ՕՐԵՆՔԸ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Գլուխ 1. Անվտանգության խորհուրդը
Գլուխ 2. Անվտանգության խորհրդի կազմը
Գլուխ 3. Անվտանգության խորհրդի գործունեության կարգը
Գլուխ 4. Անվտանգության խորհրդի որոշումները
Գլուխ 5. Անվտանգության խորհրդի բնականոն գործունեության ապահովումը
Գլուխ 6. Եզրափակիչ մաս եվ անցումային դրույթներ
Հոդված 1. Անվտանգության խորհրդի կարգավիճակը
1. Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը:
Հոդված 2. Անվտանգության խորհրդի գործառույթը եւ լիազորությունները
1. Անվտանգության խորհուրդը, Սահմանադրության 155-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան, սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները:
2. Անվտանգության խորհուրդը վարչապետի առաջարկությամբ քննարկում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր:
3. Անվտանգության խորհրդի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով եւ «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
4. Անվտանգության խորհուրդը պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով` խորհրդատվական բնույթի որոշումներ:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ
Հոդված 3. Անվտանգության խորհրդի անդամները
1. Անվտանգության խորհրդի անդամներն են`
1) վարչապետը.
2) առաջին փոխվարչապետը.
3) փոխվարչապետները.
4) Անվտանգության խորհրդի քարտուղարը.
5) պաշտպանության նախարարը.
6) արտաքին գործերի նախարարը.
7) ազգային անվտանգության ծառայության տնօրենը.
8) ոստիկանության պետը.
9) զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 4. Անվտանգության խորհրդի նիստերի կազմակերպումը եւ անցկացումը
1. Անվտանգության խորհրդի գործունեությունն իրականացվում է կոլեգիալ հիմունքներով` նիստերի միջոցով:
2. Անվտանգության խորհրդի անդամները պարտավոր են մասնակցել Անվտանգության խորհրդի նիստերին եւ քննարկվող հարցի վերաբերյալ Անվտանգության խորհրդի որոշմանը քվեարկել կողմ կամ դեմ:
3. Անվտանգության խորհրդի նիստերին կարող են մասնակցել նաեւ վարչապետի հրավիրած այլ անձինք:
4. Անվտանգության խորհրդի նիստերը հրավիրում է վարչապետը` ըստ անհրաժեշտության, սակայն ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ:
5. Անվտանգության խորհրդի նիստերը վարում է վարչապետը:
6. Անվտանգության խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի առնվազն վեց անդամ:
7. Անվտանգության խորհրդի` պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է խորհրդի առնվազն յոթ անդամ:
8. Անվտանգության խորհուրդը լսում եւ ի գիտություն է ընդունում պաշտպանության նախարարի կիսամյակային զեկույցները պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների կատարման վերաբերյալ:
9. Անվտանգության խորհրդի նիստերի օրակարգը, հարցերի քննարկման հերթականությունը եւ հիմնական զեկուցողներին որոշում է վարչապետը:
10. Անվտանգության խորհրդի անդամներն իրավասու են առաջարկություններ ներկայացնելու Անվտանգության խորհրդի նիստի օրակարգի եւ քննարկվելիք փաստաթղթերի վերաբերյալ:
11. Անվտանգության խորհրդի նիստերի օրակարգը եւ քննարկվելիք փաստաթղթերն Անվտանգության խորհրդի անդամներին տրամադրվում են, որպես կանոն, նիստից առնվազն հինգ օր առաջ:
12. Սույն հոդվածի 11-րդ մասում նշված փաստաթղթերն Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցող այլ անձանց կարող են տրամադրվել վարչապետի հանձնարարությամբ:
13. Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում ներառված առանձին նյութերի ծանոթանալու հատուկ կարգը սահմանում է վարչապետը:
14. Անվտանգության խորհրդի նիստերի օրակարգը, նիստերում քննարկված հարցերի բովանդակությունը, ինչպես նաեւ քվեարկության արդյունքները հրապարակման ենթակա չեն: Սույն կանոնից բացառությունները սահմանում է վարչապետը:
15. Անվտանգության խորհրդում քննարկված հարցերի եւ ընդունված որոշումների մասին վարչապետի հանձնարարությամբ կարող է տարածվել պաշտոնական հաղորդագրություն:
16. Անվտանգության խորհրդի նիստերն արձանագրում է Անվտանգության խորհրդի գրասենյակը:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Հոդված 5. Անվտանգության խորհրդի որոշումների տեսակները, ընդունման կարգը
1. Անվտանգության խորհրդի` պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով որոշումներն ընդունվում են Անվտանգության խորհրդի առնվազն յոթ անդամների ձայներով, իսկ խորհրդատվական բնույթի որոշումները` Անվտանգության խորհրդի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:
2. Անվտանգության խորհրդի որոշումներն ստորագրում է վարչապետը:
3. Անվտանգության խորհրդի խորհրդատվական բնույթի որոշումները քննարկվում են իրավասու մարմիններում, եւ դրանցում ամրագրված լուծումներն ըստ անհրաժեշտության կենսագործվում են այդ մարմինների կողմից ընդունվող իրավական ակտերում:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 6. Անվտանգության խորհրդի աշխատակարգը
1. Անվտանգության խորհրդի գործունեությանն առնչվող ընթացակարգային հարցերը կարգավորվում են վարչապետի կողմից հաստատված Անվտանգության խորհրդի աշխատակարգով:
Հոդված 7. Անվտանգության խորհրդի քարտուղարը եւ գրասենյակը
1. Վարչապետը նշանակում եւ ազատում է Անվտանգության խորհրդի քարտուղարին:
2. Անվտանգության խորհուրդն ունի գրասենյակ, որի կանոնադրությունը եւ հաստիքացուցակը հաստատում է վարչապետը:
3. Վարչապետն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով նշանակում եւ ազատում է Անվտանգության խորհրդի գրասենյակի հանրային ծառայողներին:
4. Անվտանգության խորհրդի քարտուղարը`
1) կազմակերպում է Անվտանգության խորհրդի նիստերի նախապատրաստական աշխատանքները.
