ՕՐԵՆՔԸ
ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Գլուխ 1. Ընդհանուր դրույթներ
Գլուխ 2. Հանրագրերը ներկայացնելու կարգը
Գլուխ 3. Եզրափակիչ մաս եվ անցումային դրույթներ
Հոդված 1. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.
1) հանրագիր` Սահմանադրության 53-րդ հոդվածի հիման վրա հանրային նշանակություն ունեցող հարցերով ներկայացվող գրություն կամ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության թերությունների մասին հաղորդում կամ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության բարելավման, տնտեսական, քաղաքական, սոցիալական եւ հասարակական կյանքի այլ ոլորտների վերաբերող հարցերի կարգավորման կամ գործող իրավակարգավորումների կատարելագործման վերաբերյալ առաջարկություն.
2) անհատական հանրագիր` հանրագիր, որը ներկայացրել է մեկ անձ.
3) կոլեկտիվ հանրագիր` հանրագիր, որը ներկայացրել են երկու եւ ավելի անձինք միեւնույն հարցով.
4) կրկնակի հանրագիր` հանրագիր, որը կրկին ներկայացրել է միեւնույն անձը միեւնույն հարցով եւ հիմնավորմամբ միեւնույն մարմնին կամ պաշտոնատար անձին, որի վերաբերյալ սույն օրենքով սահմանված կարգով տրվել է պատասխան.
5) էլեկտրոնային եղանակով ներկայացվող հանրագիր` «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան ներկայացված հանրագիր.
6) հրապարակային հանրագիր` էլեկտրոնային միասնական հարթակում սահմանված ձեւով ներկայացվող հանրագիր:
Հոդված 2. Հանրագիր ներկայացնելու սահմանափակումները
1. Հանրագրով անձը չի կարող պահանջել այնպիսի միջոցառումների իրականացում, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ կամ սահմանադրական կարգի բռնի տապալմանը կամ տարածքային ամբողջականության բռնի փոփոխությանը կամ ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելուն կամ այլ խտրական վերաբերմունք հարուցելուն, բռնություն կամ պատերազմ քարոզելուն, այլ անձանց հիմնական իրավունքների եւ ազատությունների խախտմանը կամ մարդու արժանապատվության նսեմացմանը:
Հոդված 3. Հանրագիր ներկայացրած անձի իրավունքները
1. Հանրագիր ներկայացրած անձն իրավունք ունի`
1) հանրագրի հետ ներկայացնելու լրացուցիչ փաստաթղթեր եւ տեղեկություններ.
2) միանալու կոլեկտիվ հանրագրին.
3) ցանկացած ժամանակ հետ վերցնելու իր ներկայացրած հանրագիրը կամ հրաժարվելու կոլեկտիվ հանրագրից.
4) ստանալու պատշաճ պատասխան հանրագրի վերաբերյալ.
5) բողոքարկելու սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված որոշումները.
6) իրականացնելու սույն օրենքով սահմանված այլ իրավունքներ:
2. Հանրագիր ներկայացնելու եւ դրան պատասխան տալու համար պետական տուրք կամ այլ վճար չի գանձվում:
Հոդված 4. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց լիազորությունները
1. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք լիազորված են`
1) հանրագիրը վերադարձնելու կամ հանրագրի քննարկումը մերժելու մասին որոշում կայացնելու դեպքում դրա մասին ծանուցելու հանրագիր ներկայացրած անձին.
2) էլեկտրոնային եղանակով հրապարակելու կոլեկտիվ հանրագիրը.
3) հանրագրում նշված առաջարկությանը հավանություն տալու դեպքում միջոցներ ձեռնարկելու դրա կատարման ուղղությամբ.
4) հանրագիր ներկայացնող անձին պարզաբանելու հանրագիրը վերադարձնելու կամ հանրագրի քննարկումը մերժելու մասին որոշումների բողոքարկման կարգը.
