Armenian      
Ոստիկանությունում ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.03.2018
Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ» բառերը փոխարինել «վարչապետը» բառով.

2) 3-րդ մասի «Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությամբ» բառերը փոխարինել «Կառավարությունը» բառով:

Հոդված 2. Օրենքում «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» եւ «ոստիկանության գործառույթներ իրականացնող պետական կառավարման մարմին» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «Ոստիկանություն» բառով, «Հայաստանի Հանրապետության Նախագահ», «Հայաստանի Հանրապետության վարչապետ» եւ «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը` համապատասխան հոլովաձեւերով «Հանրապետության նախագահ», «վարչապետ» եւ «Կառավարություն» բառերով:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ոստիկանության բարձրագույն կոչումները բարձրագույն զինվորական կոչումներ են, որոնք վարչապետի առաջարկությամբ շնորհում է Հանրապետության նախագահը:»:

Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին հոդվածով.

«Հոդված 5.1. Ոստիկանության բարձրագույն կոչումներ շնորհելը

1. Վարչապետը ոստիկանության բարձրագույն կոչումներ շնորհելու առաջարկությամբ դիմում է սեփական նախաձեռնությամբ կամ Ոստիկանության պետի միջնորդության հիման վրա:

2. Վարչապետի առաջարկությունը ներկայացվում է գրավոր եւ ներառում է կոչման շնորհմանը ներկայացված անձի անունը, ազգանունը, հայրանունը, տեղեկություններ աշխատանքային գործունեության մասին եւ կոչումը:

3. Վարչապետի առաջարկությանը կցվում է ոստիկանության բարձրագույն կոչում շնորհելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը, իսկ Ոստիկանության պետի միջնորդության դեպքում՝ նաեւ միջնորդությունը, որը ներառում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվությունը:

4. Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է առաջարկությանը կցված հրամանագրի նախագիծը կամ այն առարկություններով վերադարձնում է վարչապետին:

5. Եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան:

6. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է հրամանագիրը:

7. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին, ապա վարչապետը հնգօրյա ժամկետում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ներկայացնում է նոր առաջարկություն:

8. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված պահանջները, ապա համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի՝ տվյալ անձին ոստիկանության բարձրագույն կոչումը շնորհված է համարվում իրավունքի ուժով՝ սույն հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված եռօրյա ժամկետի ավարտին հաջորդող օրվանից, որի մասին վարչապետը գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունն ստորագրվում է վարչապետի կողմից եւ հրապարակվում Կառավարության պաշտոնական կայքէջում:»:

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 13. Ոստիկանության ծառայողին պաշտոնի նշանակելը

1. Ոստիկանության անմիջական ղեկավարումն իրականացնում է Ոստիկանության պետը:

2. Ոստիկանության պետին վարչապետի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է Հանրապետության նախագահը:

3. Ոստիկանության պետի տեղակալներին Ոստիկանության պետի միջնորդության հիման վրա վարչապետի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է Հանրապետության նախագահը:

4. Ոստիկանության զորքերի հրամանատարին Ոստիկանության պետի միջնորդության հիման վրա վարչապետի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է Հանրապետության նախագահը: Ոստիկանության զորքերի հրամանատարն ի պաշտոնե Ոստիկանության պետի տեղակալն է:

5. Ոստիկանության գլխավոր, ավագ եւ միջին պաշտոնների խմբերի ծառայողներին պաշտոնի նշանակում (ծառայության է ընդունում) եւ պաշտոնից ազատում է Ոստիկանության պետը:

6. Ոստիկանության միջին պաշտոնների խմբում ծառայողներին այլ պաշտոնի փոխադրումը կարող է իրականացնել Ոստիկանության պետի լիազորած` վարչության պետի պաշտոնից ոչ ցածր պաշտոն զբաղեցնող ծառայողը:

7. Ոստիկանության կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին նշանակում եւ պաշտոնից ազատում է Ոստիկանության պետի լիազորած` վարչության պետի պաշտոնից ոչ ցածր պաշտոն զբաղեցնող ծառայողը:

