Armenian      
Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.03.2018
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-100-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում «ու պայմանների» բառերը փոխարինել «, դեպքերի» բառով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Սահմանադրությամբ եւ սույն օրենքով:»։

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «համար խրախուսման» բառերը փոխարինել «ճանաչման» բառով.

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Հայաստանի Հանրապետության պետական պարգեւներն են Հայաստանի Հանրապետության շքանշանները եւ Հայաստանի Հանրապետության մեդալները:».

3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 5. Հայաստանի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելու իրավասությունը

1. Հանրապետության նախագահին Հայաստանի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրելու կամ պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելու իրավասություն ունեն վարչապետը, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահները:

2. Վարչապետն իրավասու է միջնորդությամբ դիմելու Հանրապետության նախագահին Հայաստանի Հանրապետության բոլոր պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների վերաբերյալ:

3. Ազգային ժողովի նախագահն իրավասու է դիմելու Ազգային ժողովի գործունեության ոլորտներին առնչվող Հայաստանի Հանրապետության պետական պարգեւով պարգեւատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ:

4. Սահմանադրական դատարանի նախագահն իրավասու է դիմելու Սահմանադրական դատարանի գործունեության ոլորտներին առնչվող Հայաստանի Հանրապետության պետական պարգեւով պարգեւատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ:

5. Բարձրագույն դատական խորհրդի նախագահն իրավասու է դիմելու Բարձրագույն դատական խորհրդի եւ դատարանների գործունեության ոլորտներին առնչվող Հայաստանի Հանրապետության պետական պարգեւով պարգեւատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ:»:

Հոդված 5. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-5.3-րդ հոդվածներով.

«Հոդված 5.1. Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից Հայաստանի Հանրապետության պետական պարգեւով պարգեւատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելը

1. Վարչապետը Հայաստանի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրելու կամ պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմում է սեփական նախաձեռնությամբ եւ Սահմանադրությամբ նախատեսված մարմինների, ինչպես նաեւ քաղաքացիների եւ իրավաբանական անձանց առաջարկությունների հիման վրա:

2. Կառավարությանը եւ վարչապետին ենթակա մարմինների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված այլ մարմինների եւ համայնքի ղեկավարներն առաջարկությունը վարչապետին ներկայացնում են անմիջականորեն, իսկ նախարարություններին ենթակա մարմինների ղեկավարները` համապատասխան նախարարի միջոցով:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված առաջարկությունը պետք է համապատասխանի սույն օրենքի 5.2-րդ հոդվածով նախատեսված միջնորդությանը ներկայացվող պահանջներին, բացառությամբ սույն օրենքի 5.2-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ եւ 5-րդ կետերի:

4. Սույն օրենքի պահանջներին չհամապատասխանող առաջարկությունները մեկշաբաթյա ժամկետում վերադարձվում են առաջարկություն ներկայացրած մարմին կամ անձին` մատնանշելով համապատասխան թերությունները:

5. Համապատասխան մարմինը կամ անձը մատնանշված թերությունները վերացնելուց հետո կարող է ներկայացնել նոր առաջարկություն:

6. Տոնի կամ այլ հատուկ օրվա հետ կապված առաջարկությունները վարչապետին ներկայացվում են տվյալ օրվանից առնվազն երկու ամիս առաջ:

7. Վարչապետը նախաձեռնություն դրսեւորելու նպատակով կամ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց կամ մարմինների կողմից առաջարկություն ստանալու դեպքում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով դիմում է վարչապետին կից պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների շնորհման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով):

8. Հանձնաժողովը խորհրդատվական եզրակացությունը տալիս է երկշաբաթյա ժամկետում:

9. Վարչապետը Հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո կարող է մեկշաբաթյա ժամկետում միջնորդությամբ դիմել Հանրապետության նախագահին: Սահմանված ժամկետում միջնորդությամբ չդիմելու դեպքում համապատասխան առաջարկությունը համարվում է մերժված, որի մասին առաջարկություն ներկայացնող մարմինը կամ անձն իրազեկվում է:

10. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական պարգեւով կամ պատվավոր կոչումով պարգեւատրման առաջադրվող անձի կամ կոլեկտիվի մատուցած ծառայության բնույթը եւ կարեւորությունը` բացառիկ դեպքերում վարչապետը Հայաստանի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրելու կամ պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ Հանրապետության նախագահին կարող է դիմել առանց հարցը Հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու:

11. Վարչապետի որոշմամբ ստեղծվում է Հանձնաժողովը, եւ հաստատվում է Հանձնաժողովի աշխատակարգը:

Հոդված 5.2. Հայաստանի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությանը ներկայացվող պահանջները

1. Հայաստանի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվում է գրավոր եւ ներառում է`

1) պարգեւատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու հիմնավորումը.

2) պարգեւատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու ներկայացված անձի անունը, ազգանունը եւ հայրանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, կրթությունը, պետական պարգեւներով պարգեւատրվելու եւ պատվավոր կոչումների արժանանալու վերաբերյալ տեղեկատվություն, աշխատանքի վայրը, պաշտոնը կամ գործունեության բնույթը, գիտական, զինվորական եւ այլ կոչումներ, տեղեկություններ աշխատանքային գործունեության մասին, ընտանեկան դրությունը, բնակության վայրը, իսկ պարգեւատրմանը հետմահու ներկայացվելու դեպքում` նաեւ մահվան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

3) պարգեւի տեսակը կամ պատվավոր կոչումը:

2. Միջնորդությանը կցվում են`

1) պարգեւատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու ներկայացված անձի բնութագիրը, որտեղ նշվում են այդ անձի մատուցած ծառայությունները.

2) պարգեւատրման ներկայացված անձի կենսագրությունը.

3) պարգեւատրման ներկայացված անձի անձնագրի, քաղաքացիությունը հաստատող փաստաթղթի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը.

4) վարչապետի կողմից միջնորդությամբ դիմելու դեպքում՝ նաեւ Հանձնաժողովի եզրակացությունը, բացառությամբ սույն օրենքի 5.1-ին հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքերի.

5) պետական պարգեւով պարգեւատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը:

3. Ծնողական փառքի մեդալով պարգեւատրման ներկայացվելու դեպքում միջնորդությանը կցվում են նաեւ զավակների ծննդյան կամ որդեգրման վկայականների պատճենները:

4. Գիտության, տնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի բնագավառների եւ այլ կոլեկտիվների, ինչպես նաեւ զորամասերի պարգեւատրման կամ «Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվ» պատվավոր կոչում շնորհելու միջնորդությունը ներառում է`

1) պարգեւատրման հիմնավորումը.

2) պարգեւատրվող կոլեկտիվի անվանումը կամ զորամասի անվանումը կամ թիվը.

3) պարգեւի տեսակը կամ պատվավոր կոչումը:

5. Գիտության, տնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի բնագավառների եւ այլ կոլեկտիվների, ինչպես նաեւ զորամասերի պարգեւատրման կամ «Հայաստանի Հանրապետության վաստակավոր կոլեկտիվ» պատվավոր կոչում շնորհելու միջնորդությանը կից ներկայացվում են`

1) պարգեւատրման ներկայացված կոլեկտիվի կամ զորամասի գործունեությունը եւ պատմությունը, որտեղ նշվում են Հայաստանի Հանրապետությանը եւ հասարակությանը մատուցված ծառայությունները.

2) պարգեւատրման ներկայացված կոլեկտիվի կամ զորամասի հիմնադրման կամ կազմավորման տարեթիվը, գործունեության վայրը, պետական պարգեւներով պարգեւատրվելու եւ պատվավոր կոչումների արժանանալու վերաբերյալ տեղեկատվություն.

3) պետական պարգեւով պարգեւատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը:

6. Տոնի կամ այլ հատուկ օրվա հետ կապված միջնորդությունները ներկայացվում են տվյալ օրվանից առնվազն մեկ ամիս առաջ:

Հոդված 5.3. Հայաստանի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու կարգը

1. Հայաստանի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրում եւ պատվավոր կոչումներ շնորհում է Հանրապետության նախագահը` համապատասխան միջնորդության հիման վրա:

2. Հանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրում եւ պատվավոր կոչումներ շնորհում է հրամանագրի ընդունմամբ։

3. Հայաստանի Հանրապետության պետական պարգեւով պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությունն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը կարող է պետական պարգեւով պարգեւատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձնել միջնորդությամբ դիմող մարմին:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում պետական պարգեւով պարգեւատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծն իր առարկություններով միջնորդությամբ դիմող մարմին չվերադարձվելու դեպքում Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է պետական պարգեւով պարգեւատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրը:

5. Եթե միջնորդությամբ դիմող մարմինը չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է պետական պարգեւով պարգեւատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրը կամ եռօրյա ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան:

6. Եթե Սահմանադրական դատարանը համապատասխան մարմնի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված միջնորդությունը ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է պետական պարգեւով պարգեւատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրը:

7. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 3-6-րդ մասերով սահմանված պահանջները, ապա համապատասխան անձին կամ կոլեկտիվին պետական պարգեւով պարգեւատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ հրամանագիրն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով, որի մասին համապատասխանաբար վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահը կամ Սահմանադրական դատարանի նախագահը մեկշաբաթյա ժամկետում հայտարարություն են տարածում Հանրապետության նախագահի հրամանագիրն իրավունքի ուժով ուժի մեջ մտած լինելու վերաբերյալ:

8. Նույն պետական պարգեւով, ինչպես նաեւ նույն պետական պարգեւի նույն աստիճանով միեւնույն անձին մեկից ավելի պարգեւատրում չի կատարվում:

9. Հայաստանի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրումը կատարվում է նաեւ հետմահու:»:

Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչումը» բառերը փոխարինել «Հայրենիքի շքանշանը» բառերով.

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Հանրապետության նախագահը եւ վարչապետն իրենց պաշտոնավարման ընթացքում չեն կարող պարգեւատրվել Հայաստանի Հանրապետության պետական պարգեւներով։»:

Հոդված 7. Օրենքի 2-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 8. Հայրենիքի շքանշանը

1. Հայրենիքի շքանշանը հանձնվում է երկրի պաշտպանության, իրավակարգի ամրապնդման բնագավառներում, ինչպես նաեւ ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար:

2. Հայրենիքի շքանշանով պարգեւատրված անձը հանդիսանում է Հայաստանի ազգային հերոս:»:

Հոդված 9. Օրենքի 6-րդ գլխի վերնագրից հանել «ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ,» բառերը:

Հոդված 10. Օրենքի 43-րդ հոդվածում`

1) վերնագրի «հաստատումը» բառը փոխարինել «սահմանումը» բառով.

2) 4-րդ մասի «հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը» բառերը փոխարինել «սահմանվում են սույն օրենքի հավելված 1-ում եւ հավելված 2-ում» բառերով:

Հոդված 11. Օրենքի 45-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած» բառերը փոխարինել «Հայրենիքի» բառով.

2) 12-րդ մասից հանել «, իսկ եթե պարգեւատրումը կամ շնորհումը կատարվել է առանց միջնորդության` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» բառերը.

3) 7-րդ, 8-րդ, 13-րդ եւ 14-րդ մասերում «Հայաստանի Հանրապետության Նախագահի» բառերը փոխարինել «Հանրապետության նախագահի» բառերով:

Հոդված 12. Օրենքը լրացնել`

1) «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների նկարագրությունները եւ նմուշները, դրանց վկայականների նմուշները, շերտաձողիկների նկարագրությունները եւ նմուշները» վերնագրով հավելված 1-ով` համաձայն սույն օրենքի հավելված 1-ի.

2) «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների կրծքանշանների նկարագրությունները եւ նմուշները, դրանց վկայականների եւ շնորհագրերի նմուշները» վերնագրով հավելված 2-ով` համաձայն սույն օրենքի հավելված 2-ի:

Հոդված 13. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տոնը կամ այլ հատուկ օրը երկու ամսվա ընթացքում լինելու դեպքում սույն օրենքի 5.1-ին հոդվածի 6-րդ եւ 5.2-րդ հոդվածի 6-րդ մասերի դրույթները չեն գործում:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը շնորհված «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումները պահպանում են իրենց ուժը, իսկ «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած անձինք, ինչպես նաեւ «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած մահացած անձի ընտանիքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով շարունակում են օգտվել արտոնություններից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

28.03.2018
ՀՕ-158-Ն