ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«երաշտ՝ տեղումների երկարատեւ բացակայությամբ օդի բարձր ջերմաստիճանի եւ խոնավության նվազեցման հետ համատեղ օդերեւութաբանական գործոնների համալիր, որը հանգեցնում է բույսերի ջրային հաշվեկշռի խախտմանը եւ դրանց ոչնչացմանը.
սակավաջրություն՝ իրավիճակ, որի արդյունքում վատթարանում են ջրային ռեսուրսների պահանջարկի ապահովման պայմանները: Այն սահմանվում է՝ հիմք ընդունելով տվյալ հիդրոլոգիական տարում մթնոլորտային տեղումների քանակը, ձմռան ամիսներին կուտակված ձյան պաշարը, օդի ջերմաստիճանը, եւ երբ, ըստ բազմամյա դիտարկումների տվյալների, գետավազանների համապատասխան ժամանակահատվածի ջրի միջին ելքերի ապահովվածությունը գերազանցում է 66,7 տոկոսը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 30.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա մի մասում սակավաջրության կամ երաշտի մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից՝ հաշվի առնելով ջրօգտագործման գերակայության ապահովումը.»:
Հոդված 3. Օրենսգրքի 92-րդ հոդվածում՝
1) վերնագրի եւ 2-րդ մասի «սակավաջրություն եւ երաշտ» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «սակավաջրություն կամ երաշտ» բառերով.
2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Օդերեւութաբանական վերլուծության արդյունքում սակավաջրության կամ երաշտի վերաբերյալ հիդրոօդերեւութաբանական գործունեության բնագավառի լիազոր պետական մարմնի ներկայացրած պաշտոնական տեղեկատվության հիման վրա ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության լիազոր մարմնի առաջարկությամբ կառավարությունը որոշում է ընդունում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա մի մասում սակավաջրություն կամ երաշտ հայտարարելու մասին:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
29.06.2019
Երեւան
ՀՕ-81-Ն