Armenian      
Հիմնադրամների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 14.12.2017

Հոդված 1. «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-516-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Հիմնադրամն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացելու բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետությունների բանկերում Հայաստանի Հանրապետության դրամով եւ (կամ) արտարժույթով: Եթե հիմնադրամի հիմնադիրը պետությունն է կամ համայնքը կամ պետության ու (կամ) համայնքի կողմից հիմնադրված հիմնադրամը, ապա նման հիմնադրամը կամ նրա հիմնադրած իրավաբանական անձը իրավունք ունի բացելու հաշիվներ նաեւ պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի գանձապետարանում (այսուհետ` գանձապետարան):»:

Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) բանկերում բացում է հիմնադրամի հաշվարկային (այդ թվում` արտարժութային) եւ այլ հաշիվներ (ընդ որում, եթե հիմնադրամի հիմնադիրը պետությունն է կամ համայնքը կամ նրանց կողմից հիմնադրված հիմնադրամը, ապա կարող է հաշիվներ բացել նաեւ գանձապետարանում.»:

Հոդված 3. Օրենքի 39.2-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Անձեռնմխելի կապիտալը համարվում է ձեւավորված հիմնադրամի բանկային հաշվին դրամական միջոցներ փոխանցելու կամ հիմնադրամին պետական պարտատոմսեր փոխանցելու պահից (իսկ եթե հիմնադրամի հիմնադիրը պետությունն է կամ համայնքը կամ նրանց կողմից հիմնադրված հիմնադրամը, ապա նաեւ գանձապետական հաշվին դրամական միջոցներ փոխանցելու կամ հիմնադրամին պետական պարտատոմսեր փոխանցելու պահից):»:

Հոդված 4. Օրենքի 39.4-րդ հոդվածի 6-րդ մասը եւ 7-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Պետական պարտատոմսեր ձեռք բերելուց հետո առկա դրամական միջոցների այն մնացորդը, որի հաշվին հնարավոր չէ ձեռք բերել պետական պարտատոմս, մնում է հիմնադրամի բանկային ցպահանջ հաշվում եւ առաջին իսկ հնարավորության դեպքում ներդրվում է պետական պարտատոմսերում (իսկ եթե հիմնադրամի հիմնադիրը պետությունն է կամ համայնքը կամ նրանց կողմից հիմնադրված հիմնադրամը, ապա կարող է մնալ հիմնադրամի գանձապետական ցպահանջ հաշվում եւ առաջին իսկ հնարավորության դեպքում ներդրվել պետական պարտատոմսերում):

7. Անձեռնմխելի կապիտալի համար հիմնադրամը բանկում բացում է առանձին բանկային հաշիվ եւ վարում է առանձնացված հաշվառում` դրանց վերաբերյալ տեղեկություններն արտացոլելով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին եւ օրենքով սահմանված դեպքերում ներկայացվող մյուս հաշվետվություններում (իսկ եթե հիմնադրամի հիմնադիրը պետությունն է կամ համայնքը կամ նրանց կողմից հիմնադրված հիմնադրամը, ապա անձեռնմխելի կապիտալի համար կարող է բացել հաշիվ նաեւ գանձապետարանում եւ վարել առանձնացված հաշվառում` դրանց վերաբերյալ տեղեկություններն արտացոլելով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին եւ օրենքով սահմանված դեպքերում ներկայացվող մյուս հաշվետվություններում:»:

Հոդված  5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

29.12.2017
ՀՕ-307-Ն