Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.03.2018
Հոդված 1. «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-11-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 7. Զբոսաշրջության կոմիտեն

1. Զբոսաշրջության ոլորտի  քաղաքականությունն իրականացնում է Զբոսաշրջության կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե):

2. Կոմիտեն ղեկավարում է կոմիտեի նախագահը:

3. Կոմիտեն `

1) մշակում եւ համապատասխան նախարարին է ներկայացնում առաջարկություններ զբոսաշրջության, դրա նյութատեխնիկական եւ սոցիալական բազայի զարգացման հեռանկարների եւ ուղղությունների վերաբերյալ.

2) համագործակցում է նախարարությունների, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, զբոսաշրջային գործունեության սուբյեկտների հետ Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջիկների ընդունման, սպասարկման, զբոսաշրջային ուղեւորությունների կազմակերպման, տեղեկատվական բազայի ձեւավորման, զարգացման ծրագրերի մշակման եւ մարքեթինգի իրականացման ուղղություններում, վարում է զբոսաշրջության ոլորտի վարչական վիճակագրությունը.

3) նպաստում է զբոսաշրջային գործունեության վերաբերյալ տեղեկատվական, գովազդային եւ հրատարակչական գործունեության կազմակերպմանն ու իրականացմանը.

4) համապատասխան նախարարին առաջարկություններ է ներկայացնում զբոսաշրջային տարածաշրջաններ, կենտրոններ, երթուղիներ եւ օբյեկտներ սահմանելու եւ դրանք Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման եւ տարածքային զարգացման ծրագրերում ներառելու վերաբերյալ.

5) աջակցում է զբոսաշրջության ոլորտում ազգային եւ օտարերկրյա ներդրումների ներգրավման համար բարենպաստ միջավայրի ձեւավորմանը.

6) տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկություններ է ներկայացնում դրանց տարածքում գտնվող զբոսաշրջային տարածաշրջանների, կենտրոնների եւ օբյեկտների վերանորոգման, բարեկարգման եւ պատշաճ վիճակում պահպանման վերաբերյալ.

7) աջակցում է զբոսաշրջության բնագավառում կադրերի պատրաստմանը, վերապատրաստմանը եւ նրանց որակավորման բարձրացմանը, զբոսաշրջության բնագավառում գիտահետազոտական աշխատանքների իրականացմանը.

8) այլ երկրների համապատասխան մարմինների եւ միջազգային զբոսաշրջային կազմակերպությունների հետ հարաբերություններում ներկայացնում է Կառավարությունը, մասնակցում է զբոսաշրջության ոլորտին առնչվող միջազգային պայմանագրերի կնքման ընթացակարգերին.

9) մասնակցում է զբոսաշրջության ոլորտի ռազմավարության, զարգացման պետական ծրագրերի մշակմանը, ապահովում դրանց իրականացումը եւ մշտադիտարկումը.

10) վարում է զբոսաշրջության ոլորտի վարչական վիճակագրությունը (ռեգիստրը).

11) իրականացնում է զբոսաշրջության ոլորտի քաղաքականության մշակման համար անհրաժեշտ հետազոտություններ եւ վերլուծություններ.

12) մշակում եւ համապատասխան նախարարության միջոցով իրավասու պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններ է ներկայացնում առաջարկություններ զբոսաշրջության զարգացման հետ կապված նրանց իրավասությունների վերաբերյալ.

13) իրականացնում է սոցիալական փաթեթում ներառված հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկված զբոսաշրջային օպերատորների հաշվառման գործընթացը.

14) ներկայացնում է զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության վերաբերյալ առաջարկություններ, ապահովում զբոսաշրջության ոլորտում միջազգային համագործակցությունը, ներկայացնում է զբոսաշրջության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության շահերը միջազգային համագործակցության շրջանակներում.

15) աջակցում է զբոսաշրջության ոլորտում ազգային եւ օտարերկրյա ներդրումների ներգրավման համար բարենպաստ միջավայրի ձեւավորմանը.

