Armenian English   Russian    
Ազգային ժողովի կանոնակարգ
Ազգային ժողովի կանոնակարգ*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.12.2017

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) քննարկում է Ազգային ժողովի նախագահի կողմից հանձնաժողով ուղարկված հանրագրերը եւ պատասխանում է դրանց:»:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 123.1-ին  հոդվածով.

«Հոդված 123.1. Ազգային ժողով ներկայացված հանրագրերը քննարկելու եւ դրանց պատասխանելու կարգը

1. Հանրագրերն Ազգային ժողով կարող են ներկայացվել միայն Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ:

2. Հանրագիրը ներկայացվում է Ազգային ժողովի նախագահին ուղղված գրությամբ: Եթե գրությունը սույն հոդվածի 1-ին մասի կամ «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին`

1) չի համապատասխանում եւ հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրանց չի համապատասխանեցվում, ապա Աշխատակազմը վերադարձնում է գրությունը` նշելով պատճառների մասին, իսկ «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մերժման հիմքերի առկայության դեպքում մերժում է հանրագրի քննարկումը.

2) համապատասխանում է, ապա Ազգային ժողովի նախագահը հանրագիրն ուղարկում է իրավասու մշտական հանձնաժողով կամ հանձնաժողովներ, եթե հանրագիրը վերաբերում է մեկից ավելի մշտական հանձնաժողովների իրավասության ոլորտներին:

3. Աշխատակազմը գրանցում է մշտական հանձնաժողով ուղարկված հանրագիրը եւ այն տեղադրում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:

4. Մշտական հանձնաժողովի նախագահը հանրագիրն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, հանրագիրն ուղարկում է հանձնաժողովի անդամներին, որոնք կարող են հանրագիրն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, ներկայացնել հանրագրի պատասխանի նախագիծ: Եթե սահմանված ժամկետում հանրագրի պատասխանի նախագիծ չի ներկայացվում, ապա հանրագրի պատասխանի նախագիծը  մեկ շաբաթվա ընթացքում մշակում եւ հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի նախագահը կարող է հանրագրի պատասխանի նախագիծ մշակել նաեւ հանձնաժողովի այլ անդամի կողմից հանրագրի պատասխանի նախագիծ ներկայացվելու դեպքում:

5. Հանձնաժողովի նիստում հանրագրի պատասխանի նախագիծը քննարկվում է ընդհանուր կարգով: Եթե ներկայացվել են մեկից ավելի նախագծեր, ապա դրանք քննարկվում են Կանոնակարգի 112-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան: Եթե հանրագրի պատասխանի վերաբերյալ հանձնաժողովը որոշում չի կայացնում, ապա հարցի քննարկումն համարվում է ավարտված:

6. Հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի որոշմամբ հաստատված հանրագրի պատասխանը, իսկ պատասխանի վերաբերյալ որոշում չկայացվելու դեպքում համապատասխան գրությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Աշխատակազմ, որն այն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկում է անհատական հանրագիրը ներկայացրած անձին կամ կոլեկտիվ հանրագրում որպես պատասխանատու նշված անձին: Հանրագրի պատասխանը տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:

7. Հանրագրերի վերաբերյալ Ազգային ժողովի նախագահի, մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ հանրագիրը վերադարձնելու, հանրագրի քննարկումը մերժելու վերաբերյալ Աշխատակազմի որոշումները կամ այլ գործողությունները (անգործությունը) բողոքարկման ենթակա չեն:»:

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

12.01.2018
ՀՕ-22-Ն