Armenian      
Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 14.11.2019
Հոդված 1. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասի «ժէ.3» կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 18.1-ին հոդվածի 9-րդ մասի «բ» կետից հանել «, որը մուտքագրվում է ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ (հաշվին)» բառերը:

Հոդված 3. Օրենքի 33.1-ին եւ 33.2-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին ճանապարհային ոստիկանության նյութական խրախուսման եւ տեխնիկական զարգացման արտաբյուջետային ֆոնդում առկա արտաբյուջետային միջոցները մուտքագրվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` որպես ազատ մնացորդ:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն օրենքով սահմանված կարգով բացված արտաբյուջետային միջոցների հաշվին իրականացվող եւ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված արտաբյուջետային ծրագրերը, միջոցառումները, դրանց հետ կապված եկամուտները եւ ծախսերը համարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի համապատասխան ծրագրեր, միջոցառումներ, եկամուտներ եւ ծախսեր: Ընդ որում, սույն հոդվածով նախատեսված միջոցների հաշվին ծախսերը ֆինանսավորվում են բացառապես համապատասխան մուտքերի սահմաններում եւ դրանց հաշվին:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

03.12.2019
Երեւան
ՀՕ-240-Ն