ՕՐԵՆՔԸ
«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Փրկարար ծառայության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառներում խնդիրներ իրականացնող` Փրկարար ծառայության գործունեության հիմնական սկզբունքները եւ Փրկարար ծառայության` որպես պետական ծառայության առանձին տեսակի առանձնահատկությունները:»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 3. Փրկարար ծառայության գործունեության իրավական կարգավորումը
1. Փրկարար ծառայության գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով, «Հանրային ծառայության մասին» օրենքով, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով ու իրավական ակտերով:
2. Փրկարարական ծառայողների աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցերը, որոնք կարգավորված չեն սույն օրենքով, կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» եւ «Հանրային ծառայության մասին» օրենքներով:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավական ակտերով այդ հարաբերությունները կարգավորված չլինելու դեպքում դրանք կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:
4. Փրկարարական ծառայողների բարեվարքության համակարգի եւ այս իրավակարգավորումներից բխող այլ հարաբերություններ, որոնք պարտադիր են փրկարարական ծառայողների համար, կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով:»:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «գրասենյակը եւ» բառերը:
Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Փրկարար ծառայության հաստիքների առավելագույն քանակը որոշում է վարչապետը:
2. Փրկարար ծառայությունն իրականացվում է օրինականության, մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության եւ հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ` միանձնյա եւ կենտրոնացված ղեկավարման միջոցով:»:
Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը՝
ա. «համարվում» բառից հետո լրացնել «փրկարար ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող» բառերով,
բ. «զբաղեցնում է սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված որեւէ խմբի պաշտոն եւ» բառերը հանել:
Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 13. Փրկարար ծառայության պաշտոնների խմբերը եւ փրկարար ծառայության պաշտոնների անվանացանկը
1. Փրկարար ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի՝ ելնելով այդ պաշտոնները զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման եւ ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, գործունեության ազդեցության, շփումների եւ ներկայացուցչության, խնդիրների բարդության եւ դրանց լուծման, ինչպես նաեւ մասնագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների տեսանկյունից ներկայացվող պահանջներից:
2. Փրկարար ծառայության պաշտոնները դասակարգվում են հետեւյալ խմբերի.
ա) փրկարար ծառայության բարձրագույն պաշտոններ.
բ) փրկարար ծառայության գլխավոր պաշտոններ.
գ) փրկարար ծառայության ավագ պաշտոններ.
դ) փրկարար ծառայության միջին պաշտոններ.
ե) փրկարար ծառայության կրտսեր պաշտոն:
3. Փրկարար ծառայության պաշտոնների խմբերում պաշտոնների դասակարգումն իրականացվում է փրկարար ծառայության պաշտոնների անվանացանկով: Անվանացանկը հաստատում եւ (կամ) փոփոխում է համապատասխան նախարարը, եւ վարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով: Փրկարար ծառայության ղեկավարը եւ տեղակալները համարվում են պետական վարչական պաշտոն զբաղեցնող անձինք, որոնց պաշտոնները չեն ընդգրկվում փրկարար ծառայության պաշտոնների անվանացանկում:
4. Սույն օրենքով փրկարարական ծառայողի համար նախատեսված իրավունքները, պարտականությունները եւ սոցիալական երաշխիքները տարածվում են փրկարար ծառայության տնօրենի եւ նրա տեղակալների վրա, իսկ սույն օրենքով սահմանված այլ նորմերը փրկարար ծառայության տնօրենի եւ նրա տեղակալների վրա տարածվում են միայն սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում:
5. Փրկարար ծառայության տնօրենի եւ տնօրենի տեղակալի ծառայության ստաժը հաշվարկվում է փրկարար ծառայության ստաժում:
6. Պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոնների, քրեակատարողական եւ փրկարար ծառայությունների պաշտոնների միջեւ համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Փրկարար ծառայության տնօրենին եւ նրա տեղակալներին շնորհվում են փրկարար ծառայության գեներալ-լեյտենանտ եւ փրկարար ծառայության գեներալ-մայոր կոչումները:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Փրկարար ծառայության գեներալ-լեյտենանտ եւ գեներալ-մայոր կոչումները շնորհում է վարչապետը:»:
Հոդված 8. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, ինչպես նաեւ համապատասխան նախարարի կողմից ստեղծված ատեստացիոն հանձնաժողովի որոշման առկայության» բառերը:
Հոդված 9. Օրենքի 29-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «պահանջները» բառից հետո լրացնել «, մրցույթը» բառով.