5) սույն օրենքով նախատեսված կարգով եւ ժամկետում պատշաճ պատասխանելու հանրագիր ներկայացրած անձին:
2. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավունք ունեն անհրաժեշտության դեպքում հանրագրի քննարկումներին ներգրավելու մասնագետների:
3. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք ապահովում են հանրագրի լիարժեք, բազմակողմանի եւ օբյեկտիվ քննարկումը:
Հոդված 5. Հանրագիրը ներկայացնելու կարգը
1. Հանրագիր ներկայացնելու իրավունք ունի յուրաքանչյուր ոք:
2. Մինչեւ տասնչորս տարեկան անչափահասները հանրագիրը ներկայացնում են օրինական ներկայացուցչի միջոցով:
3. Հանրագիրը ներկայացվում է գրավոր` թղթային (առձեռն կամ փոստով) կամ էլեկտրոնային եղանակով:
4. Հանրագիրը ներկայացվում է հայերեն, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
5. Եթե անհատական ընդունելության ժամանակ անձի հնչեցրած առաջարկությունը բովանդակում է սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունները, եւ անձն ստորագրում է ընդունելության ժամանակ կազմված արձանագրությունը, ապա այդ արձանագրությունը դիտարկվում է որպես հանրագիր եւ քննվում սույն օրենքով սահմանված կարգով:
6. Հանրագիրը կարող է ներկայացվել ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով:
7. Հանրագիրը ներկայացվում է այն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց, որոնց իրավասություններին վերաբերում են հանրագրով առաջադրված հարցերը:
8. Սահմանադրության 7-րդ գլխով նախատեսված դատական իշխանության մարմիններին հանրագրեր ներկայացվում են նրանց գործունեության կազմակերպման հարցերով, որոնց վերաբերյալ պատասխան ներկայացնելու իրավունք ունեն նաեւ դատական իշխանության մարմինների աշխատակազմերը:
9. Տեղական ինքնակառավարման մարմիններին ուղղված հանրագրերը վերադարձնելու, ինչպես նաեւ հանրագրի քննարկումը մերժելու հետ կապված հարցերը որոշում է համայնքի աշխատակազմը:
10. Հանրագիրը ենթակա չէ քննարկման, եթե հանրագիր ներկայացրած անձը դիմում է ներկայացրել այն հետ վերցնելու վերաբերյալ:
11. Կոլեկտիվ հանրագիրը ենթակա չէ քննարկման, եթե ներկայացվել է կոլեկտիվ հանրագրից հրաժարվելու վերաբերյալ դիմում` կոլեկտիվ հանրագրի բոլոր մասնակիցների համաձայնությամբ: Եթե կոլեկտիվ հանրագիր ներկայացրած անձինք, բացառությամբ մեկի, հրաժարվել են կոլեկտիվ հանրագրից, ապա այն դադարում է համարվել կոլեկտիվ եւ ենթակա է քննարկման` որպես անհատական հանրագիր:
12. Անկախ հանրագիրը հետ վերցնելու կամ կոլեկտիվ հանրագրից հրաժարվելու մասին դիմումից` հանրագիրը ենթակա է քննարկման, եթե հանրագրի քննարկումն էական նշանակություն ունի հանրային շահերի պաշտպանության տեսանկյունից:
13. Հանրագիրը հետ վերցնելու կամ կոլեկտիվ հանրագրից հրաժարվելու մասին դիմումը ներկայացվում է գրավոր:
Հոդված 6. Հանրագրի բովանդակությունը
1. Հանրագիրը պետք է բովանդակի հետեւյալ տեղեկությունները.
1) «Հանրագիր» վերտառությունը.
2) ֆիզիկական անձի դեպքում` հանրագիրը ներկայացնող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման վայրի հասցեն, կապի միջոցի վերաբերյալ տվյալներ.
3) իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի անվանումը, մշտապես գործող մարմնի գտնվելու վայրի հասցեն, կապի միջոցի վերաբերյալ տվյալներ.
4) կոլեկտիվ հանրագրի դեպքում` նաեւ հանրագիր ներկայացրած այն պատասխանատու անձը, որ լիազորված է հանդես գալու հանրագիրը ներկայացնողների անունից.
5) հանրագիրը ներկայացուցչի միջոցով ներկայացվելու դեպքում՝ նրա անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման կամ գործունեության վայրի հասցեն, կապի միջոցի վերաբերյալ տվյալներ.
6) այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը կամ պաշտոնատար անձի անունը, որին ուղղված է հանրագիրը.
