Armenian      
Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 10.09.2019

Հոդված 1. «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-237-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4.1-ին հոդվածը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.

«3.1) սահմանում է աղբահանության եւ սանիտարական մաքրման ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնին»:

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում եւ (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի հետեւյալ դրույքաչափերով.

1) առեւտրի, հանրային սննդի եւ կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի եւ շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ հիսունից մինչեւ հարյուր Հայաստանի Հանրապետության դրամ.

2) հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի եւ շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ քսանից մինչեւ հիսուն Հայաստանի Հանրապետության դրամ.

3) վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաեւ առողջապահության համար նախատեսված շենքերի եւ շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ տասնհինգից մինչեւ քսան Հայաստանի Հանրապետության դրամ.

4) գիտական, կրթական եւ ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի եւ շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ երեքից մինչեւ տասնհինգ Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ զորանոցների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ ութ Հայաստանի Հանրապետության դրամ.

5) արտադրական՝ արդյունաբերական եւ գյուղատնտեսական նշանակության շենքերի եւ շինությունների մասով (այդ թվում՝ ավտոկայանատեղի)` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` հինգից մինչեւ տասնհինգ Հայաստանի Հանրապետության դրամ.

6) շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր հատվածի համար՝ ըստ տվյալ հատվածում իրականացվող գործունեության տեսակի, համաձայն սույն մասի 1-5-րդ կետերով սահմանված դրույքաչափերի, եթե աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին՝ կցելով նշված հատվածների մակերեսների նշումով սխեման, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն մասի 1-5-րդ կետերով սահմանված դրույքաչափով.

7) շինություններում (այդ թվում՝ առանձնացված տնտեսական գործունեության համար նախատեսված շինությունների առանձին հատվածներում), որտեղ որեւէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շինությունում մշտապես կամ ժամանակավորապես որեւէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն մասի 1-5-րդ կետերով սահմանված դրույքաչափով:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին եւ 2.2-րդ մասերով.

«2.1. Շենքերից եւ շինություններից դուրս գտնվող առեւտրի եւ հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ հիսունից մինչեւ հարյուր Հայաստանի Հանրապետության դրամ:

2.2. Շենքերից եւ շինություններից դուրս գտնվող առեւտրի եւ հանրային սննդի օբյեկտների, կենցաղային ծառայությունների մատուցման վայրերում, որտեղ որեւէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շենքերից եւ շինություններից դուրս գտնվող առեւտրի եւ հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերում մշտապես կամ ժամանակավորապես որեւէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին:».

3) 3-րդ մասը «աղբի համար» բառերից հետո լրացնել «,ինչպես նաեւ ոչ բնակելի տարածքների վերաբերյալ սույն հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում» բառերով.

4) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) ոչ բնակելի նպատակային նշանակության շենքի եւ (կամ) շինության սեփականատերը անհամաձայնության մասին գրավոր ներկայացնում է համապատասխան համայնքի ղեկավարին կամ սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անձանց՝ աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:».

5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված շենքերի, շինությունների եւ տարածքների մասով աղբի հեռացման հարաբերությունները կարգավորվում են աղբահանության ծառայություն մատուցող եւ ստացող կողմերի միջեւ կնքված պայմանագրով:».

6) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

30.09.2019
Երեւան
ՀՕ-165-Ն