Armenian      
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.03.2018

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 169.16-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասերով.

«Առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պահանջների կամ պայմանների խախտմամբ տեխնիկական եւ հատուկ նշանակության հրավառություն իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով։

Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարերեքհարյուրապատիկից մինչեւ երկուհազարապատիկի չափով:

Առեւտրի եւ ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հրավառությունների իրականացման պահանջները կամ պայմանները չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով։

Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազար երեքհարյուրապատիկից մինչեւ երկուհազարապատիկի չափով, եւ համայնքի ղեկավարի կողմից տրված տեխնիկական եւ հատուկ նշանակության հրավառությունների իրականացման թույլտվությունից զրկում՝ մեկ տարի ժամկետով:

Սահմանված կարգով համայնքի ղեկավարի կողմից տեխնիկական եւ հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլտվություն չստացած անձանց տեխնիկական եւ հատուկ նշանակության հրավառությունների համար նախատեսված հրագործական նյութեր (արտադրանք), հրագործական բաղադրիչներ եւ այլ պայթուցիկ սարքեր (նյութեր) վաճառելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով։

Սույն մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

28.03.2018
ՀՕ-202-Ն