7) հանրագիր ներկայացնող անձի առաջարկը, ինչպես նաեւ հիմնավորումը` ցանկության դեպքում:
2. Հանրագիրն ստորագրում է հանրագիրը ներկայացրած անձը կամ նրա ներկայացուցիչը: Իրավաբանական անձի ներկայացրած հանրագիրն ստորագրում է կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու իրավասություն ունեցող անձը կամ իրավաբանական անձի կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձը:
3. Կոլեկտիվ հանրագիրն ստորագրում են հանրագրին միացած բոլոր անձինք:
4. Եթե հանրագիրը ներկայացնում է ներկայացուցիչը, ապա հանրագրին կցվում է ներկայացուցչի լիազորագիրը:
5. Հանրագրին կարող են կցվել ներկայացված առաջարկը հիմնավորող փաստաթղթեր եւ այլ նյութեր:
6. Եթե որպես հանրագիր ներկայացված գրությունը, հաղորդումը կամ առաջարկությունը պարունակում են վարչական վարույթ հարուցելու հիմք հանդիսացող դիմում կամ բողոք, ապա վարչական վարույթ հարուցելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը, որին հասցեագրված է հանրագիրը, վարչական վարույթ հարուցելու հիմք հանդիսացող դիմումը կամ բողոքն առանձնացնում եւ ընթացք է տալիս օրենքով սահմանված կարգով:
Հոդված 7. Հանրագրի գրանցումը եւ հրապարակումը
1. Հանրագիրն ստանալու օրը հանրագիրը ենթակա է գրանցման այդ նպատակի համար նախատեսված գրանցամատյանում: Գրանցամատյանում նշվում են հանրագիրը ներկայացնելու ամսաթիվը, հանրագիր ներկայացրած անձի անունը, կոլեկտիվ հանրագրի դեպքում` որպես պատասխանատու նշված անձի անունը:
2. Անանուն հանրագիրը, ինչպես նաեւ այն հանրագիրը, որում նշված չէ հետադարձ կապի վերաբերյալ որեւէ տեղեկություն, ենթակա չեն գրանցման եւ քննարկման:
3. Կոլեկտիվ հանրագիրը ոչ ուշ, քան ստանալուն հաջորդող երկու օրվա ընթացքում ենթակա է հրապարակման այդ նպատակով ստեղծված համացանցում հասանելի տիրույթում, եթե կոլեկտիվ հանրագրի բոլոր մասնակիցները ներկայացրել են այն հրապարակելու վերաբերյալ իրենց համաձայնությունը:
Հոդված 8. Հանրագիրը վերադարձնելը
1. Եթե հանրագիրը չի համապատասխանում սույն օրենքի 6-րդ հոդվածով հանրագրի բովանդակությանը ներկայացվող պահանջներին, ապա հանրագիր ներկայացրած անձը հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ է պահվում դրանք շտկելու անհրաժեշտության մասին: Նշված ժամկետում հանրագիրը սահմանված պահանջներին չհամապատասխանեցնելու դեպքում հանրագիրը ենթակա է վերադարձման:
2. Եթե հանրագիրը կամ դրա մի մասը չի վերաբերում այն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց իրավասություններին, որոնց հասցեագրվել է, ապա ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանրագիրն ամբողջությամբ կամ մասամբ վերադարձվում է հանրագիրը ներկայացրած անձին՝ պարզաբանելով, թե որ մարմինն է իրավասու տվյալ հարցով:
3. Եթե անհատական ընդունելության արդյունքում ներկայացված բանավոր առաջարկն ամբողջությամբ կամ մասամբ չի վերաբերում տվյալ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց իրավասություններին, որոնց հասցեագրվել է, ապա առաջարկն ամբողջությամբ կամ մասամբ որպես հանրագիր չի արձանագրվում, իսկ այն ներկայացրած անձին պարզաբանվում է, թե որ մարմինն է իրավասու տվյալ հարցով:
Հոդված 9. Հանրագրի քննարկումը մերժելը
1. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք ամբողջությամբ կամ մասամբ մերժում են հանրագրի քննարկումը, եթե`
1) անձը ներկայացրել է կրկնակի հանրագիր.
2) հանրագրում նշված հարցը արդեն իսկ ստացել է համապատասխան օրենսդրական կամ այլ կարգավորում.
3) առկա է սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված հիմքը.
