Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Քաղաքացիական կացության ակտերի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 14.11.2019
Հոդված 1. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» 2004 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-9-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 13. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների համար նախատեսված պետական տուրքը եւ լրացուցիչ ծառայությունների վճարները

1. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների եւ դրանց հետ կապված այլ գործառույթների համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով եւ չափով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված լրացուցիչ ծառայությունների ցանկը, որոնց դիմաց գանձվող վճարներն ուղղվում են պետական բյուջե՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափերով:»:

Հոդված 2. Օրենքի 84-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գանձապետարանում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համար բացված արտաբյուջետային հաշվին առկա ՔԿԱԳ մարմինների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձված վճարներից գոյացած արտաբյուջետային միջոցները մուտքագրվում են պետական բյուջե՝ որպես ազատ մնացորդ:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն օրենքով սահմանված կարգով բացված արտաբյուջետային միջոցների հաշվին իրականացվող եւ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված արտաբյուջետային ծրագրերը, միջոցառումները, դրանց հետ կապված եկամուտները եւ ծախսերը համարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի համապատասխան ծրագրեր, միջոցառումներ, եկամուտներ եւ ծախսեր: Ընդ որում, սույն հոդվածով նախատեսված միջոցների հաշվին ծախսերը ֆինանսավորվում են բացառապես համապատասխան մուտքերի սահմաններում եւ դրանց հաշվին:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններն ընդունում են սույն օրենքից բխող այն ենթաօրենսդրական նորմատիվ ակտերը, որոնց ընդունումը սույն օրենքով վերապահված է այդ մարմիններին:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

03.12.2019
Երեւան
ՀՕ-234-Ն