ՕՐԵՆՔԸ
«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հոդված 9. Հանձնաժողովի կազմավորման կարգը
1. Հանձնաժողովը կազմված է հինգ անդամից` նախագահ եւ չորս անդամ: Հանձնաժողովի անդամների պաշտոնները ինքնավար պաշտոններ են:
2. Հանձնաժողովի անդամներին «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով նշանակում է Ազգային ժողովը՝ վեց տարի ժամկետով, բացառությամբ Հանձնաժողովի առաջին կազմի անդամների նշանակման դեպքերի:
3. Հանձնաժողովն իր կազմից Հանձնաժողովի անդամի լիազորությունների ժամկետով ընտրում է Հանձնաժողովի նախագահ:
4. Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք ունի այն մարմինը, որին վերապահվել է Հանձնաժողովի առաջին կազմի տվյալ անդամի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքի:
5. Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուն առաջադրվում է Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարելու մասին սույն օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով տեղեկացվելուց, Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցվելուց, ինչպես նաեւ Հանձնաժողովի անդամ նշանակելու մասին Ազգային ժողովի որոշումը չընդունվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
6. Եթե Կառավարությանը, Ազգային ժողովի կառավարող խմբակցությանը կամ Բարձրագույն դատական խորհրդին վերապահված՝ Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրվում, ապա նույն մարմինն այդ պաշտոնում թեկնածու առաջադրում է մեկամսյա ժամկետում:
7. Եթե Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությանը վերապահված Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրվում, ապա Ազգային ժողովի կառավարող խմբակցությունն այդ պաշտոնում թեկնածու առաջադրում է մեկամսյա ժամկետում:
8. Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում նշանակումը կատարվում է այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում: Եթե Հանձնաժողովի անդամ նշանակելու մասին Ազգային ժողովի որոշումը չի ընդունվում, ապա նույն մարմնի կողմից այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը պահպանվում է:
Հոդված 10. Հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները
1. Հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, բարձրագույն կրթությամբ եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք, ով ունի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն երեք տարին՝ քաղաքական, ինքնավար, վարչական կամ օրենքով ստեղծված պետական մարմնի անդամի պաշտոններում կամ կազմակերպման, ղեկավարման, վերահսկման, համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում (անկախ պետական կամ մասնավոր ոլորտում կատարած աշխատանքից):
2. Հանձնաժողովի անդամներից առնվազն մեկը պետք է ունենա բարձրագույն իրավաբանական, առնվազն մեկը` բարձրագույն տնտեսագիտական կրթություն:
3. Հանձնաժողովի անդամ չի կարող նշանակվել այն անձը, որը դատապարտվել է հանցագործության կատարման համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքերով, որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, որն ունի Կառավարության սահմանած ցանկով նախատեսված՝ դատավորի նշանակմանը խոչընդոտող հիվանդություն:
4. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Հանձնաժողովի անդամ:
5. Հանձնաժողովի անդամը պաշտոնավարում է մինչեւ 65 տարին լրանալը:»:
Հոդված 2. Օրենքի 11-15-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածում՝
1) վերնագրի «եւ դադարեցումը» բառերը փոխարինել «, դադարեցումը եւ կասեցումը» բառերով.
2) 1-ին մասը հանել.
3) 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) ավարտվել է նրա լիազորությունների ժամկետը.».
4) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-1.3-րդ կետերով.
«1.1) լրացել է նրա պաշտոնավարման տարիքը.
1.2) նա «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով հրաժարական է տվել.
1.3) նա օրենքով սահմանված կարգով զրկվել է որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից.».
5) 3-րդ մասը հանել.
6) 4-րդ մասի «վաղաժամկետ դադարեցնում է Հանձնաժողովը» բառերը փոխարինել «Հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով դադարեցվում են» բառերով.
7) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին եւ 4.2-րդ մասերով.
«4.1. Հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով նրան փոխարինող Հանձնաժողովի անդամը սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված եզրակացությունը դրա ընդունման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Ազգային ժողովի նախագահին:
4.2. Հանձնաժողովի անդամի լիազորությունները կասեցվում են սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված եզրակացության ընդունման դեպքում:».
8) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելիս Հանձնաժողովի անդամն անհապաղ տեղեկացնում է Հանձնաժողովի նախագահին, ինչպես նաեւ այն մարմնին, որի առաջարկությամբ նա նշանակվել է Հանձնաժողովի անդամ: Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված այլ դեպքերում Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարելուց, ինչպես նաեւ Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, Հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով նրան փոխարինող Հանձնաժողովի անդամն այդ մասին տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին, ինչպես նաեւ այն մարմնին, որն իրավասու է տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու՝ միաժամանակ ներկայացնելով թեկնածուի համար անհրաժեշտ՝ սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված պահանջները:»:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18.1-ին հոդվածով.
«Հոդված 18.1. Հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարումը եւ դադարեցումը
1. Հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարում են, եթե՝
1) նրա՝ որպես Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարել կամ դադարեցվել են.
2) նա Հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարական է տվել:
2. Հանձնաժողովի նախագահի կողմից իր պարտականությունները չկատարելը հիմք է Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ նրա՝ որպես Հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու համար:»:
Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հանձնաժողովի նիստերը վարում է Հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով նրան փոխարինող Հանձնաժողովի անդամը:».