2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Սույն օրենքով սահմանված կարգով փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն փրկարարական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի կամ այն քաղաքացիների, որոնք օրենքով նախատեսված կարգով եւ հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից), եւ դիմելու պահին չի լրացել վերջիններիս 35 տարին: Փրկարար ծառայության պաշտոնի անձնագիրը (աշխատատեղի նկարագիրը) փրկարար ծառայության իրավասությունը սահմանող իրավական ակտերից եւ խնդիրներից բխող փրկարարական ծառայողի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, շփումներն ու հաշվետվողականությունը նկարագրող եւ այդ գործառույթները արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ ու կոմպետենցիաներ նախատեսող, կառավարման համակարգում տեղակայվածությունը նախատեսող եւ սույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ է:».
3) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
4) 3-րդ մասի երկրորդ նախադասության «կառավարությունը» բառը փոխարինել «հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը» բառերով.
5) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Փրկարար ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում մրցույթին կարող են մասնակցել զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության լիազոր մարմինների ծառայողներ, այդ թվում` փրկարար ծառայությունից այլ մարմիններ տեղափոխված կամ ազատված ծառայողներ, եթե բավարարում են տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները:»:
6) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Փրկարար ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին, որը անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն եւ (կամ) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, եւ (կամ) առկա է «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որեւէ մեկը:».
7) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-8-րդ մասերով.
«6. Բացառությամբ սույն օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ եւ 8.1-ին մասերով սահմանված դեպքերի, մյուս փրկարարական ծառայողները ծառայության անցնում են մրցույթի արդյունքներով: Մրցույթի ժամանակ ստուգվում է մասնակցի մասնագիտական եւ ֆիզիկական պատրաստվածությունը: Մրցույթի անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:
7. Մրցույթին չեն կարող մասնակցել այն քաղաքացիները, որոնք չեն բավարարում սույն օրենքի 32-րդ եւ 63-րդ հոդվածների պահանջները:
8. Փրկարարական ծառայողների առաջխաղացումն իրականացվում է սույն օրենքով սահմանված մրցույթի արդյունքների հիման վրա:»:
Հոդված 10. Օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողների համար վարվում է ծառայողի անձնական գործ: Անձնական գործը վարելու կարգը եւ առանձնահատկությունները սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:»:
Հոդված 11. Օրենքի 32-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 32. Փրկարար ծառայությունում պաշտոնների նշանակելու պայմանները, փրկարար ծառայության պաշտոնի անձնագրի, կրթության եւ աշխատանքային ստաժի չափանիշները».
2) 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Փրկարար ծառայության ղեկավար նշանակվում է փրկարարական ծառայության այն ծառայողը, որը մինչեւ նշանակումը զբաղեցրել է փրկարար ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոն, փրկարարական ծառայության բարձրագույն կամ վերջին հինգ տարիներին` գլխավոր խմբի պաշտոն եւ ունի փրկարարական ծառայության գնդապետից ոչ ցածր կոչում կամ ունի բարձրագույն կրթություն եւ հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ ունի բարձրագույն կրթություն եւ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
2. Փրկարար ծառայության ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել փրկարարական ծառայության այն ծառայողը, որը նշանակման պահին զբաղեցնում է փրկարար ծառայության ղեկավարի պաշտոն, փրկարարական ծառայության բարձրագույն խմբի պաշտոն կամ վերջին հինգ տարին զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն եւ ունի փրկարարական ծառայության գնդապետից ոչ ցածր կոչում կամ ունի հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:»:
3) 2.1-ին, 3-րդ եւ 4-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2.1. Փրկարար ծառայության կենտրոնական ապարատի վարչության պետ կարող է նշանակվել փրկարարական ծառայության այն ծառայողը, որը նշանակման պահին զբաղեցնում է փրկարար ծառայության ղեկավարի կամ տեղակալի պաշտոն, բարձրագույն խմբի պաշտոն կամ մեկ տարի զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն եւ ունի փրկարար ծառայության փոխգնդապետից ոչ ցածր կոչում կամ ունի հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ ունի չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ: 3. Փրկարար ծառայության պաշտոնների համար կազմվում է պաշտոնի անձնագիր, որը «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը:
4. Փրկարարական ծառայության գլխավոր խմբի պաշտոններում կարող են նշանակվել այն ծառայողները, որոնք մինչեւ նշանակումը վերջին երկու տարում զբաղեցրել են փրկարարական ծառայության գլխավոր խմբի այլ պաշտոն կամ երեք տարի` ավագ խմբի պաշտոն եւ ունեն փրկարար ծառայության մայորից ոչ ցածր կոչում կամ ունեն հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ: Գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել նաեւ փրկարար ծառայության ղեկավարի կամ տեղակալի կամ բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցրած ծառայողը:».
