Armenian   Russian    
Սահմանադրական դատարանի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.01.2020

Հոդված 1. «Սահմանադրական  դատարանի  մասին»  2018  թվականի  հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Սահմանադրական դատարանի աշխատակազմում առանձին պաշտոնների առանձնահատկություններից ելնելով՝ պաշտոնները զբաղեցվում են «Քաղաքացիական ծառայության մասին» եւ «Հանրային ծառայության մասին» օրենքներով սահմանված կարգով:

4. Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին պաշտոնի է նշանակում եւ պաշտոնից ազատում Սահմանադրական դատարանի նախագահը: Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը պետական վարչական պաշտոն է:»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ գլուխը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ԳԼՈՒԽ 9

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ

Հոդված 87. Ծառայության առանձնահատկությունները

1. Սահմանադրական դատարանի աշխատակազմում մասնագիտական գործունեությունը, բացառությամբ տեխնիկական սպասարկման գործառույթների հետ կապված աշխատանքային գործունեության, քաղաքացիական ծառայություն է: Աշխատակազմում համապատասխան հաստիքներ զբաղեցնող աշխատողները քաղաքացիական ծառայողներ են, իսկ դատավորի օգնականը՝ պետական հայեցողական պաշտոն զբաղեցնող: Դատավորի օգնականի անմիջական ղեկավարը համապատասխան դատավորն է:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

07.02.2020
Երեւան
ՀՕ-47-Ն