Armenian      
Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 09.12.2019

Հոդված 1. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի 13-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 20.1-20.9-րդ մասերով.

«20.1. Եթե տրանսպորտային միջոցի սեփականատեր (լիզինգառու) հանդիսացող ֆիզիկական անձը չունի տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք կամ զրկված է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, կամ այդ իրավունքը կասեցված է, ապա պարտավոր է տրանսպորտային միջոցը հաշվառելիս ներկայացնել տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող միայն մեկ անձի տվյալները (անունը, ազգանունը, հանրային ծառայությունների համարանիշը կամ անձը հաստատող փաստաթղթի տվյալները, վարորդական վկայականի համարը), որ շահագործելու է այդ տրանսպորտային միջոցը:

20.2. Սույն հոդվածի 20.1-ին մասով նախատեսված դեպքում տրանսպորտային միջոցի հաշվառման գործողություն կատարելիս այն շահագործող անձի ներկայությունը եւ նրա անձնական տվյալները տրամադրելու վերաբերյալ գրավոր համաձայնությունը պարտադիր են: Շահագործող անձին գրավոր պարզաբանվում է, որ տվյալ տրանսպորտային միջոցով կատարված եւ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար կարող է կրել վարչական պատասխանատվություն: Շահագործող անձի կողմից իր անձնական տվյալները տրամադրելու վերաբերյալ համաձայնություն տալու եւ նրան գրավոր պարզաբանում տալու ձեւը սահմանվում է ոստիկանության պետի հրամանով:

20.3. Տրանսպորտային միջոցը շահագործող անձի տվյալները չհայտնելու դեպքում տրանսպորտային միջոցը չի հաշվառվում:

20.4. Տրանսպորտային միջոցը շահագործող անձի փոփոխության դեպքում սեփականատերը (լիզինգառուն) իրավունք ունի սույն հոդվածով սահմանված կարգով ներկայացնելու շահագործող այլ անձի տվյալներ:

20.5. Հաշվառված տրանսպորտային միջոցի սեփականատեր (լիզինգառու) հանդիսացող` տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված ֆիզիկական անձը (անհատ ձեռնարկատերը, իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի ղեկավարը) իրավունք ունի սույն հոդվածով սահմանված կարգով ներկայացնելու տրանսպորտային միջոցը շահագործող անձի տվյալները:

20.6. Եթե որպես տրանսպորտային միջոցը շահագործող անձ ներկայացվում են այլ պետությունում ստացած վարորդական վկայական ունեցող եւ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված օտարերկրացու տվյալներ, ապա տրանսպորտային միջոցը շահագործող օտարերկրացու ներկայությունը եւ նրա վարորդական վկայականը ներկայացնելը պարտադիր է:

20.7. Տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ մահվան դեպքում` մինչեւ տրանսպորտային միջոցի նկատմամբ նոր սեփականատիրոջ սեփականության իրավունքի պետական գրանցումը, որպես տրանսպորտային միջոցը շահագործող անձ է գրանցվում տրանսպորտային միջոցը փաստացի տիրապետող անձը, որը ներկայացնում է մահացած անձի տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը:

20.8. Տրանսպորտային միջոցը շահագործող անձի` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցնելու կամ այդ անձին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելու դեպքում ծանուցում է ուղարկվում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը (իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի ղեկավարին)` առաջարկելով ներկայացնել տրանսպորտային միջոցը շահագործող նոր անձի տվյալներ:

20.9. Ոստիկանությունը պարտավոր է ապահովել ինչպես սույն հոդվածով նախատեսված` տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (լիզինգառուի) (իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի ղեկավարի), այնպես էլ տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող սեփականատիրոջ (լիզինգառուի) (իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձի ղեկավարի) եւ տրանսպորտային միջոցը շահագործող անձի կամահայտնությունը էլեկտրոնային եղանակով ստանալու հնարավորություն, բացառությամբ սույն հոդվածի 20.1-ին մասով սահմանված` տրանսպորտային միջոցը հաշվառման ներկայացնելու եւ սույն հոդվածի 20.6-րդ եւ 20.7-րդ մասերով նախատեսված դեպքերի:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

26.12.2019
Երեւան
ՀՕ-303-Ն