4) 5-րդ մասից հանել «ատեստավորման արդյունքում՝» բառերը.
5) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
6) 7-րդ մասից հանել «համարվում են ատեստավորված եւ» բառերը.
7) 9-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«9. Փրկարար ծառայության պաշտոնի նշանակվելու համար դիմած եւ ծառայության պաշտոն զբաղեցնելու համար սույն հոդվածով սահմանված պահանջները բավարարող, առնվազն միջնակարգ կրթություն ունեցող (բացառությամբ քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներում ծառայության ընդունվողների) եւ աշխատանքային փորձ չունեցող քաղաքացիները մրցույթը հաղթահարելուց հետո մինչեւ պաշտոնի նշանակվելը լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում ներգրավվում են եռամսյա ուսումնական դասընթացների նրանց պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից: Ուսումնական դասընթացներ անցնող քաղաքացիները ծառայողներ չեն համարվում, եւ նրանց հետ կնքվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված ժամկետային (ուսումնական փորձաշրջանի ժամկետով) աշխատանքային պայմանագիր, եւ վճարվում է տվյալ պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափ: Ուսումնական դասընթացում ներգրավելու, դասընթաց անցնելու կարգը, պայմանները եւ դասընթացի ավարտից հետո պաշտոնի նշանակման կարգը սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:».
8) 10-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Նման քաղաքացիները մրցույթի արդյունքում պաշտոնի են նշանակվում հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի սահմանած կարգով եւ պայմաններով` լիազոր մարմնի ուսումնական հաստատություններում եռամսյա վերապատրաստում անցնելուց հետո:».
9) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.1-ին մասով.
«12.1. Պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում փրկարարական ծառայողի հետ պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է կողմերի համաձայնությամբ՝ սույն հոդվածի 12-րդ մասով սահմանված կարգով եւ ժամկետներով:»:
Հոդված 12. Օրենքի 33-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 33. Ծառայողների կատարողականի գնահատման կարգը
1. Փրկարարական ծառայողի կատարողականի գնահատման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:»:
Հոդված 13. Օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 14. Օրենքի 35-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 35. Ծառայողին նրա ցանկությամբ այլ պաշտոնի փոխադրելը, տեղափոխելը
1. Փրկարարական ծառայողի տեղափոխման, փոխադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով:
2. Փրկարարական ծառայողի տեղափոխում, փոխադրում իրականացվում է տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարվա ծառայությունից հետո:»:
Հոդված 15. Օրենքի 37-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 37. Ծառայողի իրավունքները
1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված հիմնական իրավունքներից բացի, փրկարարական ծառայողների հիմնական իրավունքներն են՝
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծառայողական քննություն պահանջելը` իր նկատմամբ անհիմն մեղադրանքների եւ կասկածանքների վերացման կամ իր նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու դեպքերում.
բ) առողջության պահպանումը.
գ) փրկարար ծառայության պաշտոնի եւ կոչումի՝ սահմանված կարգով բարձրացումը.
դ) նշանակման արդյունքները բողոքարկելը.
ե) արտակարգ իրավիճակի վայրում բնակելի եւ արտադրական տարածքներ ու կազմակերպություններ մուտք գործելը.
զ) մարդկանց փրկության եւ ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում կապի, տրանսպորտի եւ այլ նյութական միջոցներ օգտագործելը:»:
Հոդված 16. Օրենքի 38-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «Ծառայողի պարտականություններն են՝» բառերը փոխարինել «Հանրային ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված հիմնական պարտականություններից բացի, փրկարարական ծառայողի հիմնական պարտականություններն են՝» բառերով.
2) 1-ին մասի «ա», «գ», «դ», «ե» կետերը եւ 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 17. Օրենքի 39-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 39. Փրկարարական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները
1. Ի լրումն «Հանրային ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների՝ փրկարարական ծառայողն իրավունք չունի՝
1) լինելու ներկայացուցիչ դատարանում, բացառությամբ օրինական ներկայացուցիչ լինելու եւ ի պաշտոնե գործելու դեպքերի.
2) լինելու որեւէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվելու քաղաքական գործունեությամբ.
