ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 182.3-րդ հոդվածում՝
1) 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8. Լրատվական գործունեություն իրականացնողի կողմից արտակարգ դրության ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին մասով.
«8.1. Սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված տույժին ենթարկվելուց հետո՝ մեկ օրվա ընթացքում, արտակարգ դրության ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնների խախտմամբ տարածված հրապարակումը չվերացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ մասով.
«10. Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով:».
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ մասով.
«11. Սույն հոդվածի 10-րդ մասի իմաստով մեկուսացում է համարվում անձանց, այդ թվում` հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումը դրա համար նախատեսված որոշակի տարածքում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու եւ վարակի տարածումը կանխելու նպատակով:
Սույն հոդվածի 10-րդ մասի իմաստով ինքնամեկուսացում է համարվում անձանց, այդ թվում` հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումն իրենց մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու եւ վարակի տարածումը կանխելու նպատակով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո` անմիջապես:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
24.03.2020
Երեւան
ՀՕ-144-Ն