2) մշակում եւ վարչապետին առաջարկություններ է ներկայացնում Անվտանգության խորհրդի` սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հարցերով նիստերի օրակարգի վերաբերյալ.
3) նիստերի նախապատրաստման նպատակով վարչապետի անունից իրավասու է գործադիր իշխանության մարմիններից պահանջելու փաստաթղթեր, նյութեր, ինչպես նաեւ այլ անհրաժեշտ տեղեկատվություն, որն այդ մարմինները պարտավոր են տրամադրել հարցումն ստանալուց ոչ ուշ, քան յոթ օր հետո, իսկ հրատապ դեպքերում` հնարավոր սեղմ ժամկետում.
4) անմիջականորեն ղեկավարում եւ վերահսկում է Անվտանգության խորհրդի գրասենյակի, ինչպես նաեւ հանրային ծառայող չհանդիսացող` խորհրդի աշխատանքներում պայմանագրային հիմունքներով ներգրավված անձանց գործունեությունը, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով նշանակում եւ ազատում է Անվտանգության խորհրդի գրասենյակի` վարչապետի կողմից չնշանակվող հանրային ծառայողներին, իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ.
5) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում եւ կարգով ներկայացնում է Անվտանգության խորհուրդը միջազգային կազմակերպություններում.
6) Անվտանգության խորհրդի աշխատակարգով սահմանված կարգով հավաքում եւ ամփոփում է Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիքներին վերաբերող տեղեկատվությունը, վարչապետի սահմանած պարբերականությամբ Անվտանգության խորհուրդ եւ վարչապետին է ներկայացնում սույն կետում նշված տեղեկատվության ամփոփագրեր, ինչպես նաեւ առաջարկություններ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ.
7) իրականացնում է Անվտանգության խորհրդի որոշումների կատարման մշտադիտարկում եւ դրանց կատարման վերաբերյալ վարչապետի սահմանած կարգով հաշվետվություն է ներկայացնում Անվտանգության խորհուրդ եւ վարչապետին.
8) Անվտանգության խորհրդի աշխատակարգով սահմանված դեպքերում եւ կարգով ղեկավարում է Անվտանգության խորհրդի հանձնախմբերի, աշխատանքային խմբերի գործունեությունը.
9) կատարում է վարչապետի առանձին հանձնարարականներ:
5. Անվտանգության խորհրդի գործունեության խորհրդատվական եւ տեղեկատվական ապահովման համար խորհրդի աշխատանքներում կարող են ներգրավվել փորձագետներ:
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 8. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
Հոդված 9. Անվտանգության խորհրդի առաջին քարտուղարին նշանակելու, Անվտանգության խորհրդի աշխատակարգը հաստատելու, Անվտանգության խորհրդի գրասենյակ ստեղծելու եւ գրասենյակում նշանակումներ կատարելու ժամկետները
1. Անվտանգության խորհրդի առաջին քարտուղարը նշանակվում է վարչապետի` Սահմանադրության 149-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան նշանակվելուց ոչ ուշ, քան 30 օր հետո:
2. Անվտանգության խորհրդի աշխատակարգը հաստատվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 60 օր հետո:
3. Անվտանգության խորհրդի գրասենյակն ստեղծվում, եւ գրասենյակի հանրային ծառայության պաշտոններում նշանակումները կատարվում են օրենքով սահմանված կարգով` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 60 օր հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
21.03.2018
ՀՕ-145-Ն