3) կազմակերպելու գործադուլներ կամ մասնակցելու դրանց:»:
Հոդված 18. Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասը «պաշտոններ» բառից հետո լրացնել «եւ պետական ծառայության պաշտոններ» բառերով:
Հոդված 19. Օրենքի 57-րդ հոդվածում՝
1) 1-4-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Փրկարարական ծառայողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված խրախուսանքի տեսակները: Փրկարարական ծառայողների նկատմամբ խրախուսանք կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը: Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով որոշ խրախուսանքի տեսակների կիրառման լիազորությունը կարող է պատվիրակվել փրկարար ծառայության տնօրենին:
2. Փրկարարական ծառայողների նկատմամբ կարող է կիրառվել նաեւ արտահերթ կոչման շնորհում խրախուսանքի տեսակը, որը փրկարարական ծառայողների նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել միայն մեկ անգամ:
3. Երկարամյա ծառայության եւ (կամ) ծառայողական պարտականությունները եւ (կամ) հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու համար փրկարարական ծառայողը պարգեւատրվում է մեդալով կամ կրծքանշանով:
4. Մեդալի եւ կրծքանշանի տեսակները, ձեւերը եւ շնորհման կարգը սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:».
2) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
3) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7. Lիազոր մարմնի ուսումնական հաստատություններում սովորողների նկատմամբ, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված շնորհակալության հայտարարում, դրամական պարգեւատրում եւ հուշանվերով պարգեւատրում խրախուսանքների տեսակներից բացի, լիազոր մարմնի ղեկավարը կիրառում է նաեւ խրախուսանքի հետեւյալ միջոցները.
ա) հատուկ կրթաթոշակի նշանակում,
բ) կրթաթոշակի բարձրացում:»:
Հոդված 20. Օրենքի 58-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով փրկարարական ծառայողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգապահական տույժերը: Փրկարարական ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել նաեւ կոչման իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը՝ ծառայության ամբողջ ընթացքում միայն մեկ անգամ:».
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում առկա ուսուցմամբ սովորողների նկատմամբ, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված նախազգուշացում եւ նկատողություն տույժերից բացի, կարող են կիրառվել նաեւ հետեւյալ տույժերը.
ա) հերթական արձակման իրավունքից զրկում.
բ) հատուկ կրթաթոշակից զրկում.
գ) ուսումնական հաստատությունից ազատում:»:
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ եւ 4-րդ մասերով.
«3. Փրկարարական ծառայողների նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է լիազոր մարմնի ղեկավարը: Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով որոշ կարգապահական տույժերի նշանակման լիազորություն կարող է պատվիրակվել փրկարար ծառայության տնօրենին:
4. Փրկարար ծառայության պաշտոնյաների նկատմամբ կարգապահական տույժեր կարող է կիրառել պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:»:
Հոդված 21. Օրենքի 59-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 59. Ծառայողական պարտականությունների կասեցումը».
2) 1- 12-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 22. Օրենքի 60-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 60. Ծառայողների էթիկայի հանձնաժողովը
1. Փրկարարական ծառայողների էթիկայի հանձնաժողովի ձեւավորման, գործունեության կարգը, վարքագծի կանոնները խախտելու եւ (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու եւ (կամ) շահերի բախման կանոնները, նվերներ ընդունելու արգելքը խախտելու, անհամատեղելիության պահանջները չպահպանելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:»:
Հոդված 23.
Օրենքի 61-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «բ» կետից հանել «հատուկ» բառը.
2) 1-ին մասի «զ» եւ «է» կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«զ) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» եւ «բ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքում կամ կոչման իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը եւ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված տույժերից որեւէ մեկը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու դեպքում.
է) «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում՝ համապատասխան եզրակացության հիման վրա.».
3) 1-ին մասի «ժբ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ժբ) երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում.»:
Հոդված 24. Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) «բ» կետից հանել «, եւ հաստիքների կրճատումը պայմանավորված է փրկարար ծառայության հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ» բառերը.
2) «դ» եւ «ե» կետերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 25. Օրենքի 64-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Փրկարար ծառայության կադրերի ռեզերվը վարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 26. Օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասը «պաշտոններ» բառից հետո լրացնել «եւ պետական ծառայության պաշտոններ» բառերով:
Հոդված 27.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված հոդվածների:
2. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին, 5-րդ եւ 7-րդ կետերը, 11-րդ հոդվածի 3-8-րդ կետերն ուժի մեջ են մտնում փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնելու մրցույթի կարգը սահմանելու մասին Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը: Փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնելու մրցույթի կարգը սահմանելու մասին Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
3. Սույն օրենքի 12-րդ եւ 13-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
07.02.2020
Երեւան
ՀՕ-19-Ն