2) 17-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Արձանագրությունն ստորագրում են նիստին ներկա Հանձնաժողովի բոլոր անդամները:».
3) 18-րդ մասի «՝ Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների պահպանմամբ» բառերը փոխարինել «, բացառությամբ պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակողների» բառերով.
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 19-րդ մասով.
«19. Հանձնաժողովի նախագահը «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 153-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաեւ 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված եզրակացությունները դրանց ընդունման օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Ազգային ժողովի նախագահին:»:
Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 2-րդ կետի «որոշումները, եզրակացություններն ու նիստերի արձանագրությունները» բառերը փոխարինել «որոշումները եւ եզրակացությունները» բառերով.
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Արձակուրդի կամ գործուղման դեպքում Հանձնաժողովի նախագահը Հանձնաժողովի անդամներից մեկին նշանակում է իրեն փոխարինող: Փոխարինող չնշանակելու, ինչպես նաեւ Հանձնաժողովի նախագահի ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքերում Հանձնաժողովի նախագահին փոխարինում է Հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:».
3) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) ստորագրում է Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները:»:
Հոդված 7. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-7-րդ կետերով.
«5) իր մշակած հակակոռուպցիոն ծրագրերի եւ միջոցառումների կատարման նկատմամբ մոնիտորինգ իրականացնելը եւ դրանց վերաբերյալ իրավասու մարմիններ առաջարկություններ ներկայացնելը.
6) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություններ ներկայացնելը, որոնք ենթակա չեն հրապարակման.
7) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված դեպքերում ու կարգով դատավորների եւ դատավորների թեկնածուների բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություններ ներկայացնելը, որոնք ենթակա չեն հրապարակման:»:
Հոդված 8. Օրենքի 24-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 19-21-րդ կետերով.
«19) կազմում է իր մշակած հակակոռուպցիոն ծրագրերի եւ դրանց իրականացման միջոցառումների ծրագրի (այդ թվում՝ ոլորտային) կատարման վերաբերյալ մոնիտորինգի զեկույցներ, դրանց վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում իրավասու մարմիններ.
20) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության, կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության վերաբերյալ իրականացնում է ուսումնասիրություններ եւ դրանց արդյունքներով ներկայացնում խորհրդատվական բնույթի եզրակացություններ.
21) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված դեպքերում ու կարգով դատավորների եւ դատավորների թեկնածուների բարեվարքության, կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության վերաբերյալ ներկայացնում է խորհրդատվական բնույթի եզրակացություններ:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Սույն հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով նախատեսված ուսումնասիրություններ իրականացնելու եւ դրանց արդյունքներով եզրակացություններ ներկայացնելու կարգը սահմանում է Հանձնաժողովը:»:
Հոդված 9. Օրենքի 42-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի կողմից Հանձնաժողովի առաջին կազմի անդամների ընդհանուր թվի մեծամասնության նշանակման օրվանից, բացառությամբ 9-րդ, 10-րդ հոդվածների, 23-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ եւ 7-րդ կետերի, ինչպես նաեւ 24-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ եւ 21-րդ կետերի եւ 1.1-ին մասի, որոնք ուժի մեջ են մտնում սույն հոդվածի 2-րդ եւ 2.1-ին մասերով սահմանված ժամկետներում:».
2) 2-րդ մասի «9-15-րդ» բառերը փոխարինել «9-րդ եւ 10-րդ» բառերով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ եւ 7-րդ կետերը, ինչպես նաեւ 24-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ եւ 21-րդ կետերը եւ 1.1-ին մասն ուժի մեջ են մտնում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում եւ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո:».
4) 3-5-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Հանձնաժողովի առաջին կազմը ձեւավորվում է հետեւյալ կերպ` մինչեւ 2019 թվականի նոյեմբերի 30-ը Ազգային ժողովը «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով նշանակում է Հանձնաժողովի հինգ անդամներին հետեւյալ ժամկետներով`
1) Հանձնաժողովի երկու անդամ` 6-ական տարի.
2) Հանձնաժողովի երկու անդամ` 4-ական տարի.
3) Հանձնաժողովի մեկ անդամ՝ 3 տարի:
4. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում նշված Հանձնաժողովի մեկական անդամի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք ունեն Կառավարությունը եւ Ազգային ժողովի կառավարող խմբակցությունը, 2-րդ կետում նշված պաշտոններում՝ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունը, իսկ 3-րդ կետում նշված պաշտոնում՝ Բարձրագույն դատական խորհուրդը: Սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջի կատարումն ապահովում են Կառավարությունը եւ Ազգային ժողովի կառավարող խմբակցությունը: Հանձնաժողովի առաջին կազմի բոլոր անդամների նշանակումից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, Հանձնաժողովն իր կազմից Հանձնաժողովի անդամի լիազորությունների ժամկետով ընտրում է Հանձնաժողովի նախագահ: Մինչեւ Հանձնաժողովի նախագահի ընտրվելը Հանձնաժողովի նախագահի լիազորություններն իրականացնում է Հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:
5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հանրային ծառայության մասին» 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի 8-րդ գլուխը:»:
Հոդված 10.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
08.10.2019
Երեւան
ՀՕ-180-Ն