4) հանրագրով ներկայացված պահանջը ենթակա է լուծման քաղաքացիական, վարչական, քրեական կամ սահմանադրական դատավարության կարգով, կամ այդպիսի պահանջի լուծման համար օրենքով նախատեսված է այլ ընթացակարգ, կամ
5) հանրագիրը ներկայացվել է օտար լեզվով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
2. Հանրագրի քննարկումը մերժելու հիմքերի առկայության դեպքում իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը հանրագիրն ստանալուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, որոշում է կայացնում հանրագրի քննարկումն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին` հանրագիրը, կից փաստաթղթերը եւ որոշումն ուղարկելով հանրագիրը ներկայացրած անձին:
3. Հանրագրի քննարկումը մերժելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված:
Հոդված 10. Հանրագրին պատասխան ներկայացնելու ժամկետը
1. Հանրագրին պատասխան է ներկայացվում հանրագիրն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում:
2. Հանրագրին պատասխան ներկայացնելու ժամկետն իրավասու պաշտոնատար անձը կարող է երկարաձգել մինչեւ մեկ ամսով` այդ մասին ծանուցելով հանրագիրը ներկայացրած անձին սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի ավարտից առնվազն երեք աշխատանքային օր առաջ:
3. Հանրագրին պատասխան ներկայացնելու ժամկետը կարող է երկարաձգվել, եթե`
1) առկա է լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտություն, կամ
2) նույն հարցի վերաբերյալ առկա է մեկից ավելի հանրագիր:
4. Առանձին դեպքերում, երբ հանրագրում նշված հարցի քննարկման համար ձեւավորվել է առանձին հանձնաժողով կամ այլ աշխատանքային խումբ, ապա հանրագիրը քննարկվում է, եւ հանրագրին պատասխան է ներկայացվում հանձնաժողովի կամ այդ խմբի գործունեության ժամկետում, սակայն ոչ ավելի, քան վեց ամսում:
Հոդված 11. Հանրագրին պատասխան ներկայացնելը
1. Հանրագրի քննարկումը մերժելու մասին որոշում չկայացվելու դեպքում դրան սույն օրենքով նախատեսված ժամկետում տրվում է պատշաճ պատասխան:
2. Պատասխանն ստորագրում է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավասու պաշտոնատար անձը:
3. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք հանրագրի պատասխանը ոչ ուշ, քան այն կայացնելուն հաջորդող աշխատանքային օրը ուղարկում են հանրագիրը ներկայացրած անձին:
4. Նույն անձի կամ անձանց կողմից նույն հարցի վերաբերյալ մի քանի հանրագիր ներկայացվելու դեպքում մինչեւ դրա վերաբերյալ պատասխան ներկայացնելը իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձն իրավունք ունի միավորելու դրանք եւ ներկայացնելու մեկ ընդհանուր պատասխան, որն ուղարկվում է բոլոր հասցեատերերին:
Հոդված 12. Հրապարակային հանրագրերը ներկայացնելու եւ քննարկելու առանձնահատկությունները
1. Հրապարակային հանրագրերը ներկայացնելու եւ դրանց պատասխան ներկայացնելու նկատմամբ կիրառվում են սույն օրենքով սահմանված ընդհանուր կանոնները` հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունները:
2. Հրապարակային հանրագիրը ներկայացվում է էլեկտրոնային միասնական հարթակում սահմանված ձեւաթուղթը լրացնելու միջոցով:
3. Հրապարակային հանրագիր նախաձեռնած անձը համարվում է գլխավոր նախաձեռնող: Հրապարակային հանրագրին միացած անձինք համարվում են հանրագրի աջակիցներ:
4. Գլխավոր նախաձեռնողը նշում է իր անուն-ազգանունը, հասցեն, ինչպես նաեւ էլեկտրոնային փոստի հասցեն, իսկ հանրագրի աջակիցները` անուն-ազգանունը եւ էլեկտրոնային փոստի հասցեն: Գլխավոր նախաձեռնողի անունը եւ կապի միջոցի վերաբերյալ տվյալները հրապարակվում են հանրագրի հետ:
5. Հրապարակային հանրագիրը մերժելու հիմքերի բացակայության դեպքում իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը հնգօրյա ժամկետում հանրագիրը հրապարակում է էլեկտրոնային միասնական հարթակում:
6. Հրապարակային հանրագրի գլխավոր նախաձեռնողը գրավոր ծանուցվում է հանրագրի հրապարակման, հանրագրի քննարկումը մերժելու որոշման մասին:
7. Անձինք հրապարակային հանրագրին կարող են միանալ հանրագիրը էլեկտրոնային միասնական հարթակում հրապարակվելուց հետո` 30-օրյա ժամկետում:
