Armenian      
Քաղաքացիական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 06.03.2020

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 31-րդ գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ պարագրաֆով.

««7. ՌԵՊՈ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Հոդված 570.2. Ռեպո պայմանագիրը

1. Ռեպո պայմանագրով կողմերից մեկը՝ վաճառողը, պարտավորվում է մյուս կողմին՝ գնորդին, պայմանագրով սահմանված ժամկետում որպես սեփականություն փոխանցել արժեթղթեր, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ արժեթղթերը եւ վճարել դրանց դիմաց պայմանագրով սահմանված որոշակի գումար, այնուհետեւ պայմանագրով սահմանված ժամկետում վաճառողին հետ վաճառել ձեռք բերված արժեթղթերին համարժեք արժեթղթեր, վաճառողն էլ պարտավոր է ընդունել այդ արժեթղթերը եւ վճարել դրանց դիմաց պայմանագրով սահմանված որոշակի գումար:

2. Սույն գլխի իմաստով արժեթղթերը համարվում են համարժեք, եթե թողարկվել են միեւնույն թողարկողի կողմից, միեւնույն թողարկման մաս են կազմում, ունեն նույն տեսակը, անվանական արժեքը, բնութագրիչ հատկանիշները եւ նույն քանակի կամ ծավալի են, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

3. Սույն գլխի 1-ին պարագրաֆով սահմանված կանոնները տարածվում են ռեպո պայմանագրերի վրա, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի միջեւ կնքված պայմանագրով, եւ եթե դա չի հակասում սույն պարագրաֆի դրույթներին կամ ռեպո պայմանագրի էությանը:
4. Ռեպո պայմանագիրը «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով չի հանդիսանում ածանցյալ ֆինանսական գործարք:

5. Ռեպո պայմանագիրը կնքվում է գրավոր: Գրավոր ձեւը չպահպանելը հանգեցնում է ռեպո պայմանագրի անվավերության:

Հոդված 570.3. Ռեպո պայմանագրի պայմանները

1. Ռեպո պայմանագրով կարող է նախատեսվել, որ գնորդը պարտավոր է պայմանագրի գործողության ընթացքում արժեթղթերի դիմաց թողարկողի կողմից վճարվող եկամուտներին, մասնավորապես պարտատոմսերի դիմաց վճարվող տոկոսներին, մարումներին եւ նմանատիպ այլ վճարումներին համարժեք գումար փոխանցել վաճառողին:

2. Ռեպո պայմանագրով կարող է նախատեսվել ռեպո պայմանագրով վաճառված արժեթղթերի շուկայական գնի տատանման հետեւանքով հավելյալ ռիսկ ստանձնած կողմի իրավունքն իր ռիսկը ծածկելու նպատակով պահանջելու մյուս կողմից իրեն որպես սեփականություն հանձնել արժեթղթեր կամ դրամական միջոցներ՝ միաժամանակ ստանձնելով դրանք կամ դրանց համարժեքը վերադարձնելու պարտականություն (մարժային փոխանցումներ): Լրացուցիչ արժեթղթերը կամ դրամական միջոցներն ստանալու եւ (կամ) դրանց համարժեքը վերադարձնելու կարգը, ժամկետները եւ դրանց հետ կապված այլ հարցեր կարգավորվում են պայմանագրով: Կողմերը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կանոնները կարող են կիրառել մարժային փոխանցումների ժամանակ:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված վճարումները չեն համարվում նվիրատվություն:

4. Որպես մարժային փոխանցում տրամադրվող դրամական միջոցների վրա կարող են հաշվեգրվել տոկոսներ:

5. Այն դեպքերում, երբ ռեպո պայմանագրով վաճառված կամ որպես մարժային փոխանցում տրամադրված արժեթուղթը մարվում է նախքան պայմանագրով սահմանված դրա համարժեքը վերադարձնելը, ապա հետ վաճառքի ժամանակ համարժեք արժեթղթի փոխարեն վերադարձվում են մարման գումարները, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

20.03.2020
Երեւան
ՀՕ-134-Ն