8. Ոստիկանությունում գլխավոր, ավագ եւ միջին խմբերի պաշտոնների կարող են նշանակվել տվյալ պաշտոնին համապատասխանող կոչումից ավելի բարձր, դրան համապատասխանող կամ այդ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ, իսկ բացառիկ դեպքերում` երկու աստիճան ցածր կոչում ունեցող ծառայողները: Սույն մասի պահանջները չեն տարածվում սույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով պաշտոնի նշանակելու դեպքերի վրա:

9. Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններում նշանակումը կատարվում է սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված կարգով:

10. Ոստիկանության այն ծառայություններում, որոնցում ծառայողների անձը ծածկագրված է, եւ նրանք իրենց լիազորություններն իրականացնում են գաղտնագործունեության լիակատար պահպանմամբ, պաշտոնի նշանակելու (ատեստավորման, վերապատրաստման, այլ պաշտոնի փոխադրելու) կարգը եւ պայմանները սահմանում է Ոստիկանության պետը:»:

Հոդված 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13.1-ին հոդվածով.

«Հոդված 13.1. Ոստիկանության պետի, պետի տեղակալի ու Ոստիկանության զորքերի հրամանատարի նշանակումը եւ ազատումը

1. Ոստիկանության պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը ներկայացվում է գրավոր եւ ներառում է պաշտոնի նշանակմանը ներկայացված անձի անունը, ազգանունը, հայրանունը, տեղեկություններ աշխատանքային գործունեության մասին եւ կոչումը:

2. Ոստիկանության պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությանը կցվում է պաշտոնի նշանակելու կամ պաշտոնից ազատելու մասին Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը:

3. Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ստորագրում է առաջարկությանը կցված հրամանագրի նախագիծը կամ այն առարկություններով վերադարձնում է վարչապետին:

4. Եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան:

5. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է համապատասխան հրամանագիրը:

6. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում վարչապետի կողմից Հանրապետության նախագահին ներկայացված առաջարկությունը Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին, ապա վարչապետը հնգօրյա ժամկետում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ներկայացնում է նոր առաջարկություն:

7. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված պահանջները, ապա համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի՝ տվյալ անձը պաշտոնի նշանակված կամ պաշտոնից ազատված է համարվում իրավունքի ուժով՝ սույն հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված եռօրյա ժամկետի ավարտին հաջորդող օրվանից, որի մասին վարչապետը գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունն ստորագրվում է վարչապետի կողմից եւ հրապարակվում Կառավարության պաշտոնական կայքէջում:

8. Ոստիկանության պետի տեղակալներ եւ Ոստիկանության զորքերի հրամանատար նշանակելու կամ ազատելու մասին վարչապետի առաջարկությանը կցվում են՝

1) Ոստիկանության պետի տեղակալներ կամ Ոստիկանության զորքերի հրամանատար նշանակելու կամ ազատելու մասին վարչապետին ուղղված Ոստիկանության պետի գրավոր միջնորդությունը, որը ներառում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվությունը.

2) Ոստիկանության պետի տեղակալներ կամ Ոստիկանության զորքերի հրամանատար նշանակելու կամ ազատելու մասին Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը:»:

Հոդված 7. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում, 14-րդ հոդվածի 10-րդ մասում եւ 14.1-ին հոդվածի 4-րդ մասում «դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության» բառերը փոխարինել «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության» բառերով:

Հոդված 8. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, Փրկարար ծառայության, Ազգային անվտանգության ծառայության, Քրեակատարողական ծառայության եւ Հայաստանի Հանրապետության դատախազության մարմիններում հետագա ծառայությունը շարունակելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից տեղափոխված ծառայողին թույլատրվում է ուսումնառությունը շարունակել ոստիկանության ուսումնական հաստատության հեռակա ուսուցման ֆակուլտետում:»:

Հոդված 9. Օրենքի 47-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից» բառերը փոխարինել «Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ սույն օրենքի 13.1-ին հոդվածով սահմանված կարգով» բառերով.

2) 3-րդ մասից հանել «՝ Հայաստանի Հանրապետության նախագահի համաձայնությամբ» բառերը։

Հոդված 10. Օրենքի 60.2-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.03.2018
ՀՕ-273-Ն