8. Հրապարակային հանրագրին պատասխան ներկայացնելու ժամկետը հաշվարկվում է սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված ժամկետը լրանալուն հաջորդող օրվանից:
9. Հրապարակային հանրագրերը ներկայացնելու ձեւաթուղթը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 13. Ազգային ժողով ներկայացված հանրագրերի քննարկման առանձնահատկությունները
1. Ազգային ժողով ներկայացված հանրագրերի քննարկումն իրականացվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով:
Հոդված 14. Կառավարություն ներկայացված հանրագրերի քննարկման առանձնահատկությունները
1. Կառավարություն ներկայացված հանրագրերը գրանցում, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում նաեւ հրապարակում է վարչապետի աշխատակազմը:
2. Վարչապետի աշխատակազմը որոշում է հանրագրերը վերադարձնելու, հանրագրի քննարկումը մերժելու հետ կապված հարցերը, ինչպես նաեւ ծանուցում է հանրագրի վերաբերյալ ընդունված որոշումների մասին:
3. Եթե բացակայում են հանրագրի քննարկումը մերժելու հիմքերը, ապա հանրագիրը գրանցելուց հետո վարչապետի աշխատակազմն այն վերահասցեագրում է հանրագրում նշված հարցով իրավասու նախարարությանը: Եթե հանրագրում նշված հարցը ենթակա չէ որեւէ նախարարության իրավասությանը, ապա հանրագրի քննարկումն իրականացնում է Կառավարության հանրագրերի հարցերով հանձնաժողովը, որի կազմավորման եւ գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 15. Հանրագրի վերաբերյալ ընդունված որոշումների, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործողության (անգործության) բողոքարկումը
1. Հանրագիրը վերադարձնելու կամ հանրագրի քննարկումը մերժելու մասին որոշումները, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմնի ու պաշտոնատար անձի գործողությունը (անգործությունը) ենթակա են բողոքարկման վարչական կամ դատական կարգով:
Հոդված 16. Հանրագրի վերաբերյալ ընդունված որոշումների մասին ծանուցելը, հանրագրի պատասխանն ուղարկելը
1. Սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված որոշումները, ինչպես նաեւ հանրագրի պատասխանն ուղարկվում են փոստով` հանձնելու մասին ծանուցմամբ հանրագրի մեջ նշված հասցեով կամ հասցեատիրոջն ստորագրությամբ առձեռն հանձնելու կամ հասցեատիրոջ կողմից էլեկտրոնային կամ հաղորդակցության այլ միջոց ներկայացված լինելու դեպքում` այդ միջոցով:
2. Կոլեկտիվ հանրագրի դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերն ուղարկվում են հանրագրում որպես պատասխանատու նշված անձի հասցեով, իսկ պատասխանը հրապարակվում է նաեւ էլեկտրոնային միասնական հարթակում:
3. Հրապարակային հանրագրի պատասխանը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը հրապարակում է էլեկտրոնային միասնական հարթակում:
4. Էլեկտրոնային եղանակով ստացված հանրագրի վերաբերյալ փաստաթղթերը հանրագիր ներկայացրած անձին ուղարկվում են նույն եղանակով:
Հոդված 17. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-24 օրենքը:
Հոդված 18. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքի 12-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
2. Մինչեւ համացանցում հասանելի տիրույթում հանրագրեր ներկայացնելու էլեկտրոնային միասնական հարթակի ստեղծումը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք կոլեկտիվ հանրագրերը հրապարակում են իրենց պաշտոնական կայքերում: Տեղական ինքնակառավարման այն մարմինները, որոնք չունեն պաշտոնական կայք, կոլեկտիվ հանրագրերը հրապարակում են համապատասխան մարզպետարանի պաշտոնական կայքում, իսկ մինչեւ 1000 բնակիչ ունեցող համայնքներում կոլեկտիվ հանրագրերը հրապարակվում են նաեւ համայնքի վարչական շենքին հարող տարածքում այդ նպատակի համար հատկացված վայրում:
3. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է, եւ Կառավարության հանրագրերի հարցերով հանձնաժողովը կազմավորվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
12.01.2018
ՀՕ-15-Ն
24.03.2021 | «Հանրագրերի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին |