Armenian   Russian    
Հաշվեքննիչ պալատի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 03.10.2018

Հոդված 1. «Հաշվեքննիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի հունվարի 16-ի ՀՕ-58-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Գործունեության ծրագրի երկրորդ մասում ընդգրկված ծրագրային կետի՝

1) կատարման արդյունքում կազմված՝

ա. կատարողականի հաշվեքննության ընթացիկ եզրակացությունը ներառում է հաշվետվություն հաշվեքննության առարկայի տնտեսման եւ (կամ) նպատակային արդյունավետության եւ (կամ) ծախսային արդյունավետության վերաբերյալ,

բ. ֆինանսական եւ համապատասխանության հաշվեքննությունների ընթացիկ եզրակացությունները ներառում են սույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի տեղեկատվությունը եւ 2-րդ կետի «ա» կամ «բ» կամ «գ» կամ «դ» ենթակետով նախատեսված կարծիքը.

2) կատարման արդյունքում կազմված ընթացիկ եզրակացությունը, ըստ անհրաժեշտության, ներառում է՝

ա. գրառում` անհամապատասխանություն կամ խեղաթյուրում չհայտնաբերելու մասին,

բ. գրառում` անհամապատասխանության կամ խեղաթյուրման վերաբերյալ,

գ. առաջարկություններ հաշվեքննության օբյեկտի ղեկավարությանը եւ այլ շահագրգիռ կողմերին,

դ. հաշվեքննության արձանագրությունների վերաբերյալ հաշվեքննության օբյեկտների ղեկավարների ներկայացրած առարկությունները եւ բացատրությունները,

ե. եզրակացություններ,

զ. այլ տեղեկատվություն:»:

Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասում «տարեկան հաղորդումը Ազգային ժողով ուղարկվելուց առնվազն մեկ ամիս առաջ» բառերը փոխարինել «մինչեւ տվյալ տարվա ապրիլի 1-ը» բառերով:

Հոդված 3. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Յուրաքանչյուր եռամսյակի առաջին երեք աշխատանքային օրվա ընթացքում հաշվեքննիչ պալատի նախագահն Ազգային ժողով է ուղարկում այդ եռամսյակի ընթացքում ներկայացվելիք ընթացիկ եզրակացությունների նախատեսվող ցանկը՝ բաշխված ըստ ամիսների:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

10.10.2018
ՀՕ-396-Ն