Armenian      
Քաղաքացիական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 06.03.2020

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 225.1-ին հոդվածում՝

1) 4-րդ մասը «տնօրինումից,» բառից հետո լրացնել «ներառյալ՝ դրանց արդյունքում ստացված պտուղների, արտադրանքի եւ եկամուտների վրա,» բառերով.

2) 6-րդ մասի երկրորդ նախադասությունը հանել.

3)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1 - 6.4-րդ մասերով.

«6.1. Ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրություն սահմանելիս պայմանագրում նշում է կատարվում ողջ գույքի կամ գույքի առանձին տեսակների կամ որեւէ հատկանիշով պայմանավորված գույքի խմբի մասին, որը հանդիսանալու է ապահովված իրավունքի առարկա: Ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրությունը պետք է համապատասխանի ապահովված իրավունքի առարկայի կազմում ընդգրկվող գույքի նկարագրությանը եւ հնարավորություն ընձեռի ողջամտորեն նույնականացնելու գույքը դրա նկատմամբ բռնագանձում տարածելու պահին:

6.2. Ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրությամբ պայմանագրում, ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրությունից բացի, պետք է նաեւ նշվի պայմանագրի կնքման պահին ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր արժեքը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Պայմանագրի գործողության ընթացքում ապահովված իրավունքի առարկայի կազմը կարող է փոփոխվել, ներառյալ՝ ապահովված իրավունքի առարկայի կազմում ընդգրկվող գույքը կարող է օտարվել պայմանագրով սահմանված՝ ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր արժեքը չնվազելու պայմանով, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի գրավոր համաձայնությամբ:

6.3. Ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրություն սահմանված լինելու դեպքում ապահովված իրավունքի առարկայի կազմում ընդգրկվող գույքն օտարելու պահից դադարում է լինել ապահովված իրավունքի առարկա, իսկ պայմանագրում նշված գույքի խմբին կամ գույքի տեսակներին պատկանող գույքը պայմանագրով սահմանված՝ ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր արժեքի սահմաններում դառնում է ապահովված իրավունքի առարկա, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

6.4. Ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրություն չի կարող սահմանվել ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված (սպառողների հետ կնքվող) պայմանագրերից բխող պարտավորությունների կատարման ապահովման համար կնքվող պայմանագրերում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կնքվելիք պայմանագրերի վրա:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

23.03.2020
Երեւան
ՀՕ-141-Ն