Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՎԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2800-ԱՄՅԱԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 01.11.2018

Ի նշանավորումն Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարում է համաներում:
 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԳԼՈՒԽ 2. ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 3. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 


ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ



Հոդված  1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է 2018 թվականի հոկտեմբերի 21-ը ներառյալ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու հետ կապված հարաբերությունները։

ԳԼՈՒԽ 2

ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ

Հոդված 2. Համաներման կիրառման շրջանակները
 
 

1. Համաներում հայտարարելով՝ պատժից ազատել`

1) առավելագույնը չորս տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձանց.

2) այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է.

3) ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձանց:

2. Համաներում հայտարարելով՝ պատժից ազատել առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված`

1) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներին.

2) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հղի կանանց.

3) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ երեք կամ ավելի անչափահաս երեխա ունեցող անձանց.

4) սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող անձանց.

5) 60 տարին լրացած անձանց.

6) հանցագործությունը մինչեւ 18 տարին լրանալը կատարած այն անձանց, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն.

7) այն անձանց, որոնք Հայրենական մեծ պատերազմի, Աֆղանստանի, Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներ են կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավասարեցված են նրանց կամ ունեն բռնադատվածի կարգավիճակ եւ միաժամանակ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն.

8) այն անձանց, որոնք Հայրենական մեծ պատերազմի, Աֆղանստանի, Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողություններում զոհված (մահացած) զինծառայողների ամուսին, զավակ կամ ծնող են եւ միաժամանակ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն։

3. Համաներում հայտարարելով՝ պատժից ազատել նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատազրկման ձեւով պատիժ չկրած կամ կրած, սակայն դատվածություն չունեցող անձանց, որոնք դատապարտվել են`

1) առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան նշանակված պատժի մեկ երրորդը.

2) առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան նշանակված պատժի կեսը:

4. Համաներում հայտարարելով՝ պատժից ազատել անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար`

1) առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց.

2) առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման դատապարտված եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ոչ պակաս, քան նշանակված պատժի մեկ երրորդը կրած անձանց:

5. Քրեական գործի հարուցումը մերժել, հարուցված քրեական գործը կարճել, ինչպես նաեւ դադարեցնել քրեական հետապնդումը կամ չիրականացնել քրեական հետապնդում  2018 թվականի հոկտեմբերի 21-ը ներառյալ կատարած հանցագործությունների դեպքերով (բացառությամբ անմիջականորեն մարդու մահվան հանգեցրած դեպքերի, որոնցով առկա է տուժողի իրավահաջորդի առարկությունը), որոնցով՝

1) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան չորս տարի ժամկետով ազատազրկում.

2) սույն հոդվածի 2-րդ մասի  1-8-րդ կետերով նախատեսված անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություն կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան վեց տարի ժամկետով ազատազրկում.

3) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են անզգուշությամբ հանցագործություն կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան վեց տարի ժամկետով ազատազրկում.

4) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է միայն ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ:

6. Սույն հոդվածի 5-րդ մասը կիրառվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթների պահպանմամբ:

7. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտով նշանակված պատժաչափը կրճատել`

1) երկու երրորդով` անզգուշությամբ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ.

2) կիսով չափ` դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման դատապարտված եւ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատազրկման ձեւով պատիժ չկրած կամ կրած, սակայն դատվածություն չունեցող անձանց նկատմամբ.

3) մեկ երրորդով` դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման դատապարտված եւ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատազրկման ձեւով պատիժ կրած եւ դատվածություն ունեցող անձանց նկատմամբ.

4) մեկ քառորդով՝ դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար տասը տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ:

8. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտով նշանակված պատժաչափը կրճատել ինն ամսով (բացառությամբ սույն հոդվածի 10-րդ մասի 5-րդ կետով նախատեսված դեպքերի)` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 112-րդ հոդվածի 2-րդ մասով, 123-րդ հոդվածի 3-րդ մասով, 152-րդ հոդվածով, 154-րդ հոդվածով, 165-րդ հոդվածի 4-րդ մասով, 175-րդ հոդվածի 1-ին մասով, 190-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 226-րդ հոդվածով, 235-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 266-րդ հոդվածի 1-ին մասով, 274-րդ հոդվածի 2-րդ մասով, 275-րդ հոդվածի 2-3-րդ մասերով, 280-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 284-րդ հոդվածի 4-րդ մասով, 297-րդ հոդվածի 2-րդ մասով, 327-րդ հոդվածով, 340-րդ հոդվածի 2-4-րդ մասերով, 347-րդ հոդվածի 4-րդ մասով, 348-րդ հոդվածով, 349-րդ հոդվածի 3-րդ մասով, 356-րդ հոդվածի 3-րդ մասով, 357-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով, 358-րդ հոդվածի 3-5-րդ մասերով, 359-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով, 361-րդ հոդվածի 7-րդ մասով, 362-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 363-րդ հոդվածի 5-րդ մասով, 364-րդ հոդվածի 3-րդ մասով,  365-րդ հոդվածի 4-րդ մասով, 366-րդ հոդվածի 4-րդ մասով, 367-րդ հոդվածի 3-րդ մասով,        368-րդ հոդվածի 3-րդ մասով, 369-րդ հոդվածի 3-րդ մասով, 371-րդ հոդվածի 3-րդ մասով, 373-րդ հոդվածի 4-րդ մասով, 377-րդ հոդվածի 3-րդ մասով, 378-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, եթե դրանք հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն չեն:

