ՕՐԵՆՔԸ
«ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԱՆՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-8-Ն օրենքի (այսուհետ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում՝
1) «2015 թվականի մայիսի 1-ն» բառերը փոխարինել «2017 թվականի դեկտեմբերի 1-ն» բառերով.
2) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (անձանց) վրա» բառերը փոխարինել «այն քաղաքացիների վրա, որոնց նկատմամբ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով օրենքով սահմանված կարգով հարուցված է քրեական հետապնդում» բառերով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 2. Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու նկատմամբ հաշվարկվող գումարը
1. Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու եւ օրենքով սահմանված կարգով պահեստազորում հաշվառվելու նպատակով կարող է օրենքի խախտմամբ չզորակոչված յուրաքանչյուր զորակոչի դիմաց վճարել նվազագույն ամսական աշխատավարձի 200-ապատիկի չափով գումար (այսուհետ՝ օրենքով սահմանված վճար):»:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«Դիմում կարող է ներկայացնել նաեւ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու լիազորած անձը:».
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու կամ նրա լիազորած անձի դիմումը պետք է լինի ստորագրված, դրանում նշվեն ներկայացնելու ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, քաղաքացու ազգանունը, անունը եւ հայրանունը, Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում բնակության (հաշվառման) վայրը, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու ժամանակահատվածը եւ պատճառները: Դիմումին կից ներկայացվում են քաղաքացու ծննդյան վկայականի եւ անձնագրի պատճենները, բնակության (հաշվառման) վայրի մասին տեղեկանք, քաղաքացու կողմից պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմք ունենալու դեպքում՝ նաեւ հիմքը հաստատող փաստաթղթերը, իսկ դիմումը լիազորված անձի կողմից ներկայացվելու դեպքում՝ նաեւ լիազորված անձի անձնագրի պատճենը: Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքը հաստատող փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով եւ դրանց պատճեններով: Եթե պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքը հաստատող փաստաթղթերը հանդիսանում են օտարերկրյա պետությունում տրված փաստաթղթեր, ապա դրանք պետք է վավերացված լինեն ապոստիլով եւ նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ: Տարածքային զինվորական կոմիսարիատում պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքը հաստատող բնօրինակ փաստաթղթերը համեմատվում են դրանց պատճենների հետ, որից հետո բնօրինակ փաստաթղթերը վերադարձվում են դիմումատուին:»:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ հոդվածով.
«Հոդված 8. Եզրափակիչ դրույթ
Սույն օրենքը գործում է մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
22.12.2017
ՀՕ-249-Ն