16) մշակում եւ իրականացնում է ներքին շուկայում ոլորտի կազմակերպությունների ու դրանց միությունների հետ համատեղ ծրագրեր.

17) համագործակցում է պետական եւ տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների, առեւտրային եւ ոչ առեւտրային կազմակերպությունների հետ օրենքով եւ այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորությունների իրականացման շրջանակներում.

18) համակարգում է միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող կամ ֆինանսավորվող` զբոսաշրջությանն առնչվող աջակցության ծրագրերը կամ ծրագրերի այն մասերը, որոնք պարունակում են զբոսաշրջության բաղադրիչ, ինչպես նաեւ վերահսկում է դրանց կատարման ընթացքը.

19) ապահովում է համաշխարհային շուկայում Հայաստանի Հանրապետության՝ որպես բարենպաստ եւ գրավիչ զբոսաշրջային երկրի նկարագրի ձեւավորումն ու ամրապնդումը.

20) իրականացնում է համաշխարհային շուկայում Հայաստանի Հանրապետության ու հայկական զբոսաշրջային արդյունքի (այդ թվում՝ նաեւ գովազդատեղեկատվական նյութերի) պատշաճ ներկայացումը` խթանելով այն միջազգային միջոցառումներին (այդ թվում՝ մասնագիտացված ցուցահանդեսներին) մասնակցության, մամուլի, սոցիալական ցանցերի, էլեկտրոնային մարքեթինգի եւ հասարակության հետ կապերի այլ միջոցներով.

21) իրականացնում է մարքեթինգային (այդ թվում՝ արտաքին շուկաների) ուսումնասիրություններ, վերլուծություններ եւ շահագրգիռ կողմերին ապահովում անհրաժեշտ տեղեկատվությամբ.

22) իրականացնում եւ համակարգում է զբոսաշրջության ոլորտի զարգացման աշխատանքները.

23) աջակցում եւ մասնակցում է գործարար միջավայրի, ներդրումների, արդյունաբերության եւ զբոսաշրջության ոլորտը կարգավորող բարենպաստ օրենսդրական դաշտի ձեւավորմանն ու վարչարարական խոչընդոտների վերացման միջոցառումների մշակմանը.

24) մասնակցում է ներդրումային, արդյունաբերական, զբոսաշրջության եւ արտահանման խթանման ծրագրերի մշակմանը եւ իրականացնում է դրանք.

25) մշակում եւ իրականացնում է համաշխարհային շուկայում Հայաստանի Հանրապետության` որպես զբոսաշրջային երկրի եւ հայկական զբոսաշրջային արդյունքի ներկայացման եւ խթանման ծրագրեր.

26) ձեւավորում եւ վարում է զբոսաշրջային տեղեկատվական բազան.

27) շահառուներին է տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն.

28) համակարգում է պետական աջակցությամբ գործող զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնները եւ ապահովում դրանց գործունեությունը.

29) սահմանված կարգով ներկայացնում է զբոսաշրջության օրենսդրական դաշտի կիրառման պրակտիկայի ընդհանրացման, դրա կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ.

30) ուսումնասիրում է զբոսաշրջային արդյունքի խթանման եւ իրականացման համաշխարհային առաջավոր փորձը, ներկայացված առաջարկությունները, ինչպես նաեւ իրականացնում է միջոցառումներ՝ դրանք Հայաստանի Հանրապետությունում կիրառելու համար.

31) ուսումնասիրում եւ վերլուծում է զբոսաշրջային արտաքին շուկաների մասին տեղեկատվությունը եւ այն տրամադրում է շահառուներին.

32) աջակցում է Հայաստանի Հանրապետության կողմից զբոսաշրջության ոլորտում կնքված պայմանագրերի եւ համաձայնագրերի իրականացմանը:»:

Հոդված 2. Օրենքում «լիազոր մարմին» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «կոմիտե» բառով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.03.2018
ՀՕ-295-Ն