9. Համաներում հայտարարելով՝ դադարեցնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունը։

10. Համաներումը չկիրառել (բացառությամբ սույն հոդվածի  9-րդ եւ 11-րդ մասերով նախատեսված դեպքերի)`

1) այն անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ վերջին տասը տարվա ընթացքում`

ա. նշանակված պատժաչափը կրճատվել է Հայաստանի Հանրապետության նախագահի` ներում շնորհելու մասին հրամանագրի կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` համաներում հայտարարելու մասին որոշման հիման վրա, եւ որոնք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, կամ

բ. որոնց պատիժը կրելուց ազատել են Հայաստանի Հանրապետության նախագահի` ներում շնորհելու մասին հրամանագրի կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` համաներում հայտարարելու մասին որոշման հիման վրա, եւ որոնք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, կամ

գ. որոնց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` համաներում հայտարարելու մասին որոշման հիման վրա, եւ որոնք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, կամ

2) այն անձանց նկատմամբ, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կալանավորման տակ գտնվելու կամ պատիժը կրելու ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կալանավորման տակ գտնվելու կամ պատիժը կրելու ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.

3) մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ, բացառությամբ այն անձանց, որոնք 2019 թվականի փետրվարի 1-ը ներառյալ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան.

4) հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում.

5) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի    2-րդ մասով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով, 132-րդ հոդվածով, 132.2-րդ հոդվածով, 133-րդ հոդվածի 3-րդ մասով, 18-րդ գլխով, 149-րդ հոդվածով, 150-րդ հոդվածով, 153-րդ հոդվածով, 154.1-ին հոդվածով, 154.2-րդ հոդվածով,  154.4-րդ հոդվածով, 154.5-րդ հոդվածով, 164-րդ հոդվածով, 166-րդ հոդվածով,    168-րդ հոդվածով, 175-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 217-րդ,  218-րդ, 219-224-րդ հոդվածներով, 238-րդ հոդվածի 2-4-րդ մասերով, 261-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 262-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 265-րդ հոդվածով, 266-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 272-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 287-րդ հոդվածի 4-րդ մասով, 299-րդ հոդվածով, 300-300.2-րդ հոդվածներով, 301.1-ին հոդվածով, 302-305-րդ հոդվածներով, 309.1-ին հոդվածով, 310.1-ին հոդվածով, 314.3-րդ հոդվածով, 329-րդ հոդվածի 2-րդ մասով, 336-րդ հոդվածով, 341-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 352-րդ հոդվածի 3-րդ մասով, 358.1-ին հոդվածով, 33-րդ գլխով նախատեսված հանցագործությունները կատարելու մեջ մեղադրվող կամ այդ հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, եթե դրանք հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն չեն.

6) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունը կատարելու մեջ մեղադրվող եւ 37 տարեկանը չլրացած անձանց նկատմամբ, եթե դա հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն չէ.

7) մի քանի հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, եթե այդ հանցագործություններից թեկուզ մեկի համար սույն օրենքով համաներում կիրառելն արգելվում է.

8) այն անձանց նկատմամբ, որոնք դիտավորությամբ կատարած հանցագործության համար պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել են եւ մեղադրվում են պատժի չկրած մասի ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են պատժի չկրած մասի ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.

9) այն անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, եւ որոնք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են փորձաշրջանի ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են փորձաշրջանի ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.

10) ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ։

11. Համաներում հայտարարելով՝

1) 2016 թվականի հուլիսի 17-31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածքում հանցագործություն կատարած, վերջիններիս հետ հանցակցած, այդ նպատակով  հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն, հարակից տարածքներում դրանց հետ առնչություն ունեցող հանցագործություն կատարած, ինչպես նաեւ 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստության համար մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ հարուցված քրեական գործը կարճել, քրեական հետապնդում չիրականացնել կամ քրեական հետապնդումը դադարեցնել կամ նրանց պատժից ազատել, եթե դրա դեմ չեն առարկում պատանդառված եւ (կամ) ֆիզիկական վնաս կրած տուժողները.

2) սույն մասի 1-ին կետը չի տարածվում նույն կետում նկարագրված իրադարձությունների ընթացքում կատարված այն արարքների նկատմամբ, որոնք անմիջականորեն հանգեցրել են մարդու մահվան.

3) սույն մասի 1-ին կետում նկարագրված հանցագործությունների արդյունքում պատճառված նյութական վնասի հատուցման հարցը կարող է լուծվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

12. Սույն հոդվածի 1-5-րդ եւ 7-րդ մասերը կիրառվում են անձի նկատմամբ, եթե սույն հոդվածի 8-րդ եւ 10-րդ մասերով այլ բան նախատեսված չէ:

ԳԼՈՒԽ 3

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հոդված 4. Օրենքի գործողությունը եւ կիրառման ապահովումը

1. Համաներման կիրառումը չի ազատում դատարանների դատավճիռներով նշանակված լրացուցիչ պատիժներից։

2. Համաներման կիրառման դեպքում օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված՝ տուժողին պատճառված վնասի հատուցման հարցը կարող է լուծվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։

3. Համաներման կիրառման դեպքում դատվածության մարման հարցը լուծվում է օրենքով սահմանված կարգով։

4. Սույն օրենքը կիրառվում է արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը կիրառելուց հետո։

5. Հանցագործությունների եւ դատավճիռների համակցության դեպքերում համաներումը կիրառվում է վերջնական պատժի նկատմամբ՝ հանցագործությունների կամ դատավճիռների համակցության կանոններով այն սահմանելուց հետո։ Սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կանոնները հանցագործությունների համակցության նկատմամբ կիրառվում են, եթե սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված դեպքերում մեղսագրվող արարքների համար նախատեսված առավելագույն պատիժների հանրագումարը չի գերազանցում չորս տարի ժամկետով ազատազրկումը, սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում՝ վեց տարի ժամկետով ազատազրկումը, իսկ սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դեպքերում՝ վեց տարի ժամկետով ազատազրկումը:

6. Ազատազրկման վայրերում ալկոհոլամոլությունից կամ թմրամոլությունից հարկադիր բուժվող անձանց նկատմամբ համաներումը կիրառվում է բուժման համապատասխան կուրսն անցնելուց հետո:

7. Հաշմանդամության եւ տարիքային հիմքով համաներումը կիրառվում է այն անձանց նկատմամբ, որոնք առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ են ճանաչվել, կամ որոնց 60 տարին լրացել է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը։

8. Այլ պետությունների դատարանների կողմից դատապարտված այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են Հայաստանի Հանրապետությունում, համաներումը կիրառվում է նրանց կատարած արարքների համար պատասխանատվություն սահմանող` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հոդվածներին համապատասխան:

9. Սույն օրենքի կատարումը վերապահել՝

1) Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի եւ վերաքննիչ քրեական դատարաններին`

ա. այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի կամ վերաքննիչ քրեական դատարանում են, սակայն մինչեւ սույն որոշումն ուժի մեջ մտնելը չեն քննվել, կամ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը քննվել են, բայց դատավճիռներն օրինական ուժի մեջ չեն մտել,

բ. այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է։ Նշված անձանց նկատմամբ սույն օրենքի կիրառման հարցը լուծում է դատարանը` դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդության հիման վրա.

2) Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանին` Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից դատապարտված այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս.

3) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին՝ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերով   վճռաբեկ բողոքներն ընդունվել են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարույթ.

4) քրեական հետապնդման մարմիններին` այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը կամ նյութերը քննում են նշված մարմինները.

5) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պետերին` այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են քրեակատարողական հիմնարկներում.

6) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությանը՝ այն անձանց նկատմամբ, որոնք`

ա. դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի,

բ. պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել են, եւ նրանց վարքագծի նկատմամբ իրականացվում է վերահսկողություն.

7) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը՝ այն անձանց նկատմամբ, որոնք դատապարտվել են զինվորական ծառայության մեջ սահմանափակման ձեւով պատժի.

8) կարգապահական գումարտակի հրամանատարին` այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են կարգապահական գումարտակում։

10. Հետաքննության եւ նախաքննության մարմինների, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պետերի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ կարգապահական գումարտակի հրամանատարների՝ համաներում կիրառելու վերաբերյալ ընդունած որոշումների օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով։

11. Սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված մարմինները համաներման ակտը պետք է կիրառեն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում: Եթե սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված մարմինների տրամադրության տակ առկա են համաներումը կիրառելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված եւ ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա այդ մարմինները պարտավոր են համաներման ակտը կիրառել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո՝ ողջամիտ ժամկետում` չսպասելով ընդհանուր ժամկետի լրանալուն:

12. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության դեպքում համաներման կիրառման համար դատապարտյալի համաձայնությունը չի պահանջվում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

03.11.2018
ՀՕ-414-Ն