Armenian      
Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.03.2018
Հոդված 1. «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-119 օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 15.1-ին եւ 15.2-րդ հոդվածներով.

«Հոդված 15.1. Գիտության կոմիտեն

1. Գիտության կոմիտեն ղեկավարում է գիտության կոմիտեի նախագահը:

2. Գիտության կոմիտեն ՝

1) մասնակցում է գիտության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության մշակմանը,  մշակում եւ համապատասխան նախարարին է ներկայացնում գիտության բնագավառի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծեր.

2) մշակում է գիտության բնագավառի կառուցվածքային բարեփոխումների ծրագրեր.

3) մշակում է գիտության զարգացման հեռանկարային ու նպատակային, ինչպես նաեւ միջպետական համագործակցության շրջանակներում գիտատեխնիկական ծրագրեր եւ  կազմակերպում է դրանց իրականացումը.

4) մշակում է գիտական եւ գիտատեխնիկական ներուժի կառուցվածքի բարելավման ու օգտագործման արդյունավետության բարձրացման ծրագրեր, գիտական կադրերի պատրաստման նպատակով իրականացնում է ուսումնասիրություններ եւ ներկայացնում է առաջարկություններ պետական պատվերի ձեւավորման վերաբերյալ.

5) մշակում է առաջարկություններ գիտության եւ տեխնիկայի զարգացման գերակայությունների վերաբերյալ.

6) մշակում եւ համապատասխան նախարարին է ներկայացնում գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության (այսուհետ` փորձաքննություն) բնագավառի իրավական ակտերի նախագծեր.

7) սահմանում է փորձաքննության կազմակերպիչներին եւ փորձագետներին առաջադրվող պահանջները.

8) մշակում է փորձաքննության բնագավառում պետական հավատարմագրման կարգը եւ չափանիշները.

9) մշակում եւ հաստատում է պետական փորձաքննության մեթոդական եւ կազմակերպատեխնիկական հիմքերը.

10) փորձաքննության  բնագավառում  կնքում  է միջազգային համագործակցության պայմանագրեր.

11) կազմակերպում է գիտության եւ արտադրության ինտեգրմանն ուղղված գիտական եւ գիտատեխնիկական գործունեության իրականացումը.

12) սահմանված կարգով մասնակցում է գիտության բնագավառի հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) մշակմանն ու քննարկմանը.

13) մշակում եւ իրականացնում է Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետությունների հայ գիտնականների ներուժի համախմբմանն ուղղված ծրագրեր.

14) օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացնում է համապատասխան վարչական, վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթերի, տեղեկանքների եւ այլն) ներդրում եւ դրանց միջոցով հավաքված տվյալների ու տեղեկությունների հիման վրա` սահմանված կարգով վարչական վիճակագրական ռեգիստրների վարում.

15) կազմակերպում է ռազմատեխնիկական ծրագրերի մշակումը, փորձաքննության եւ իրականացման մոնիտորինգի (մշտադիտարկման) կազմակերպումը` Ռազմարդյունաբերական կոմիտեի եւ համապատասխան պետական մարմինների հետ.

16) իրականացնում է գիտական եւ (կամ) գիտատեխնիկական արդյունքների վերաբերյալ տվյալների հավաքում, գիտաչափական վերլուծություն, հաշվառման ամբողջական համակարգի ձեւավորում եւ վարում.

17) իր իրավասության սահմաններում իրականացնում է գիտության բնագավառի բյուջետային գործընթացը:

Հոդված 15.2. Բարձրագույն որակավորման կոմիտեն

1. Բարձրագույն որակավորման կոմիտեն  ապահովում է գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդների ստեղծումը եւ դրանց աշխատանքների կազմակերպումը, ինչպես նաեւ գիտական աստիճանաշնորհման համակարգի պետական չափանիշների մշակումը:

2. Բարձրագույն որակավորման կոմիտեն ղեկավարում է կոմիտեի նախագահը:

3. Բարձրագույն որակավորման կոմիտեն՝

1) կազմում եւ համապատասխան նախարարի հաստատմանն է ներկայացնում այն գիտական մասնագիտությունների անվանացանկը, որոնց գծով շնորհվում են գիտական աստիճաններ եւ գիտական կոչումներ.

2) հաստատում եւ համապատասխան դիպլոմներով ամրագրում է գիտական աստիճանները` հիմք ընդունելով մասնագիտական խորհուրդների որոշումները եւ որակավորման գործի ուսումնասիրությունը.

3) հաստատում եւ համապատասխան դիպլոմներով ամրագրում է գիտական կոչումները` հիմք ընդունելով բուհերի եւ գիտական կազմակերպությունների գիտական (գիտատեխնիկական) խորհուրդների որոշումներն ու գործի ուսումնասիրությունը.

4) նախկին ԽՍՀՄ գիտական աստիճանի վկայագրերի հիման վրա հանձնում է Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանի վկայագրեր.

5) համապատասխան նախարարին ներկայացնում է եզրակացություն օտարերկրյա պետություններում ստացված գիտական աստիճանի վկայագիրը Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանի վկայագրին համապատասխանեցնելու մասին.

6) համագործակցում է օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների հետ.

7) կազմակերպում է ատենախոսությունների եւ սեղմագրերի պահպանումը.

8) կազմակերպում է տեղեկագրերի հրատարակումը:»:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ եւ 9-րդ մասերում «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովը» բառերը փոխարինել «Բարձրագույն որակավորման կոմիտեն» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.03.2018
ՀՕ-293-Ն