. բուծողը չի առաջարկել այլ անվանում, եւ սորտի անվանումը դադարեցվել է բուծողի իրավունք տալուց հետո:
2. Բացի սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված դեպքերից, բուծողի իրավունքը չի կարող դադարեցվել:
ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 22. Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու դեպքում
1. Սույն օրենքի պահանջների խախտումը հանգեցնում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քաղաքացիաիրավական պատասխանատվության:
Հոդված 23. Պաշտոնական տեղեկությունների հրապարակումը
1. Հասարակության տեղեկացվածությունն ապահովվում է լիազոր մարմնի կողմից`
1) բուծողի իրավունքի տրամադրման համար ներկայացված հայտի եւ իրավունքի տրման վերաբերյալ տեղեկատվության հրապարակման միջոցով.
2) առաջարկված եւ հավանության արժանացած սորտի անվանումների հրապարակման միջոցով:
Հոդված 24. Բույսերի սորտերի պահպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները
1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է`
1) բուծողի իրավունքի տրամադրման, նոր սորտի համար առաջարկվող անվան փորձաքննության կարգը եւ փորձարկումների նպատակով ներկայացվող անհրաժեշտ տեղեկատվության, փաստաթղթերի կամ նյութերի ցանկը.
2) բուծողի իրավունքի տրամադրման համար ներկայացված հայտի եւ իրավունքի տրման վերաբերյալ տեղեկատվության, առաջարկված եւ հավանության արժանացած սորտի անվանումների հրապարակման կարգը.
3) բուծողի իրավունքի տրամադրման բողոքարկման կարգը.
4) բուծողի իրավունք ունեցող անձանց գրանցամատյանի վարման կարգը.
5) բուծողի իրավունքի անվավեր ճանաչման ընթացակարգը:
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 25. Նախկինում ստացված արտոնագրերը
1. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն բուսաբուծությունում սելեկցիոն նվաճումների արտոնագիր ստացած անձանց իրավունքները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո շարունակում են պահպանվել սույն օրենքով սահմանված կարգով:
Հոդված 26. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
22.12.2017
ՀՕ-231-Ն